Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծելով հույս, որ մենք խաղաղ ճանապարհով կազատվենք «Քանդենք պետությունը» կուսակցությունից․Տաթեւիկ Հայրապետյանը` քաղաքապետի ընտրությունների մասին

Սեպտեմբեր 15,2023 23:35

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրում է.

Երասխում չեն կարողանում ապահովել մետալուրգիական գործարանի կառուցումը, անգամ ԱՄՆ դրոշներ բերեցին, ԵՄ դիտորդներ եկան, բայց բոլոր փաստերը ցույց են տալիս, որ գործարանը տեղափոխվում է, քանի որ ադրբեջանական կողմը կրակում է:

Երասխից Երևան կարելի է հասնել կես ժամում, Երասխն էլ Արցախ չի, Սյունիք չի, ասեն հեռու է՝ մեզանից:

Ի՞նչ կապ ունի սա քաղաքապետի ընտրության հետ: ՔՊ–ն՝ նույն ինքը «Քանդենք Պետությունը» կուսակցությունը՝ իր քաղաքական առաջնորդի հետ միասին տանուլ են տվել ոչ միայն Արցախի, այլև հենց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, նրանք հակառակորդից եկող վտանգը իրական են դարձրել Երևանում ապրող հայի համար:

Հիմա կարող են երևակայական «վագներականներ» փնտրել կամ անցյալի ուրվականներ, որ ծեփեն իրենց համար փողերի լվացման աղբյուր դարձած ասֆալտին, բայց դրանից դաժան իրողությունը չի փոխվում՝ վտանգը իրական է հենց Երևանի համար ու այդ վտանգը գալիս է իրական հակառակորդից՝ Ադրբեջանից:

Միշտ մտքում պահեք Երասխի գործարանի օրինակը: Ավելին ասեմ, եթե այդ կուսակցությունը մնա իշխանությանը, ապա ես կարող եմ ձեզ վստահեցնել՝ նրանք գնալու են նոր զիջումների ու նոր էսկալացիաների ճանապարհով: Էլ չեմ խոսում նախընտրական ծրագրի դատարկ լինելու մասին, հիշեք՝ 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագիրը, որտեղ Հադրութ ու Շուշի էին դեօկուպացնում, իսկ հիմա անգամ ՀՀ–ին պատկանող 150 քառակուսի կմ տարածք չեն կարող դեօոկուպացնել՝ այդքան զիջումներից հետո:

Ուզու՞մ եք կանխենք մեր երկրի անկումը, ուզու՞մ ենք կանխենք այն, որ չհայտնվենք այն իրավիճակում, ինչ հիմա Արցախն է, դրա համար պետք է պատասխանատու լինել, գնալ ընտրության ու չընտրել ՔՊ–ին, ինչպես նաև նրան հարակից պսևդո ընդդիմադիրներին:

Հարց կտաք՝ ու՞մ ընտրել: Մինչ իմ պատասխանը գրելը, կխնդրեմ, որ ինձ որևէ քաղաքական հոսանքների հետ չասոցացնեք, եթե ես ցանկանայի զբաղվել հենց քաղաքական ակտիվությամբ, ես դրա բոլոր հնարավորություններն ունեմ, բայց ես որոշում ունեմ՝ առնվազն այս փուլում պահել իմ հասանելիք ճակատը:

Քարոզարշավի ընթացքում երեք թեկնածու եմ առանձնացրել՝ իրենց անցած ուղու, ելույթների ու ծրագրերի հիման վրա՝

–Մանե Թանդիլյան՝ ինձ դուր է եկել, որ Մանեն ցույց է տալիս ընտրությունների՝ հենց քաղաքական բնույթը, խոսում է այն մասին, որ սա անվստահության հանրաքվե է՝ հանուն ՀՀ ինքնիշխանության և Արցախի անվտանգության: Հետաքրքիր են նրա կողմից առաջ քաշվող ծրագրերը: Անձնապես աշխատել եմ Մանե Թանդիլյանի հետ, երբ նա խորհրդարանում էր՝ ընդդիմադիր ֆրակցիայում: Միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ, բաց է կարծիքների ու գաղափարների առաջ: Ի վերջո, ես ուրախ կլինեմ, եթե խելացի ու կայացած կանայք բարձր պաշտոններ զբաղեցնեն մեր երկրում: Մանեն ներկայացված է «Ապրելու երկիր» կուսակցությամբ, որը 13–րդ քվեաթերթիկն է:

–Հայկ Մարության՝ դրական բոլոր փոփոխությունները քաղաքում արվել են հենց Հայկ Մարությանի կառավարման շրջանում ու շատ հաճախ դա արվել է հենց թիմի ներսում Հայկի դեմ ուղղված հարվածների պարագայում: Ես շատ եմ գնահատել Հայկի ելույթը՝ հավասարակշիռ խոսքը, երբ նրան զրկեցին քաղաքապետի պաշտոնից: Հայկը հստակ սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել կարևոր հարցերում, ու դա գնահատելի է: Գնահատելի է նաև, որ նա պատրաստ է շարունակել այդ բարդ ուղին, ի վերջո կարող էր իր «աջը քաշել, ապրել», բայց ինքն էլ իր բաժին ճակատն է փորձում պահել: Հայկը ներկայացված է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ, որը 7–րդ քվեաթերթիկն է:

–Վիկտոր Մնացականյան՝ նրա հետ անձնապես աշխատելու ու ծանոթ լինելու հնարավորություն չեմ ունեցել, բայց քարոզարշավի ընթացքում ինքը միակ թեկնածուն էր, որ խոսել Երևանի անվտանգային խնդիրների մասին՝ սկսած քաղաքացիական պաշտպանությունից՝ վերջացրած պարենային անվտանգության հարցերով: Իր հարցազրույցներից մեկում նա անգամ բերեց Ստեփանակերտի օրինակը, որը ցույց տվեց, որ այս թեկնածուն գիտակցում է շատ իրական սպառնալիքներ ու մտածում է դրանք չեզոքացնելու հարցի շուրջ: Վիկտորը ներկայացված է «Հաղթանակ» կուսակցությամբ, որը 4–րդ քվեաթերթիկն է:

Վստահեցնում եմ, ոչինչ որոշված չի, ակնհայտ է՝ կլինեն կեղծիքներ, վարչական ռեսուրսի կիրառում, բայց սեպտեմբերի 17-ին, երբ մտնեք քվեարկելու՝ դուք այդտեղ մենակ եք՝ ձեր խղճի հետ՝ անկախ պաշտոնից, անկախ դիրքից՝ մտածեք՝ ուզում ե՞ք ձեր երեխան պետություն ունենա, ուզու՞մ եք մենք այս վտանգավոր շղթայից դուրս գանք, ուզու՞մ եք նոր ողբերգություններ կանխենք, եթե այո, ապա ձեր ընտրությունը վստահաբար կփոխի իշխանությունը Երևանում՝ ստեղծելով հույս, որ մենք խաղաղ ճանապարհով կազատվենք «Քանդենք պետությունը» կուսակցությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930