Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Մեր Ադրբեջանի գործընկերները լրացուցիչ անվտանգային երաշխիքներ էին խնդրել եւ մենք դա էլ ենք ապահովել»

Ապրիլ 14,2023 13:48

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության առիթով հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե Ադրբեջանը չէր հաստատում իր մասնակցությունը եւ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ էր ուզում, սակայն նախորդ օրը պաշտոնապես հաստատվեց, որ չորս մարզիկ գալիս է Հայաստան: Երեւանը ի՞նչ հատուկ անվտանգություն է ապահովելու Ադրբեջանի համար:

«Կարեւոր հարց է առաջնության անցկացման համատեքստում եւ ես պետք է սկսեմ միջազգային ֆեդերացիայի նախագահ պարոն Ջալուդի խոսքից, երբ նա ասաց, որ Հայաստանը ոսկի սիրտ ունի՝ ընդունելու բոլոր մարզիկներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու մրցումներին: Ձեր հարցի համատեքստում ես ուզում եմ երկու բան շեշտել: Իհարկե, ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների մրցումն է, որին անդամակցում են եվրոպական բոլոր երկրները: Եվ բոլոր այն մարզիկներին, որոնք ցանկություն ունեն մասնակցելու, մենք պարտավոր ենք ընդունել: Սա մեծ եւ կարեւոր հանձնառություն է: Մենք հայտը ներկայացնելիս ասել ենք, որ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու եւ ապահովելու ենք նրանց անվտանգությունը: Այս ընթացքում մենք գրագրություն ենք ունեցել, կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ կապված անվտանգային հարցեր ենք քննարկել եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ: Եվ մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս մարզիկների, այնպես էլ ադրբեջանցիների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Մեր գործընկերները լրացուցիչ անվտանգային երաշխիքներ էին խնդրել եւ մենք դա էլ ենք ապահովել»,-պատասխանեց Արայիկ Հարությունյանը:

Ասուլիսում նշվեց նաեւ, որ Ադրբեջանի 12 հոգանոց պատվիրակությունը արդեն Երեւանում է: Բացման արարողությանը նրանց մասնակցության առնչությամբ ասաց. «Բացման արարողությանը մարզիկներ, որպես այդպիսին, չեն մասնակցելու, որովհետեւ մարզաձեւը սպեցիֆիկ է եւ իրենք պետք է իրենց մարզավիճակը պահելու համար լրացուցիչ սթրեսային իրավիճակներում չգտնվեն: Մենք դրոշների շքերթն այլ կերպ ենք կազմակերպել եւ կարծում եմ, այդ բաղադրիչը ամենահետաքրքիրն է լինելու բացման արարողության ժամանակ»:

Հայաստանի կառավարական կազմկոմիտեի նախագահը չէր ցանկանում եւ չէր ուզի, որ մեր հարեւան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծվեր, որովհետեւ, նրա խոսքերով, մարզական աշխարհում հակամարտող երկրների թիմերին ընդունելը սովորական միջոցառում է: «Կրկին ուզում եմ ասել. ինչպես Հայաստանը, Խորվաթիան, Կոսովոն եւ մյուս երկրները, Ադրբեջանը նույնպես եվրոպական ֆեդերացիայի մի մաս է, կարող է հայտ ներկայացնել, ներկայացրել է եւ մասնակցում է»:

Արայիկ Հարությունյանը հստակ չկարողացավ պատասխանել հարցին, թե Հայաստանի եւ Արցախի սահմաններում տիրող իրավիճակի հետ կապված հնարավո՞ր է բացման արարողության ժամանակ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի սպորտի միջոցով, ամենեւին էլ չքաղաքականացնելով, աշխարհին տեսանելի դարձնենք մեր խնդիրները, ասենք, զոհված մեր զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Դրա փոխարեն նա կրկնեց շրջանառության մեջ դրվող այն թեզը, ըստ որի. «Մեր հարեւան երկրի գործողությունների հիմքում ընկած են մի քանի նպատակներ, որոնցից մեկը նաեւ մեր բնականոն եւ տարբեր ոլորտներում զարգացմանը խոչընդոտելն է: Բայց մեր հիմնական նպատակը պետք է լինի մեր նախանշած ծրագրերից մեկ միլիմետր չշեղվելը»:

Իսկ հնչեցրած հարցին խոստացավ անդրադառնալ միջոցառման կազմակերպման քննարկումների ժամանակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930