Լրահոս
Օրվա լրահոսը

Չինուհին ամենուր է բարձրաձայնում իրեն աջակցություն եւ հնարավորություն ընձեռած երեք մեծանուն երաժիշտների անունները

Մարտ 23,2023 13:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումները։ Այլ ստեղծագործությունների թվում հնչեց Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը, առաջին անգամ Հայաստան այցելած չինացի ճանաչված երաժիշտ Ջինգ Ժաոյի մեկնաբանմամբ։ Ֆրանսիացի կոմպոզիտորի այս ստեղծագործությունը դասվում է թավջութակի համաշխարհային գրականության ամենատարածված գործերի թվին, որտեղ վարպետորեն են օգտագործված գործիքի հնարավորությունները։ Գունեղ է գործիքավորումը, որի մեծ վարպետն էր Սեն-Սանսը։ Ելույթից անմիջապես հետո մեզ ժամանակ տրամադրեց թավջութակահարուհին։ Լորին Մաազել, Սեյջի Օզավա, Ռիկարդո Մուտի, Անդրիս Նելսընս, Մյունգ-Վուն Չունգ, Յուրի Բաշմետ… հռչակավոր դիրիժորների թվարկումը կարելի է շարունակել, որոնց հետ համագործակցել է Ջինգ Ժաոն։

Ջինգ Ժաոն երեւանյան բեմում:

Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք, թե ով ում գտավ՝ մաեստրո Թոփչյա՞նն իրեն, թե՞ հակառակը։ «Նախ՝ տպավորված եմ հայաստանյան նվագախմբի բարձր կատարողականով, որում, միանշանակ, դերակատարում ունի մաեստրո Թոփչյանը։ 2012 թվականն էր, երբ ճանաչված թավջութակահար, իմ հիանալի բարեկամ Ալեքսանդր Չաուշյանի կողմից հրավեր ստացա մասնակցելու Կիպրոսում նրա հիմնադրած կամերային երաժշտության փառատոնին։ Եվ կարելի է ասել հենց այդ թվականից էլ, իհարկե՝ Ալեքսանդրի օգնությամբ, սկսեցի ուսումնասիրել հայ կոմպոզիտորների արվեստը։ Ձեր ֆիլհարմոնիկի ելույթներին ծանոթ եմ համացանցից։ Մի կարեւոր հանգամանք շեշտեմ. այն երկերը, որոնք լսել եմ, ինձ հնարավորություն տվեցին գաղափար կազմել ձեր նվագախմբի՝ ականջին այնքան հաճելի հնչողության մասին։ Մոռացա նշել, որ Ալեքսանդրի հետ միասին սովորել ենք Գերմանիայում, պրոֆեսոր Դավիդ Գերինգասի ղեկավարությամբ։ Այս պահին դեռ ելույթիս տպավորության տակ եմ, մտքումս դեռ Սեն-Սանս է հնչում, կներեք, որ մտքերս ցաքուցրիվ արտահայտեմ։ Ելույթներ եմ ունեցել հայտնի նվագախմբերի հետ, այդ թվում՝ Ճապոնիայի, Սեուլի ֆիլհարմոնիկ, մի շարք այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ եւ հիմա իսկապես ուրախ եմ, որ իմ նվագախմբերի ու դիրիժորների ցանկը համալրեց Հայաստանի ֆիլհարմոնիկը»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Թավջութակահարուհին Մստիսլավ Ռոստրոպովիչի եւ Սեյջի Օզավայի հետ:

Դիտարկմանը՝ հարցազրույցներում դուք մշտապես բարձրաձայնում եք աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, դիրիժոր Սեյջի Օզավան, դաշնակահար Մարթա Արգերիխը, կարելի է ենթադրել, որ ձեր բախտը բերել է, հենց թեկուզ նման երաժիշտների հետ շփվելու առումով, Ջինգ Ժաոն պատասխանեց. «Ընդամենը 17 տարեկան էի, երբ հանդիպեցի Ռոստրոպովիչին՝ մաեստրո Օզավայի միջոցով։ Նա ինձ աջակցություն ցուցաբերեց Բեռլին տեղափոխվելու, Կարայան ակադեմիա ընդունվելու համար։ Այստեղ ես անհատական դասեր ստացա եւ Յո Յո Մայից, եւ Ռոստրոպովիչից։ Իսկ Ռոստրոպովիչը հնարավորություն ընձեռեց ընդունվել Բեռլինի երաժշտանոց, հենց Դավիդ Գերինգասի դասարան։ Ինչ վերաբերում է դաշնակահար Մարթա Արգերիխի հետ ծանոթությանը, որը վերաճեց մտերմության, կայացավ Մարթայի դստեր շնորհիվ։ Ի դեպ, դա 2010 թվականն էր, Չաուշյանի ղեկավարությամբ անցկացվող փառատոնի ժամանակ։ Նա հավանաբար ինձ դեմքով գիտեր, ելույթիցս հետո մոտեցավ ու ասաց՝ դուք կհամագործակցե՞ք մայրիկիս հետ… Կարելի է պատկերացնել հուզմունքս։ Ընդամենը մեկ ամիս հետո կայացավ մեր հանդիպումը, հետո արդեն ելույթներ տարբեր փառատոներում, ձայնագրություններ…»։

Մարթա Արգերիխի հետ:

Երաժշտին տեղեկացրինք, որ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում է սովորել անվանի թավջութակահար Մեդեա Աբրահամյանը եւ քանի որ ինքը Երեւանում անցկացրել է նաեւ վարպետության դաս, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի մեր պատանի թավջութակահարների մասին։ Ջինգ Ժաոն ժպտալով ասաց, թե ցանկացած դպրոցի մասին կարելի է կարծիք կազմել լսելով ընդամենը այդ դպրոցի մեկ ներկայացուցչի. «Թավջութակի ձեր դպրոցի մեկ փայլուն ներկայացուցչի հետ տարիներ շարունակ համագործակցում եմ։ Նշեցի, որ նա իմ բարեկամ Ալեքսանդր Չաուշյանն է»։ Տեղեկացնենք նաեւ, որ չինացի թավջութակահարուհին նաեւ պահանջված կամերային երաժիշտ է եւ համագործակցել է հանրաճանաչ արտիստների հետ, այդ թվում՝ Բորիս Բերեզովսկի, Կոնստանտին Լիֆշից,  Դայշին Կաշիմոտո, Էմանուել Պայու, Թրեվր Թինոք եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031