Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան հին դերբի. ո՞վ կբազմի չեմպիոնական գահին

Հունիս 02,2023 11:55

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը թեժ պայքարով և հետաքրքրությամբ գերազանցեց նախորդ տարիների առաջնություններին։ Վերելքներ և անկումներ, հայտնություններ և հիասթափություններ, եռիշխանություն, մարզական կարմիր գիծը հատող կոնֆլիկտներ և ի վերջո չեմպիոնական մրցավազք և դրա հանգուցալուծում…

Չեմպիոնին պարզելու համար տրամադրության տակ կա առավելագույնը երկու տուր։ Հավակնորդները երկուսն են. «Ուրարտուն»՝ 79 միավորով և գործող չեմպիոն «Փյունիկը»՝ 77 միավոր։ Այս երկու թիմերը միմյանց արժանի պայքար են առաջարկում ողջ մրցաշրջանի ընթացքում։ Այսօր այս երկու թիմերը կմրցեն միմյանց հետ։ Երևանյան հին դերբին կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները, կարող է նաև չեմպիոնական մրցավազքը հետաձգել ևս չորս օրով։ «Ուրարտուն» հաղթանակի դեպքում վաղաժամ կհռչակվի Հայաստանի չեմպիոն, ցանկացած այլ արդյունքի դեպքում չեմպիոնը կորոշվի վերջին խաղափուլում։

«Ուրարտուն» այս մրցաշրջանում արդեն իսկ գլխից վերև է ցատկել։ Վերջին և միակ չեմպիոնությունը «Ուրարտուն» (նախկին «Բանանց») գրանցել էր շուրջ ինը տարի առաջ։ Այժմ առյուծները մոտ են պատմության երկրորդ չեմպիոնությանը։ Մրցաշրջանի մեկնարկին «Ուրարտուն» գլխավորեց ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն։ Նրա՝ թիմը գլխավորելուց հետո «Ուրարտուն» ապշեցուցիչ արդյունքներ է գրանցում։ 2022/23 մրցաշրջանի 9֊երորդ տուրից ի վեր «Ուրարտուն» բարձրացել է առաջատար հորիզոնական և դեռ մնում է անհասանելի։ Ակումբի գրանցած խաղը շաբաթներ առաջ դարձավ շոշափելի։ «Ուրարտուն» նվաճեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Գյումրիի «Շիրակին»։ Ոսկե դուբլը դեռ այսքան մոտ չէր եղել։ Գունկոյի սաներին անհրաժեշտ է հաղթել այսօրվա հանդիպումը։

Ձմռանը «Ուրարտուն» աղմկոտ համալրում ունեցավ. «Արսենալում», «Քրիսթալ Փելեսում» և այլ անվանի ակումբներում հանդես եկած հարձակվող Յայա Սանոգոն այժմ պաշտպանում է «Ուրարտուի» գույները։ Ֆրանսիացի հարձակվողը մինչ նախորդ տուրը խաղադաշտ դուրս չէր եկել և նրա ներկայիս մարզավիճակը և հնարավորությունները մութ էին մնացել հայ երկրպագուի համար։ 15 րոպեում՝ դուբլ։ Այսքանով ամեն ինչ ասված է։ Շատ հնարավոր է, որ Սանոգոն հենց այսօրվա չեմպիոնական դիմակայության համար համալրում էր։ Ֆուտբոլիստ, որ կարող է տարբերություն ստեղծել և անգամ չեմպիոնություն պարգևել «Ուրարտուին»։

«Փյունիկը» ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ հիմա՝ անակնկալներ է մատուցում. գարնանային շրջանից առաջ նռնագույնները չորրորդ հորիզոնականում էին՝ առաջատար «Ուրարտուին» զիջելով ավելի քան տասը միավոր։ Մելիքյանի տուրբոն միացավ գարնանային շրջանի մեկնարկին և արդյունքը հետևյալն է. 15 խաղ, 14 հաղթանակ, մեկ ոչ֊ոքի։ «Փյունիկը» դեռևս անպարտելի է 2023 թվականի առաջնության խաղերին։ Եղիշե Մելիքյանի սաները եվրագավաթային աշունից հետո կարևոր փորձառություն են ձեռք բերել և հիմա չեն պատրաստվում զրկել իրենց նախորդ տարվա եվրոպական արկածների քաղցրությունից։ Դրա համար անհրաժեշտ է հաղթել գալիք երկու խաղերը։ «Փյունիկը» առաջատարին շրջանցելու փորձառություն արդեն ունի. Նախորդ մրցաշրջանում նռնագույնները շրջանցեցին նույն Դմիտրի Գունկոյի գլխավորած «Արարատ Արմենիային»։ Այժմ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի կրկնեն նախորդ մրցաշրջանի հաջողությունը։

Այս դիմակայությունից առաջ շատ էր շրջանառվում նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հայտավորումը խաղին։ Մի քանի տուր առաջ Մելիքյանը ընդհարվել էր «Նոայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ և ստացել որակազրկում։ Սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ Մելիքյանի որակազրկումը ավարտվել է և նա այսօր կկարողանա օգնել թիմին հենց տեխնիկական գոտուց։

Դերբիին հավելյալ ինտրիգ է հաղորդում մարզիչների դիմակայությունը. աշնանային շրջանի վերջին խաղում «Փյունիկ» 0֊3 դիմակայությունից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչը աղմկոտ հայտարարություններ հնչեցրեց Գունկոյի հասցեին և սրեց իրավիճակը։ Այսօր անկասկած մարզիչները կպայքարեն նաև սեփական հեղինակության համար։

Վերջում պետք է նշել, որ կարևոր է լինելու երկրպագուի գործոնը։ Սեկտոր 18֊ից և Սաութ Վեսթ Ուլտրասից սպասվում է թեժ ֆուտբոլային մթնոլորտ։ Հուսով ենք, որ Հայաստանի առաջնությունը այսօր մեկ քայլ առաջ կկատարի և կտեսնենք ֆուտբոլային տոն, որը չի հատի մարզական կարմիր գիծը և փոխադարձ հարգանքը։

Երևանյան հին դերբին կմեկնարկի այսօր՝ 20։00֊ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Լեւոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Երրորդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930