Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույցում մատնանշված են իրական խնդիրներ

Մարտ 24,2023 10:00

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ 2022 թվականի իր զեկույցը, որտեղ անդրադարձել է 200 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, առկա վիճակին:

Հայաստանի վերաբերյալ հատվածը, պետք է ասել, ավելի քննադատական է, քան անցած տարիներին: Նշվում են «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը»: Ես չգիտեմ, թե ինչ չափանիշներով են առաջնորդվում զեկույցի հեղինակները, բայց խոսքի ազատության առումով ինձ, օրինակ, կասկածելի կթվար, որ իշխանավորներն, ի պատասխան լրատվամիջոցների քննադատությանը, «կոմպրոմատներ» են հավաքում հենց լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ: Ինձ թվում է, դա խոսքի ազատության վարկանիշային ցուցակներում բարձր տեղ զբաղեցնելու լավագույն ճանապարհը չի: Ուրիշ հարց, որ մեր իշխանությանն այնքան էլ չի հետաքրքրում վարկանիշը կամ նման զեկույցները. իրենց ողջ գործունեությունն ուղղված է ներքին հասարակական կարծիք ստեղծելու վրա, որի համար միանգամայն կիրառելի են «կոմպրոմատներն» ու «ֆեյքերի բրիգադները»:

Պետքարտուղարությունը նաեւ նշում է, որ «երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաեւ պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման եւ կասկածելի բիզնես գործունեության մասին»։

Այստեղ առանցքային բառը «ժառանգությունն» է: Բովանդակային առումով, այո, այսօրվա կոռուպցիոներները «նախկինների» ժառանգներն են: Ձեւի տեսակետից, այլեւս չկա այն կոռուպցիան, որն առկա էր մինչեւ 2018 թվականը, երբ որեւէ մեծ կամ փոքր «շեֆի» մոտ բերում էին դոլարներով լցված պարկը, եւ նա հանում էր այդ պարկից դոլարների տրցակներն ու բաժանում էր «ըստ մատուցված ծառայությունների»: (Փոքր-ինչ սխեմատիկ եմ ներկայացնում, բայց իմաստը դա էր): Այժմ դա, բարեբախտաբար, չկա: Բայց բարեկամին կամ հավատարիմ օլիգարխին շինարարական եւ այլ մրցույթներում «հաղթող ճանաչելը», «ծառայություն մատուցած» մարդկանց պարգեւավճար բաժանելը կամ չինովնիկին գերարտոնյալ պայմաններով վարկ տրամադրելը նույնպես կոռուպցիա է:

Դատարանների ոչ անկախ լինելու եւ մնացածի մասին զեկույցի պնդումները նույնպես ճիշտ են: Խնդիրներ, մի խոսքով, կան, եւ դա նորմալ է՝ ո՞ր երկրում չկան: Արտառոց է Հայաստանի իշխանության արձագանքը ցանկացած քննադատությանը՝ ոչ թե հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, այլ (ներեցեք ոչ գրական բառի համար) «աբառոտկա ֆռալ»՝ «բա որ դու…» փաստարկով: Դա, իմ կարծիքով, ոչ հասուն մարդկանց ռեակցիա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    Զեկույցի եզրակացություններին կասկածելու հիմքեր չկան։ Բայց բոլորի համար, ովքեր իսկապես հետաքրքրված են խնդրով, շատ ուսանելի կլինի ծանոթանալ «գնահատողի վիճակի գնահատմանը»:)
    Օրինակ`
    https://ocindex.net/country/united_states/central_asia_and_the_caucasus

  2. Հ.Շ. says:

    . Բարելաւումներ, կան: Քիչ չեն: Եւ ակնյայտ ու անհերքելի են:

    Սակայն այդ բարեփոխումների գինը հանդիսացաւ՝ Արցախի կորուստը, դրա աղէտալի հետեւանքները, եւ ազգային ապագայի մը ոչ շատ փայլուն հեռանկարները:

    Ամէն հայ ինք պիտի որոշէ ուրեմն եթէ այդ գինը կ’արժէր, կամ չէր արժի, իրականացած բարելաւումներին համար:

    . Իսկ թէ ինչո՞ւ իշխանաւորները գերզգայուն են, ԱՄՆի քննադատաութիւնների նկատմամբ, այդ ալ՝ հասկնալի է:

    Արդարեւ, որպէս տուեալ բարեփոխումները – եւ ընդհանրապէս Արեւմուտքի ցանկութիւնները – կատարողներ, վարչակարգը իրաւացիօրէն կ’ակընկալէ որ՝ Արեւմուտքը աւելի… բարեացակամ գտնուի, իրենց հանդէպ: Ինչպէս որ անում է՝ այլ երկիրների պարագային, այլազան թերութիւնների եւ յատկապէս կոռուպցիայի կապակցութեամբ: Այս առումով, իրաւունք ունին նեղուելու, իշխանաւորները:

    Նամանաւանդ որ ԱՄՆի կարծիքները, ինչպէս միշտ ու ամէն բանի մէջ, ունին քաղաքական շեշտակի երագներ: Ուաշինկթոնի համար, Հայաստանը տակաւին բաւարար չափով չհեռացաւ ՌԴից: Հետեւաբար, պէտք է տակաւին նրան երեխայի նման հանդիմանել, մինչեւ որ լրիւ կարգի մտնէ, հնազանդի: Անկէ ետք, սիրով աչք կը փակեն, որեւէ սայթաքումի վրայ:

    . Ոչ անցեալին, ոչ ներկային, ոեւէ հայի համար, որեւէ կարեւորութիւն պէտք չէ որ ունենար/ունենայ ԱՄՆի կարծիքը, Հայաստանի նկատմամբ:

    Հայաստանցիները բաւարար չափով ծանօթ չեն, ԱՄՆի թերութիւններին:

    Այդ հիւանդ երկիրը հեղինակութիւնը չունի՝ որեւէ այլ երկրի, «դասեր տալու»:

    Այդ երեւակայական հեղինակութիւնը կը բխի բացառապէս տուեալ երկրի բնիկների միամիտ երազանքներից, պատրանքներից – ու նաեւ, ափսոս, ստորակայութեան խորունկ բարդոյթներից:

    Մ. Հայդուկ Շամլեան
     
     
     
     
     
     

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031