Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջափակումը պատերազմի ռազմավարության գործիք է. «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ

Ապրիլ 25,2023 14:35

Այս օրերին Երեւանում էին Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական օթյակի ներկայացուցիչները: Aravot.am-ը զրուցել է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետ Ժորժ Սեղինյակի հետ:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ առաքելությամբ է Հայաստանում: «Մենք առաջին հերթին Հայաստանում ենք Հայոց Եղեռնի հիշատակի օրվան մասնակցելու համար: Բայց միեւնույն ժամանակ հաշվի ենք առել այն հանգամանքը, որ հիմա հայաստանյան եւ միջազգային իրավիճակը շատ առանձնահատուկ է: Ուստի օգտագործելով Եղեռնի զոհերի հիշատակի առիթը՝ ուզում ենք ցույց տալ մեր աջակցությունը Հայաստանին»,-ասաց «Մեծ Արեւելքի» Մեծ վարպետը՝ Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում:

Քանի որ անդրադարձ եղավ տարածաշրջանային զարգացումներին, հարցրինք, թե ինչ կանխատեսումներ ունի մեր տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի հետ կապված: «Այս առանձնահատուկ իրավիճակում շատ դժվար կլինի որեւէ կանխատեսում անելը: Ըստ մեր վերլուծությունների՝ շատ բարդ, լարված եւ դժվարին իրավիճակ է: Ինչ վերաբերվում է միջազգային առումով զարգացումներին, բնականաբար Եվրոպան դեր ունի կատարելու: Մենք կուզենայինք, որ այն պատկերացումը, որ ունենք հասարակության զարգացման վերաբերյալ, հենց այդ սկզբունքներով իրականացվի խնդիրների լուծումը: Ֆրամասոնությունը մի փոքր ուտոպիական է, իդեալապաշտ է, եւ իր պատմության ընթացքում այդ շարժումը որոշակի ուտոպիաներ կյանքի է կոչել: Օրինակ, Ֆրանսիայում բացարձակ միապետությունից 19-րդ դարում անցում է կատարվել հանրապետության: Մենք ցանկանում ենք մասնակցել այդ արժեքների պահպանմանը, որոնք կարեւոր են»,-ասաց Ժորժ Սեղինյակը:

Մեր դիտարկմանը, որ «Մեծ Արեւելքի» գաղափարախոսության հիմքում ընկած են արդարությունը, հավասարությունն ու համերաշխությունը, բայց ժամանակին իրենց անդամներից մեկը՝ Թալեաթ փաշան դարձավ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, «Մեծ Արեւելքի» Մեծ Վարպետն այսպես արձագանքեց. «Մասոնությունը չունի այսպես կոչված ուղիղ գիծ, մենք կուսակցություն չենք, ամեն ինչ խարսխված է բազմակարծության վրա, մեր պատմության ընթացքում ֆրամասոնները երկու մասի բաժանվեցին 1860-ականներին, երբ կար Կոմունա…Բայց «Մեծ Արեւելքը» որպես կառույց միշտ ունեցել է իր մոտեցումը, եւ միշտ եղել են անհատներ, որոնք «Մեծ Արեւելքի» սկզբունքներին հակառակ բաներ են իրականացրել: Մեզ համար դա քննարկման լուրջ թեմա է, որովհետեւ համարվում է ձախողում, բայց նաեւ փաստում է, որ ցանկացած անհատի որոշման նկատմամբ ունենք հարգանք, եթե անգամ այն դատապարտելի է»:

Հիշեցրինք, որ 2020թ հոկտեմբերին «Մեծ Արեւելքը» շատ խիստ եւ հասցեական հայտարարությամբ էր հանդես եկել ի պաշտպանություն Հայաստանի, դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ ընդգծել, որ հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում: Հարցրինք՝ ինչ կարծիքի է այսօրվա իրողությունների մասին, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները, փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը եւ հումանիտար աղետի առաջ կանգնեցրել շրջափակման մեջ հայտնված 120 հազար մարդու:

