Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են բացահայտ կեղծիքներն այդքան դյուրամարս

Դեկտեմբեր 28,2023 16:51

Ցանկացած իշխանություն այս կամ այն հարցում անկեղծ չէ ժողովրդի հետ: Որոշ իշխանությունների դեպքում էլ իրականությանը չհամապատասխանող և փաստերի խեղաթյուրում պարունակող բովանդակությամբ խոսույթը կրում է սովորական բնույթ: Հայաստանում իշխանությունը հենց այս ճանապարհով է առաջ շարժվում, բայց ինչո՞ւ չեն բացահայտվում կեղծիքները:

Իրականությանը հակասող հայտարարությունները մնում են չբացահայտված, որովհետև շատ հաճախ այդ հայտարարությունները ականջահաճո են հնչում: Կեղծիքների չբացահայտված մնալը միգուցե գալիս է նաև մեր խորհրդային անցյալից, երբ եթերով հեռարձակվող յուրաքանչյուր խոսք, ըստ էության, մատուցվում էր որպես անքննելի ճշմարտություն:

Սակայն, բացի վերը թվարկվածից, Հայաստանի իշխանությունը գիտի, որ ինչ էլ հայտարարի, առօրեական հոգսերի և կենցաղի մեջ խորասուզված քաղաքացին կասկածելի թվացող հայտարարությունների՝ իրականությանը համապատասխանության ստուգման համար ժամանակ չի տրամադրելու: Հայաստանի ԱԳՆ-ն իր տարածած մեկնաբանություններում պարբերաբար շեշտում է, որ Հայաստանը երբևէ չի ստորագրել մի համաձայնություն, որով հայկական տարածքի մի մասը վերահսկվելու է այլ պետության կողմից: Մինչդեռ, եթե քաղաքացին համացանցում որոնի «Նոյեմբերի 9-ի հայտարարություն» և չալարի կարդալ այդ փաստաթուղթն ամբողջությամբ, կտեսնի, որ 9-րդ կետով հենց դա է նախատեսված (այստեղ այդ կետի լավ կամ վատ լինելը չի քննարկվում, այլ ՀՀ իշխանության քաղաքականության որակը):

Երբ վարչապետը կարծիք է հայտնում, որ Արցախի հետ կապված նա ժառանգել է նողկալի ժառանգային բանակցություն, քաղաքացին ջանք չի ներդնելու բանակցային գործընթացի մասին մի քանի փաստագրական ֆիլմ դիտել կամ Հայաստանի երեք նախկին նախագահների համակիրների վերլուծություններին ևս ծանոթանալ՝ հավասարակշռված համայնապատկեր ստանալու համար: Այսպես, իշխանությունն ազատ է ասելու այն, ինչ ուզում է: Այս գործելակերպը թեև վնասակար է, սակայն ծխախոտի և fast food-ի պես որոշակի բավարարվածություն է առաջացնում հոգսաշատ, մատերիալիստական և անցյալի դառնահամությունը հիշող հասարակության մոտ: Այսպիսով՝ իշխանությունների հայտարարությունները որպես աստվածային ճշմարտություն ընդունող հատվածին պարզապես պարբերաբար այս «ծխախոտից» կամ «fast food»-ից է պետք, իհարկե շատ սրտագրավ սկուտեղի վրա մատուցված:

Շնորհիվ համացանցի՝ փաստերի ստուգումն այսօր դժվար չէ, ուստի անհրաժեշտ է տրամադրել ժամանակ, ստուգել վիճելի թվացող հայտարարությունների համապատասխանությունն իրականությանը և չխաբվել:

Ամեն լսած բան «հալած յուղի տեղ» չընդունելու և որոշակի կասկածամտություն դրսևորելու անհրաժեշտության մասին լավ խոսք է ասել հույն փիլիսոփա Արիստոտելը. «Եղիր ազատ մտածող և ամեն լսած բան մի ընդունիր որպես ճշմարտություն: Եղիր քննադատական և որոշիր քո հավատացածի արժեքը»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031