Լրահոս
Օրվա լրահոսը

Անիում նոր ընտրություններ կնշանակվե՞ն․ քաղաքական ուժերն առայժմ հրաժարվում են կոալիցիա կազմել

Հոկտեմբեր 05,2022 21:21

Վաղը թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նիստ կհրավիրվի ու  հանդիսավորությամբ կհանձնեն Անիի ավագանու նորընտիր անդամների մանդատները։

Նրանք թվով  147-ն են՝ 49 կին և 98 տղամարդ։ Նրանցից ոչ մեկն ինքնաբացարկ չի հայտնել․ այսօր մինչև 16․00-ն ժամանակ կար ինքնաբացարկի։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Նա նաև ասաց, որ հանձնաժողովականները ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից հետաքրքրվել են կոալիցիա կազմելու մասին, սակայն երեք քաղաքական ուժն էլ այս պահի դրությամբ հրաժարվում է այդ մտքից։

Եթե մանդատները ստանալուց հետո էլ քաղաքական ուժերը համառեն ու համաձայնության չգան  կոալիցիոն իշխանություն ձևավորելու հարցում, ապա Անիի ՏԻՄ ընտրությունները կչեղարկվեն ու 6  ամիս անց նոր ընտրություններ կնշանակվեն։

Այնտեղ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել․ 10 մանդատ ստացած  «Ազգ֊համայնք» դաշինքը և 8 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիա երբեք չեն կազմի, այս մասին ՔՊ-ն վաղուց է հայտարարել։ Այս քաղաքական ուժերից և ոչ մեկը ձայների կեսից ավելին չի ստացել, ինչը նշանակում է, որ միանձնյա չեն կարող ստանձնել Անիի տեղական իշխանությունը։

Իսկ 3 մանդատ ստացած նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության դիրքորոշումը մնում է անփոփոխ, իրենց կոալիցիա կազմելու առաջարկ անող ուժերը պիտի համակերպվեն այն մտքի հետ, որ համայնքապետի թեկնածուն լինելու է «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Ազգ֊համայնք» դաշինքը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորում է «Հայ փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը, իսկ «Հայկական երազանք» կուսակցությունը Անիի ավագանու անդամ, արցախյան պատերազմներին կամավոր մասնակցած Ագուն Սաղաթելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31