Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Տաթև Վարդանյան

Փետրվար 25,2023 13:05

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց

Հ. Շիրազ

Բարև, Արցա՜խ… Գիտե՞ս՝ մենք ուղիղ հասակակիցներ են: Ես ծնվեցի 91-ի գարնանը՝ հայերի համար սրբավայր համարվող Էջմիածին քաղաքում, իսկ դու՝ աշնանը՝ նոր հայկական անկախ սրբավայր դառնալու հեռանկարով: Երբ ես ծնվեցի, ինձ շրջապատել էին սիրով ու ջերմությամբ, երբ դու ծնվեցիր, քեզ շրջապատել էին թշնամու զորքերն ու տանկերը: Իմ մանկությունն անցավ փայտով վառվող տաք վառարանի կողքին՝ մի սալիկ շոկոլադը տասը փոքրիկների մեջ բաժանելով: Քո մանկությունն անցավ ցավի ու պայքարի համով խոտաբույսերով թեյ խմելով: Երբ տասը տարեկան էինք, մենք առաջին անգամ հանդիպեցինք: Դու ինձ միանգամից ու առանց վարանելու այնքան ջերմ ու գրկաբաց ընդունեցիր, ինչպես ընդունում են ամենահարազատին, ամենամտերիմին: Դու դարձար իմը, իմ մի մասնիկն այն վստահությամբ, որը հնարավոր է միայն այդ տարիքում: Ես ոչինչ չգիտեի «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի» կամ «բանակցային սկզբունքների» մասին: Ես միայն գիտեի, որ մենք հաղթել ենք պատերազմում ու քեզ ազատագրել ենք, որովհետև դու մերն ես: Ես փոքրուց մեր տանը լսում էի, որ մենք պետք է մեր հայրենիքը տեսնենք, որ սիրենք, ճանաչենք, որ սիրենք: Ու ես գալիս էի քեզ մոտ իմ մանկական աչքերով քեզ ճանաչելու, որ սիրեմ: Ու ես քեզ սիրեցի, սկզբում մանկական ամենաանկեղծ հիացմունքով ու ակնածանքով լի սիրով, հետո՝ ավելի ուշ, գիտակից, հանդարտ, ներշնչանքով լի սիրով: Երբեք չէի փորձում բառերով բացատրել իմ սերը, մինչև 2020 նոյեմբերի 9-ը, երբ իմ անսահման սերն ինձ ջախջախեց ու ինձ անպետք ու անօգուտ լինելու զգացողությամբ պատեց: Անկարողության ճահիճում չխեղդվելու համար, որոշեցի գրել՝

Ի՜մ անսահման սիրելու հայրենիք,

Դու ինձ պետք ես, որ ես լինեմ ես: Ես քեզ պետք եմ, որ բուժեմ վերքերդ: Երբ քո 75%-ն ինձնից խլեցին, ու դու դարձար ավելի վիրավոր, ես քեզ սկսեցի ավելի շատ սիրել: Սերս «թարգմանեցի» գործողությունների ու սկսեցի ավելի շատ աշխատել, սովորել, ինքնակրթվել, ապրել

Ի՜մ անասելի սիրուն հայրենիք,

Դու ինձ պետք ես, որ ես ներշնչվեմ ապրել: Ես քեզ պետք եմ, որ ապրես դու: Երբ արտաքին թշնամին քո ներսում կրակ էր բացել, քեզ գերի էր վերցնում, իսկ ներքին թշնամին հոխորտում էր ատելություն, անադեկվատություն ու անտրամաբանություն, ես, միևնույն է, հավատում էի, որ ամեն ինչ լավ է լինելու. ես պատրաստ եմ անել իմ կողմից հասանելի ամեն ինչը, որ քեզ համար լավ լինի:

Ի՜մ անուղղելի դժբախտ հայրենիք,

Դու ինձ պետք ես հիմա ու պետք ես լինելու միշտ: Բայց չգիտեմ ես արդյո՞ք քեզ պետք եմ այսուհետ: Չէ՞ որ քո ներսում ապրողների կեսը քո մարգարիտները փռեց Աբովյանի դիահերձարանի գետնին՝ փտելու:

Սա գրելուցս երկու տարի է անցել, ու հիմա դու պաշարված ես՝ չհանձնվելու հստակ տրամադրվածությամբ: Քո Վերածննդի հրապարակում մի քանի ամիս առաջ հավաքվել էին մոտ 120 հազար ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, քո ֆիզիկական գոյության համար պայքարելն աշխարհին ցույց տալու: Զուգահեռ՝ Երևանի Ազատության հրապարակում, նույն պահին հավաքվել էինք սատարելու ՔԵԶ, մարդկանց թիվը ցավեցնելու չափ քիչ էր…

