Լրահոս
Օրվա լրահոսը

Պատուհասները

Հոկտեմբեր 04,2023 09:00

Սկսած 1988-ից զրույցի ու հաշտության մասին շատ եմ գրել։ Մշտապես ու բոլոր անկյուններից մեկ պատասխան է հնչել՝ զրույց նշանակում է զիջում, իսկ մենք զիջելու ոչինչ չունենք, չունենք նաեւ զրուցակից, նրանք թշնամիներ են, թշնամու հետ չեն զրուցում, նրան հաղթում են։ Զարմանալի է, բայց մարդկային կորուստները, իսկ 2016-ից այս կողմ նաեւ տարածքային կորուստները չէին սթափեցնում։ Անզիջում դիրքորոշումը, որ 1990-ականներին ձեւավորվել, իսկ 1998-ից հետո ամրապնդվել էր 20-ամյա քարոզով, անգամ 2020-ի պարտությունից հետո շարունակեց իրենը թելադրել։ Ավելին՝ 2022-ի դեկտեմբերից, երբ Արցախն արդեն պաշարված էր, իսկ կորստի վտանգն ավելի քան իրական՝ դիրքորոշման մեղմացում չնկատվեց։ Խոսում էին նույն մարդիկ, նույն բառապաշարով ու նույն անպատասխանատու հերոսականությամբ։ Դիրքորոշման փոփոխություն չնկատվեց նաեւ Արցախում։

Ավելի քան պարզ է, թե ինչ էին ցանկանում 1998-ին փոխզիջումներով խնդիրը լուծելուն դեմ դուրս եկած Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու նրանց աջակիցները։ Նրանք իշխանություն էին ցանկանում։ Արցախի հարցը պատրվակ էր։ Շահարկեցին, ստացան իշխանությունն ու 20 տարի՝ Արցախի խնդրի լուծման ուղղությամբ ոչ մի առարկայական քայլ չանելով՝ տեր ու տնօրեն եղան մեր երկրում, բարգավաճեցին ու հարստացան իրենք, իսկ երկիրը վերածեցին Ռուսաստանի աղքատ ու անարժեք ծայրագավառի։

Պարզ է նաեւ թե ինչ էր ցանկանում Փաշինյանը, երբ 2018-ին իշխանության գալուց հետո իրականությունից կտրված հայտարարություններ անելով՝ բանակցությունները ֆարսի էր վերածում։ Նա ինքնահիացմամբ տարված վճռել էր, թե չտեսնված ու չլսված հերոս է ու ավելի մեծ հերոս երեւալ էր ցանկանում։ Վիճակի լրջությունը չհասկանալով հոխորտում էր, թե պատերազմից չի վախենում, թե գրավելու է ու հաղթելու է, Սեւրի պայմանագիր էր թափահարում, Ադրբեջանի ներքաղաքական կյանքը ալեկոծելուց էր խոսում։ Բայց տապալեց բոլոր ճակատներում ու մեր պատմության մեջ մտավ որպես խոստումնազանց ու ձախողված մի իշխանավոր, որի օրոք միայն նահանջներ ու պարտություններ են գրանցվել։

Բայց պարզ չէ բոլորովին, թե հատկապես 2022-ի կեսերից հետո ինչ էին ցանկանում Արցախի իշխանությունները։ Եթե հաշվի առնենք 2020-ի պարտությունը, Հայաստանի թույլ լինելը, Արցախի անպաշտպան վիճակն, ապա անհասկանալի են նրանց քայլերը։ Անհասկանալի է Ռուբեն Վարդանյանի նշանակումն այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարում էր, որ նրա հետ չի բանակցելու։ Նման հայտարարության պատճառները կարեւոր չեն։ Կարեւոր է, որ նրա պարագայում 2020-ից հետո Արցախ-Ադրբեջան նոր նշմարվող զրույցը, որը, չի բացառվում, որ լուրջ ու առարկայական բանակցությունների վերածվեին ու կանխեին այն, ինչ տեղի ունեցավ, կընդհատվեր։ Բայց նա, այնուամենայնիվ, պետնախարար նշանակվեց։ Էլ ավելի անհասկանալի է թե, ինչ էին ցանկանում, երբ բռնի իշխանափոխություն էին իրականացնում ու նախազգուշացումներին չանսալով՝ ոչ լեգիտիմ իշխանություն էին ձեւավորում։

Կորուստն, իհարկե, մեծ է։ Այս մեծ կորստի մեղավորները շատ են։ Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ դեմ են եղել բանակցելով ու փոխզիջումներով խնդիրը լուծելու առաջարկներին։ Առաջին մեղավորները, բայց, իրենց վրա պատասխանատվություն վերցրած քոչարյանները են, սարգսյաններն ու փաշինյանները։

Բոլոր մեղավորներից ամենամեղավորը, սակայն, կա ու մնալու է Փաշինյանը։ Նրա ուսերին ոչ միայն իր սեփական մեղքն ու իր սեփական պատասխանատվությունն է։ Նրա ուսերին նաեւ իրենից առաջ եղածների բեռն է։ Որովհետեւ նա դառնալով իր նախորդների ընտրած ճանապարհի շարունակողը, վտանգը չհասկանալով, ձգտեց գերազանցել նրանց։ Փորձեց նրանցից ավելի անզիջում երեւալ։ Իր անպատասխանատվությամբ, իր չհաշվարկված քայլերով, իր չմտածված հայտարարություններով ու գործողություններով նա մեզ ոչ միայն այս աղետին հանգեցրեց, այլ նախկին մեղավորներին սեփական մեղքից ու սեփական պատասխանատվությունից ձերբազատվելու, արդարանալու հնարավորություն ընձեռեց։ Իր նախորդների համար դարձավ փրկօղակ։ Հիմա նրանք, որ 25 տարի շարունակ խնդիրը լուծելու միտք անգամ չեն ունեցել, ասում են թեթեւորեն՝ մենք ի՞նչ, չլիներ Փաշինյանը, չէր լինի այս աղետը՝ մոռացության տալով, որ աղետի եզրագիծ իրենք են հասցրել։

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ես էդ պատուհասների տնկող-ջրողը …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031