«Վերջին երկու ամսում Բագրատաշենից մինչեւ Լարսի անցակետ բեռնատարներն անցնում էին միջինում 25-30 օրում, ինչի պատճառով լրացուցիչ ծախսեր են առաջացել։ Հատուկ գյուղմթերքների պահպանման ընդհանուր ժամկետը 25-30 օր է, իսկ որոշների դեպքում արտահանումն անհնար է դարձել»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում «ՀՀ պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նրա խոսքով՝ արդեն կան որոշակի վերլուծություններ, թե գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ինչ վնասներ են կրել, բայց 2022թ․ դեկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ-ից դուրս է եկել 2033 բեռնատար, իսկ ԵՏՄ սահմանն անցել են 2800 բեռնատարներ․ «Բարձրացել է թողունակությունը, նվազել՝ հերթում կանգնածների թիվը։ Իսկ այսօրվա դրությամբ Վրաստանի տարածքում հերթի մեջ դեռ սպասում է 1700 բեռնատար։ Մեր տվյալներով՝ դուրս եկած բեռները մինչեւ հինգ օրում հասնում են ՀՀ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































