Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզանում որակյալ դասագիրք գրելու պրոբլեմ կա, ձեզ երբեւէ հետաքրքրե՞լ է՝ մեր երեխաները ի՞նչ դասագրքերով են տարիներ շարունակ սովորել». Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 02,2023 15:27

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ավելի վաղ Ժաննա Անդրասյանը հայտարարել էր, որ «ուռռա» հայրենասիրական պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը։ «Առավոտի» հարցին, թե հայոց պատմությունն ու քարտեզները խեղաթյուրելով, հայերին եկվոր ներկայացնելո՞վ է այս իշխանությունը պայքարում իր նշած «ուռռա» հայրենասիրության դեմ, Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել։ «Ես ձեր հարցը չհասկացա»,- արձագանքեց նա։

Այդուհանդերձ, անդրադառնալով դասագրքի վերաբերյալ քննադատություններին, նախարարն ասաց. «Մենք շատ ուշադիր ենք բոլոր այն կարծիքների եւ դիտարկումների նկատմամբ, որտեղ կա ռացիոնալ առաջարկ եւ մոտեցում։ Դրանք բոլորը շատ մանրամասն եւ ուշադիր կդիտարկվեն։ Դասագրքերը դպրոցներ են մտնել առաջին տարին, եւ այս տարին մեզ համար այդ դասագրքերի փորձարկման տարի է։ Այս ընթացքում ուսուցիչները, աշակերտները կօգտագործեն, պարզ կդառնա, թե որոնք են այն բարելավումները, որոնց կարիքը կա, եւ բոլոր այդ բարելավումները կարվեն։ Բայց պետք չէ մեկը խառնել մյուսի հետ։ Մենք պետք է հստակ տարբերակենք բոլոր նոր դասագրքերի բովանդակային եւ տեխնիկական վերանայման պահանջը, որը հստակ ու մասնագիտական կձեւակերպվի, եւ պետք է տարբերակենք այն թիրախավորված արշավը, որը կա։ Այս երկուսը, եթե խառնում ենք իրար, ոչ մի լավ բան չի ստացվում։ Հարգելի հանրություն, ձեզ երբեւէ հետաքրքրե՞լ է՝ մեր երեխաները ինչ դասագրքերով են տարիներ շարունակ դպրոցներում սովորել»։

Նա ասաց, որ 2019 թվականին գործող դասագրքերի ուսումնասիրություն է եղել, միայն մեկ դասագրքից մի քանի հարյուր բովանդակային եւ փաստական անճշտություն է դուրս բերվել։ «Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ մեզանում որակյալ դասագիրք գրելու պրոբլեմ կա։ Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում, պետք է շարունակել այդ ավանդույթը չձեւավորել, թե՞ պետք է գնալ մի ճանապարհով, որով մենք շանս ենք ստանում ունենալ նոր ու որակյալ դասագրքեր, որից բոլորը կլինեն բավարարված։ Այդ ճանապարհով ենք գնում, դուք չեք կարող սկսել մի աշխատանք եւ միանգամից ունենալ 100 տոկոսանոց արդյունք՝ հատկապես կրթության ոլորտում։ Ունեցեք համբերություն»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930