Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինս դիակի փորձաքննության ժամանակ տեսել է որդուս սեռական օրգաններն ինչ վիճակում են, մարմինը  խոշտանգված էր, իշխանությունները չեն ուզում բացահայտել սպանությունը»․ Արմենուհի Պողոսյան

Դեկտեմբեր 22,2023 14:28

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները դժգոհ են երկու տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից։ Նրանք ասում են՝ այս իշխանության օրոք ենթադրում էին, որ իրենց որդիների մահվան, իսկ ծնողների պնդմամբ՝ սպանությունները պետք է որ բացահայտվեին, մեղավորները պատժվեին, սակայն այսօր էր քրեական գործերով ապացույցները շարունակվում են կոծկվել։

«Եթե ժամանակին այդ սպանությունները բացահայտվեին, 2018-ին իմ տղան չէր սպանվի»,-այսօր «Հոդված-3» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց սպանված զինծառայող Լեւոն Թորոսյանի մայրը՝ Արմենուհի Պողոսյանը։

Նա պնդում է, որ իր որդուն զինծառայության ժամանակ խոշտանգել են․«Ամուսինս ներկա է եղել դիակի փորձաքննությանը, տեսել է որդուս սեռական օրգաններն ինչ վիճակում են։ Մարմինը  խոշտանգված էր։ Առ այսօր իշխանությունները չեն ուզում բացահայտել սպանությունը, եւ դրանով  ապացուցում են, որ հայ զինվորն այս իշխանության համար զրո արժեք  ունի։ Բայց մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»։

Ասուլիսի մեկ այլ մասնակից սպանված զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի մայրը՝ Նարինե Մկրտչյանն էլ ասաց, որ Աննա Վարդապետյանը խոստացել էր հանդիպել ծնողների հետ, խոստացել էր արդար լուծում դալ այդ քրեական գործերին, դատախազը հենց Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էր ասել, որ այս գործերը պետք է վերաորակում ստանան, սակայն մինչ օրս դատախազը խոստումը չի կատարել, ծնողներին էլ չի ընդունել։

«Մենք պահանջեցինք քննարկում կազմակերպել դատախազի, քննիչի եւ իրավապաշտպանների հետ, հրաժարվեցին։ Երեկ ասացին, որ նման հանդիպում չի լինելու, քննիչները չեն գալու։ Ինչո՞ւ, որովհետեւ ասելիք չունե՞ն, կոծկո՞ւմ  են նախկիների կատարած հանցանքները, ներկայիս քննիչներն ու  դատախազները նրանց հետ հանցակի՞ց  են»,-ասաց Նարինե Մկրտչյանը։

Սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ հայտարարեց՝ իշխանությունը, դատախազներն ու քննիչներն աշխատում են մեր դեմ, ամեն ինչ անում են, որ այս գործերը կոծկեն։

«Մեր գործով մեղադրյալներ կային, ՌԴ-ում էին, որտեղից պիտի բերման ենթարկեին, գործն այնքան ձգձգեցին, որ կասեցրեցին վաղեմության ժամկետի պատճառով։ Ժամանակի վրա են աշխատում։ Իրենց թվում է, որ ձգձգեն, մենք հետ ենք կանգնելու, բայց ոչ,  մենք մինչեւ վերջ պայքարելու ենք։ Վարչապետը մեզ խոստացել էր, որ հանցագործները կպատժվեն, բայց մինչ օրս ոչինչ չի արել։ Աննա Վարդապետյանն էլ  վարչապետի մոտ ասաց՝ մայրերը ճիշտ են, խոստացավ քրգործերով հոդվածները փոխել, բայց ոչինչ չի արվել»,-ասաց Մուրադյանը։

«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանն էլ ասաց, որ առնվազն երեք գործով հսկող դատախազի գրավոր ցուցում կա քննիչին, որ խորհրդատվական եզրակացության երեսուն առաջարկները, որպես գրավոր ցուցում, դարձնել դատավարական փաստաթուղթ, սակայն չի կատարվել այդ ցուցումը․«Քննիչները չեն աշխատում, դատախազական հսկողություն չի իրականացվել»։

Պապիկյանի ներկայացմամբ․«Անցած տարի գործընթաց ձեռնարկեցինք, առանձին գործընթացներ՝ սպանությունների որակման առումով։ Քննչականն ու դատախազությունն  արագ մերժեցին։ Դա այն փուլում էր, երբ դատական եզրակացությունները արդեն առարկայական ընթացք պիտի ստանային, բոլոր գործերը տապալվեցին։ Դատարաններից մեկում Վճռաբեկի դատավորներից մեկը,  ով որոշում էր կայացրել այս գործով, մենք բողոքարկել էինք իր նախկին ենթակայի որոշման դեմ, նախկինում եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության պետը , որը այդ պահին ՝դատավոր, շահերի բախում կար, ուստի ԲԴԽ դիմեցինք, բայց մերժեցին։ Մեր բոլոր ջանքերը՝ իրավական լուծումների գնալու տապալվել են։  Ծնողները ստիպված են  իրենց պայքարը տեղափոխել հրապարակներ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031