Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, «երախտամոռ» ենք՝ չենք գնահատում այն, որ Փաշինյանը հանձնեց մեր բոլորի հաղթանակը». Մետաքսե Հակոբյան

Դեկտեմբեր 12,2023 19:11

«Հիմա կրկին կեղծ թեզ է դաշտ նետվել, ինչպես 2020-ին, որ ընդդիմադիրները լռեն, որ հանկարծ վտանգ չլինի… Հիմա էլի նույն վիճակն է՝ լռեցնում են բոլորին՝ ասելով, որ իբր թե դա կվտանգի Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների կյանքը: Ինձ համար դա ընկալելի չէ:  Իմ աչքի առաջ է մեր գործընկերը՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Ես վստահ եմ, եւ դա ասել եմ իմ գործընկերներին, որ եթե հնարավորություն ունենար պարոն Իշխանյանը մեզ էնտեղից ուղերձ հղելու, ասելու էր՝ ամոթ է, որ դուք լուռ ու մունջ նստել եք, ամոթ է, որ չեք պայքարում»,- «Հայելի» ակումբում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով. «Այսօր քաղաքականության մեջ ամենակարեւոր զենքը լեզուն է, խոսքը է, ձայնն  է: Ինձ համար արդարացված չեն այն գործընթացները, որոնք իբր թե լուռ արվում են: Եթե մի բան անում ես եւ դրա մասին չես խոսում, դա չի կարող այն էֆեկտը ունենալ, ինչը որ դու ակնկալում ես: Ո՞վ պիտի պահանջի մեր հայրենակիցներին ազատ արձակել, եթե ոչ մենք: Այն պարագայում, երբ տեսնում ենք, թե ինչ մեղադրանքներ են պատրաստվում, երբ պարզվում է, որ դա եղել է հանցագործ խմբակ: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է այնպես, որ բոլորը դա ընդունում են»:

Արցախցի պատգամավորն ընդգծում է. «Այն աստիճանի են մարդկանց մանիպուլացրել, որ հայրենիք պարգեւողներին շատ հանգիստ կարող են անվանել չգիտեմ ինչ… Ես չեմ կարող իրենց տված պիտակները կրկնել: Սա մեր արժանապատվության կորուստն է, եթե հարմարվենք այդ մտքի հետ: Փաստի ուժով Ադրբեջանն այսօր Արցախում է, իր զինվորները քայլում են, պղծում են Արցախը: Այսօր միակն բանը, եւ ապացույցներից ամենակարեւորը, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն է, ուզում են արմատից կտրել, հաջորդը մնում է ժողովուրդը: Նույն վիճակը հիմա ժողովրդի հետ է, այս կառավարությունը կարողացավ մեկ օրում անօրեն հակասահմանադրական որոշում կայացնել եւ մեզ զրկել քաղաքացիությունից:

Իրենք ոչ թե մեզ ասում են՝ եկեք քաղաքացիություն ստացեք, իրենք մեզ զրկել են մեր քաղաքացիությունից: 30 տարի լինելով ՀՀ քաղաքացիներ՝ մենք նույն անձնագրից ենք օգտվել, ինչ մեր այստեղի հայրենակիցները, նույն իրավունքներն ենք ունեցել, բայց պարզվում է, որ մի օր իրենք առավոտյան որոշել են, որ մեր անձնագիրն ուղղակի  ճամփորդական փաստաթուղթ է: Եվ հարց է առաջանում, ոչ թե իրենց ասած նախկինների օրոք, այլ 2018 թվից այս կողմ՝ այդ  ինչպե՞ս էին արցախցիներն այստեղ պաշտոններ զբաղեցնում ճամփորդական փաստաթղթերով… Այս «ժողովրդավար» իշխանությունները մեզ՝ հայերիս  դրանով զրկում են եւ ընտրելու, եւ ընտրվելու իրավունքից… Արդեն 2 տասնյակ հազարից ավել արցախահայեր լքել են Հայաստանը, եւ այդ միտումը դեռ կա, օր օրի թիվն ավելանում է»:

Մետաքսե Հակոբյանը պարզաբանում է, թե իր տպավորությամբ ինչու են Արցախի հայերը հեռանում Հայաստանից. «Սեփական հայրենիքում  հայրենիք չունենալու զգացումն է պատճառը, որովհետեւ բոլորի մեջ կա գիտակցություն, որ մայր Հայաստանը մեր հայրենիքն է, բայց դու քո հայրենիքում այժմ օտար ես ընկալվում իշխանությունների, ոչ թե ժողովրդի կողմից… Արեւմտյան Հայաստանի կորստից հետո Արցախը մեր ամենամեծ ձեռքբերումն էր, ու դա ոչ թե Արցախում ապրող հայինն էր, այլ ողջ հայության սեփականությունը:

Արցախցիներից շատերը, երբ գալիս էին Հայաստան, երբեք այն իրավունքով չեն քայլել Հայաստանի հողի վրա, ինչ Հայաստանից կամ այլ երկրներից եկած հայերն են քայլել Արցախի հողի վրա: Արցախի ամեն միլիմետրի հետ կապված յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ պատմություն կպատմի… Բոլոր հայերի մեծ հպարտություն Արցախը այսօր մի քանի մարդ, որոնք պետք է կատարեին թշնամու ծրագրերը, կարողացան ուղղակի խլել, հանձնել թշնամուն՝ հազարավոր երիտասարդների կյանքի գնով… Եռաբլուր գնալը օր օրի դժվարանում է..․ Գնալով գիտակցումն ավելի է ուժեղանում, որ ողջերի քաղաքում մենք մեռելների քաղաքում ենք: Դա սարսափելի զգացողություն է, Եռաբլուր մտնել դուրս գալուց հետո ուղղակի չես կարողանում ապրել…

Դա իրենք (ՀՀ օրվա իշխանությունները-Գ.Հ.) են մեզ պարգեւել: Օրեր առաջ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երախտամոռ են այն  մարդիկ, ովքեր կասեն, որ Ղարաբաղին իրենք մենակ են թողել: Այդ օրը եւ դրան հաջորդած օրերին փորձում էի հասկանալ, թե որտեղ է դրսեւորվում մեր երախտամոռությունը… Այո մենք երախտամոռ ենք (փոխաբերական իմաստով եմ ասում), որ չգնահատեցինք այն, որ ինքը կարողացավ հանձնել մեր բոլորի հաղթանակը, մեր բոլորի պարծանքը»:

Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ամենաշատը վախենում է Արցախի նախագահների ու Ռուբեն Վարդանյանի Հայաստան վերադարձից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031