Ես օրեր շարունակ զրուցում եմ քեզ հետ ու չեմ կարողանում իմ հարցերի պատասխանները գտնել: Չգիտեմ՝ որտեղից է գալիս մեր անտարբերությունը քո հանդեպ, չգիտեմ՝ էլ ի՞նչ պատժի ենք մենք արժանի այս անտարբերության համար: Չգիտեմ՝ ի՞նչ ենք մենք անելու, որ մեր երեխաներն արժանի լինեն քեզ ունենալուն, քեզ սիրելուն: Չգիտեմ՝ ո՞նց ենք մենք քավելու մեր մեղքերը մեր վատնված հայրենիքի առաջ: Չգիտեմ՝ ո՞նց ենք մենք ուրախ սեղաններին խմում քեզ ու մեզ համար կյանք տվածների, քեզ ու մեզ համար կյանքը վտանգածների կենացն ու շարունակում մեր ուրախ գոյությունը: Չգիտեմ՝ ի՞նչն է ավելի ցավեցնող. քեզ կորցնե՞լը, թե՞ դրան անտարբեր հետևող մարդիկ: Ես իմ մտքերում անընդհատ զրուցում եմ քեզ հետ ու փորձում եմ այս տանջալից հարցերի պատասխանները գտնել:

Երբեմն ինձ թվում է՝ մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում… Իրար հետ կապ չունեցող, իրար հակասող իրականություններում։ Մի կողմում քեզ համար մենք գիտակցաբար ամենաթանկն ենք տալիս՝ մեր կյանքը։ Մենք զոհվում ենք, որ դու լինես, մենք մեր ձեռքերն ու ոտքերն են կորցնում, որ դու լինես, մենք մեր սիրտն ենք դնում զոհասեղանին, որ դու լինի։ Մենք ապրում ենք, որ դու լինես, մենք ամեն օր, ամեն ժամ արարում ու ստեղծում ենք, որ դու լինես։ Մենք առանց հանձնվելու տարբերակի պայքարում ենք, որ դու լինես։

Մյուս կողմում դարձյալ մենք, բայց ուրիշ, անհասկանալի, անըմբռնելի մենք, քեզ չենք հանդուրժում, քո լինելը չենք կարողանում հասկանալ, քո տեղը չենք ընկալում։ Մենք պիտակավորում ենք քեզ՝ առանց գիտակցելու, որ մեզ պիտակավորեցինք։ Մենք ասում ենք՝ դու ու քեզ հետ կապված ոչինչ մեզ պետք չէ՝ առանց գիտակցելու, որ մեր սեփական գոյության ակունքներից ամենակարևորն ենք հերքում։

Երկու կողմն էլ մենք ենք. ապիկար ու անձնվեր, անտարբեր ու սրտացավ, անհայրենիք ու պայքարող, անկիրթ ու չհանձնվող, թալանող ու շենացնող, եսասեր ու երախտապարտ, ուրացող ու անկեղծ, դաժան ու լուսավոր… Ինքներս մեզ ուղղված տասնամյակների այս պայքարի մեջ միակ հաստատուն բանը մեր՝ երբեք չընդհատվող կորուստների շղթան է։ Մենք հենց մեր աչքերի առաջ կորցնում ենք քեզ, կորցնում ենք Հայաստանը, կորցնում ենք հայկականը։ Մենք ինքներս մեզ ենք կորցնում: Կորցնում ենք, որովհետև սխալվել ենք:

Վերջերս կարդացածս գրքերից մեկում ասում էր. «Ձեր սխալները դրե՛ք սեղանին»: Մենք անսահման ջանք ենք թափում մեր գործած սխալները թաքցնելու ու աշխարհին իդեալական թվալու համար: Բայց սխալներն են մեզ գեղեցկացնում, ձախողումներն են մեզ խորություն տալիս, բացթողումներն են մեզ «սահմանում»: Խոստովանելն ինքդ քեզ կամ դիմացինին, որ սխալվել ես, նշանակում է քեզ ու դիմացինին հնարավորություն տալ ազատ լինելու: Սխալների հետ անկեղծ լինելն ու առհասարակ, անկեղծ լինելն ազատության ամենաուժեղ դրսևորումն է: Երբ սեփական սխալներն ու թերություններն ընդունելու պատրաստակամություն ունես, դա առնվազն զինաթափող է: Ու ես հիմա խոստովանում եմ…

Դու իմ սերն ես, Արցա՜խ, բայց նաև իմ մեծագույն սխալների արտացոլանքը: Դու իմ սերն ես, Արցա՜խ, բայց ես քեզ կդարձնեմ իմ հավատքը: Դու իմ սերն ես, Արցա՜խ, բայց ես քեզ կվերածեմ իմ հույսի: Դու իմ սերն ես, Արցա՜խ, բայց ես ուզում եմ, որ դու դառնաս իմ քարոզն՝ ամենուր: Դու իմ սերն ես, Արցա՜խ, ու հանուն քեզ զոհվածների, վիրավորում ստացածների, անհետ կորածների, հետ վերադարձածների, ես ուզում եմ, որ դու դառնաս իմ կյանքի փարոսը․․․

Տաթև ՎԱՐԴԱՆՅԱՆ

14.02.2023թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728