«Նախ, առաջին հերթին պետք է հասկանանք, թե մասոնությունը ինչ է, եւ որն է «Մեծ Արեւելքի» դերը: Մենք ոչ կուսակցություն ենք, ոչ էլ կառավարող մարմին: Մենք ներգրաված չենք քաղաքական գործընթացներում: Բայց մենք կարող ենք առանց վարանման եւ տատանման նշել այն հիմնական սկզբունքները, որոնք կարեւոր են: Կարծում եմ, որ եթե այս առիթով հանդես գանք, գուցե վնասենք պրոցեսներին: Բայց մի բան փաստ է, շրջափակումը պատերազմի ռազմավարության գործիք է: «Մեծ Արեւելքի» դերը այն չէ, ինչ նշում են մեր հակառակորդները, թե ամենակարող ենք, ամեն տեղ կարող ենք ներգրավված լինել: Դա մի վայր է , որտեղ քննարկում է տեղի ունենում, գաղափարական լուծումներ են առաջարկվում եւ գաղափարների կյանքի կոչման ճանապարհներ մատնանշվում»:

Հնարավո՞ր է իրենց համայնքի ներսում քննարկում լինի, գաղափարական լուծումներ առաջարկվեն եւ այդ համատեքստում Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հատկապես, որ «Մեծ Արեւելքն» ունի թուրք անդամներ: Այս հարցին ի պատասխան՝ «Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետ Ժորժ Սեղինյակը նշեց. «Համեստորեն մենք դա էլ փորձում ենք անել, անընդհատ խոսելով այդ մասին, աշխատելով այդ ուղղությամբ՝ փորձում ենք գաղափարը տարածել»:

Հարցրինք՝ հանդիպումներ ունեցե՞լ են Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների եւ իշխանության մեջ չեղած հայտնի անհատների հետ: «Երբ մենք ճամփորդում ենք, փորձում ենք առավելագույն թվով մարդկանց հետ հանդիպել, որպեսզի կարողանանք հասկանալ իրավիճակը, այս իմաստով մեզ համար շատ օգտակար են հատկապես հայ ֆրամասոնների հետ հանդիպումները, որոնք ներկայացնում են իրավիճակը, ընդհանուր պատկերը»,-նշեց մեր զրուցակիցը: Հարցրինք՝ խոսքը «Արարատի որդիներ» հայաստանյան մասոնական օթյակի՞ մասին է, Ժորժ Սեղինյակը դրական պատասխան տվեց:

Հարցրինք՝ փոփոխությունների շունչ զգո՞ւմ է Հայաստանում: «Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետեւ այնքան բազմաճյուղ է ամեն բան, եւ այնքան գործոններ են միահյուսված, որ ապագա մի քանի տարում կարող է եւ ամենավատը տեղի ունենալ եւ ամենալավը: Անկանխատեսելի է…»,-պատասխանեց Մեծ վարպետը: Նա նաեւ ասաց, որ Հայաստանը կարեւոր է այն արժեքների տեսակետից, որոնք ժողովրդավարական երկրները կիրառում եւ զարգացնում են:

Մի խոհափիլիսոփայական հարց էլ տվինք՝ ի՞նչ է անհրաժեշտ այսօր մեր մոլորակին: «Շատ դժվար եւ տարողունակ հարց է, ժամանակը չի բավարարի պատասխանելու համար: Երեւի այսօր մարդկությանն ամենաշատը իմաստությունն է պակասում»,-ասաց նա:

Պարզեցինք, որ այս անգամ ուսանողության հետ հանդիպումներ չեն նախատեսվում:

Կանանց մասին էլ հետաքրքրվեցինք ֆրամասոնության համատեքստում: «Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետը նշեց, որ Ֆրանսիայում կան շատ կին ֆրամասոններ. «Կանայք մեծ դերակատարություն ունեն հասարակության զարգացման, առաջընթացի առումով: Ի դեպ, «Մեծ Արեւելք» խորհրդում կա երկու կին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930