Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը հեռանում է իր ողջ թիմով․ հրաժարական է ներկայացրել նաև փոխմարզպետը․ հայտնի է նոր մարզպետի անունը

Հունվար 25,2023 21:21

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նազելի Բաղդասարյանը պաշտոնավարեց շատ կարճ՝ մեկ տարի երկու ամիս։ Նշենք, որ նա մարզը ղեկավարեց անցնցում՝ առանց ավելորդ, սկանդալային միջադեպերի, իր լիազորությունների հստակ պահպանմամբ։

Թե ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց ու ինչ նոր պաշտոնի է նշանակվելու, այս հարցի պատասխանը շիրակցիները չունեն․ կան ենթադրություններ, որ Նազելի Բաղդասարյանը միգուցե ՄԻՊ նշանակվի․ նա մասնագիտությամբ իրավաբան է, ՄԻՊ-ի պաշտոնն էլ թափուր է․ Քրիստինե Գրիգորյանը հեռացել է։ Սակայն սրանք սոսկ խոսակցություններ են, գուցե և ցանկություններ։

Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ։ Նա երկար տարիներ եղել էր Շիրակի մարզի մաքսատան ղեկավար, նրա անունը կապվում էր այսպես ասած նախկինների հետ։ Նշենք, որ նա կառավարման հմուտ փորձ ունի, գեներալ Աշոտ Գիզրիրյանի մտերիմ, հավատարիմ ընկերներից է։

Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։ Խորհրդականները երկուսն են՝ ՇՊՀ-ի դասախոս, «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, օգնականները ևս երկուսն են՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։

Շիրակի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից այս պահին մնացել է միայն փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը։

ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը, նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, քաջածանոթ է մարզպետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատանքային առանձնահատկություններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031