«Սեւանա լճի վրա պետք է ճնշումը քչացնենք եւ որքան հնարավոր է՝ ոռոգման նպատակով Սեւանից քիչ ջուր բաց թողնենք։ Այս տարի այդ իմաստով մեզ լավ տարի չի սպասվում։ Ցավոք, Սեւանն այս տարի էլ երեւի կկանաչի, եւ դժվարություններ կունենանք»,- այսօր Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Սա ոչ միայն մեր նախարարության, այլ մեր բոլորի գլխավոր խնդիրն է։ Մենք Տարածքային կառավարման նախարարության հետ ակտիվ աշխատում ենք, մարզպետների հետ ակտիվ քննարկումներ ենք ունեցել»,- հավելեց նա։
Ըստ նախարարի՝ քանի որ այս պահին ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, պարտավորված են Սեւանից ջուր բաց թողնել գյուղատնտեսությանը ոռոգման ջուր հասցնելու համար։ «Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, սկսած սակավաջուր տարի լինելու ընթացակարգերն ունենալու հարցից, թե ինչ է սակավաջրությունը, եւ դա ինչ ռեժիմ պետք է ենթադրի։ Ցավոք սրտի, չունենք այդ կարգավորումները, մեզ մոտ բավականին թերի են։ Հիմա այս պահին, թե մենք, թե ՏԿԵ նախարարությունն այս ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































