Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվել Կապանի բժշկական կենտրոնում

Փետրվար 28,2023 19:20

Փետրվարի 25-ի լուսադեմին, ժամը 4.30-5.00-ի սահմաններում, արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Aravot.am-ի տեղեկություններով՝ Կապանի բնակչուհիներից մեկն առողջական խնդիրներ է ունեցել եւ փորձել զանգահարել շտապ օգնություն։ Նա տանը մենակ էր եւ ահազանգում է հարազատներին, որ իրենք էլ փորձեն։ Ըստ մեր աղբյուրի՝ հաջողվում է կապ հաստատել Երեւանի հետ, որտեղից նույնպես պատասխանում են, որ Կապանի բժշկական կենտրոնի հետ չեն կարողանում կապ հաստատել։ Ի վերջո, քաղաքացուհուն բարեկամներից մեկի ավտոմեքենայով հասցնում են հիվանդանոց։ Բժիշկներն անմիջապես բուժօգնություն են ցույց տալիս կնոջը։ Վերջինիս հարազատները, թերեւս անհանգստացած նրա առողջական վիճակից, աղմուկ-աղաղակ են բարձրացնում, վիճաբանում բուժաշխատողների հետ։

Հետագայում պարզվեց, որ բժշկական կենտրոնում ինտերնետ չկար, ինչի պատճառով էլ չէր ստացվում կապ հաստատել շտապ օգնության ծառայության հետ։

Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանին։ «Բուժառուն ունեցել է երիկամային խիթ, ավելի պարզ եթե ասեմ՝ երիկամի քարը տեղաշարժվել էր։ Ընդունարանի բժիշկներն անմիջապես օգնություն ցուցաբերեցին հիվանդանոց բերած հիվանդին,- մեր հեռախոսազրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։ Վերջինիս պատմելով, մինչ բժիշկները օգնություն էին ցույց տալիս, հիվանդի ուղեկցողներից չորս-հինգ հոգի մտել են շտապ օգնության բաժանմունք։ Նրանց ընդառաջ է եկել վարորդներից մեկը։ «Ագրեսիվ տոնով՝ վարորդին հարցրին, թե ինչո՞ւ չեն պատասխանում զանգերին, վերջինս պատասխանեց՝ զանգ չեն ստացել։ Սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տալը, հետո ոտքերով խփեցին վարորդին, կանչեցին դուրս՝ երեւի հաշվեհարդարի»,-ասում է գլխավոր բժիշկը։

Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը

Տեսնելով այդ վիճակը, բուժաշխատողները սեղմում են արագ արձագանքման կոճակը, որպեսզի պահակային ծառայության աշխատակիցները հասնեն։ «Մինչ նրանց գալը, այդ մարդիկ հարձակվում են բժիշկներից մեկի վրա, հարվածում նրա գլխին։ Չեմ կարող ասել՝ ինչ վիճակում էին այդ հարձակվողները՝ ալկոհոլի ազդեցության տակ էին, թե չէ, սակայն, բուժաշխատողներից ոչ մեկը պրովոկացիայի չենթարկվեց»,-ասաց Ասատուր Ասատրյանը։

Ինչ վերաբերում է զանգերի կենտրոնին, ապա ինտերնետի հասանելիության ապահովումը կապ չունի բժշկական կենտրոնի հետ։ «Խափանումներ պարբերաբար լինում են, ահազանգում ենք կենտրոն՝ կարգավորում են։ Այս պահին կապը վերականգնվել է, զանգերի կենտրոնը բնականոն աշխատում է»,-ասաց Կապանի բժշկական կենտրոնի տնօրենը։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն, հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին եւ շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 եւ 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել եւ ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին»,նշված է հաղորդագրության մեջ:

Aravot.am-ը հետեւում է այս դեպքի զարգացումներին եւ առաջիկայում կներկայացնենք նոր մանրամասներ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728