Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենավերջին երկիրը, որ բնապահպանական թեմաներով խոսելու իրավունք ունի, հենց Ադրբեջանն է․ «Փաստ»

Հունիս 13,2023 09:00

Ադրբեջանը սկսել է բողոքել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ կապված՝ պնդելով, որ այն պետք է համաձայնեցվի իրենց հետ, քանի որ էկոլոգիական առումով վտանգ է ներկայացնում ադրբեջանական տարածքի համար։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն պարբերաբար բարձրացնում է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի շահագործման թեման՝ պնդելով, թե իբր գործարանի աշխատանքը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա և աղտոտում է Ողջի գետը։ Եվ այս առիթով Ադրբեջանը պաշտոնական մակարդակով բազմաթիվ բողոքներ է հղել տարբեր միջազգային կառույցների։

Ադրբեջանական քարոզչության մյուս ուղղությունն էլ Մեծամորի ատոմակայանն է, որի փակման հարցը Բաքուն պարբերաբար բարձրացնում է։ Դեռ հարցի մի կողմն է, որ սա բացահայտ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին, քանի որ ստացվում է, որ առանց Բաքվի «թույլտվության» կամ «համաձայնության» Հայաստանը չպետք է իր տարածքում զարգացնի արդյունաբերությունը և էներգետիկան։

Այս կոնտեքստում կարելի է, ժողովրդական լեզվով ասած, պարզապես շան տեղ չդնել: Բայց ինչպես ասում են, ստացվում է՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ամենավերջին երկիրը, որ բնապահպանական թեմաներով խոսելու իրավունք ունի, հենց Ադրբեջանն է: Այդ բռնապետական երկրում բնապահպանների ու քաղաքացիների ձայնն ընդհանրապես լսելի չէ, իսկ երկրում տարիներ շարունակ նավթարդյունաբերության զարգացման արդյունքում աղտոտվում են շրջակա տարածքները, օդն ու ջուրը։ Աղտոտվածության բարձր մակարդակն ազդում է նաև Ադրբեջանի բնակչության կենսապայմանների վրա։ Դե, այստեղ բնապահպաններն էլ են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք ծառայում են ալիևների կլանին:

Բայց խնդիրն այստեղ միայն իրենց ներքին խնդիրները չեն: Բանն այն է, որ Ադրբեջանը վերածվել է հանցագործ երկրի՝ բոլոր առումներով, այդ թվում՝ բնապահպանական: Ի մասնավորի՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ֆոսֆորային զենք օգտագործեցին ու հսկայական քանակությամբ անտառային հատված այրեցին։

Իսկ Արցախի շրջափակման պայմաններում Ադրբեջանն արցախահայության համար գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարման խնդիր է ստեղծել, ինչը շատ վատ հետևանք է ունենում շրջակա միջավայրի վրա։ Օրինակ՝ ձմռան սառնամանիքին Ադրբեջանը խափանում էր Արցախի գազամատակարարումը, իսկ մարդիկ, չսառչելու համար, այլ ելք չունենալով, ստիպված էին լինում կտրել շրջակա ծառերը ու փայտով տաքանալ։

Այս ամենին պետք է գումարել նաև, որ Ադրբեջանի նավթարդյունաբերությունն աղտոտում է նաև տարածաշրջանի օդը ու դրանով վնաս հասցնում նաև մեր բնական միջավայրին։ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104-րդ տեղը։ Իսկ Հայաստանը նույն սանդղակում 56-րդն է։ Այս ցուցանիշները կոնկրետ իրողությունների մասին են վկայում։ Սակայն, ցավոք, ՀՀ իշխանությունները Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունների թեմաները տարբեր միջազգային հարթակներում չեն բարձրացնում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930