«Գյուղացին չի աշխատում։ Եթե հողը կա, հողից դուրս եկող ապրանքը եթե առաջին պահին չվաճառի, վերամշակողն է ձեռք բերում։ Եթե մտածի չորացնել, կամ միրգ, չգիտեմ․․․կարող է մեծ գումարներ վաստակել։ Այսօր մենք գիտենք, որ մի քանի տասնյակ միլիարդ կարելի է հողից ստանալ, բայց չի ստացվում, որովհետեւ չգիտեմ․․․չենք կարողանում իրենց կրթել, քարոզել, համոզել, ստիպել, ի՞նչն է պատճառը»,- ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում «ՀՀ պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Կարո՞ղ է նպաստ տալն է պատճառը։ Թող հասարակությունն էլ լսի՝ ՀՀ հողը, ջուրն ու արեւը տասնյակ միլիարդների արտադրանք են տալիս, որն այս պահին պահանջարկ ունի ամեն րոպե։ Ասում ենք, որ այսինչ մարզերում մարդիկ թերի են սնվում։ Եթե մարդիկ չեն կարողանում արտադրել, սնվել, ինչի՞ մասին է խոսքը։ Ինչ-որ բան խառնել ենք։ Այդ նպաստների ինստիտուտն էլ պետք է հասկանանք, ինչի՞ ենք տալիս, մարդը պետք է աշխատի, մի բան ստեղծի։ Այդքան հող կա անտեր, որից միլիարդներ չենք ստանում»,-համոզմունք հայտնեց Խաչատուր Սուքիասյանը։
Քննարկմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հարցադրումների բովանդակության հետ համաձայնեց․ «Այն, ինչ ունի ՀՀ-ն, մրցակցային առավելություն է ստեղծում գյուղատնտեսության ոլորտում աշխատելու համար։ Թերսնումների հիմնական խնդիրը նրանում է, որ մարդկությունը տեղյակ չէ, թե որն է ճիշտ սնվելը։ Օրինակ՝ կարտոֆիլի եւ հացաբուլկեղենի սպառումը սննդակարգում 30-33% է, ինչն արդեն իսկ խնդիր է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































