Լրահոս
Օրվա լրահոսը

Կունենանք ձկնամթերքի բարձր ինքնարժեք, 5-10.000 տնտեսվարող կդառնա գործազուրկ. «Ու այս ոլորտը կփակվի»

Նոյեմբեր 23,2023 12:08

Ձկնաբուծական տնտեսության սեփականատեր Հարություն Մկրտչյանի պնդմամբ, ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքի այս ձեւով գործարկման դեպքում, իրենք չեն կարողանա փակել իրենց վարկերը, հումքը՝ ձկնամթերքը 50 տոկոսով կկրճատվի, կունենանք ձկնամթերքի բարձր ինքնարժեք, 5-10.000 տնտեսվարող էլ կդառնա գործազուրկ. «Ու այս ոլորտը կփակվի»:

Հիշեցնենք, որ ձկնաբույծներն այսօր վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ցույցի: Նրանք դժգոհում են երեկ ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքից։

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր բողոքող տնտեսվարողներին ընդունել է ու լսել նրանց դժգոհությունները:

Հանդիպումից դուրս եկած տնտեսվարողները լրագրողներին ասացին, որ բավարարված չեն հանդիպման արդյունքից. «Մեզ հուզող հարցի հիմնական պատասխանը նախարարն իր խոսքում սկզբում նշեց, թե սխալ ենք հասկացել օրենքի իմաստը, այսինքն՝ խոսք չկա ջուր փակելու կամ ջրի ծավալի նվազեցման մասին: Անձամբ ես երկու տարբեր ենթատեքստով հարց եմ տվել՝ որն է նպատակը այդ համակարգի տեղադրման, եթե ջուրը պետք է խնայվի, այսինքն՝ 40 տոկոսով հետ բերվի տնտեսություն, տնտեսական աճ գրանցվի դրան համապատասխան, բայց ընդերքից ջրառը շարունակվի նույն ծավալով, բա դրա ջրախնայողությունը որն է լինելու, ես դրա պատասխանը չստացա»:

Տնտեսվարողը նաեւ ասաց, որ նախարարը երաշխիք չտվեց նաեւ, որ հետագայում նախարարությունը որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալու, ջրօգտագործման թույլտվության ծավալները պակասեցնելու վերաբերյալ. «Դրական բանն այն էր, որ նախարարը խոստացավ, որ եկող շաբաթվանից կվերսկսվի խմբի աշխատանքը, կառավարությունը պետք է որոշում կայացնի էդ փակ համակարգի տեղադրման կարգի, տեխնիկական պայմանների մասին, խոստացան, որ մեզ հետ կքննարկեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930