Լրահոս
Օրվա լրահոսը

200 էջ վավերագրություն՝ առանց հայհոյանքի. Վարդան Ղուկասյանն առցանց մասնակցեց իր գրքի շնորհանդեսին

Հունվար 19,2024 19:25

Հունվարի 19-ին նախ կայացավ «Հանրային ձայն» կուսակցության  պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի («Դոգ») անձնական կյանքը ներկայացնող «Ամենափնտրված չհանցագործը» գրքի շնորհանդեսը, որին առցանց մասնակցում էր նաեւ ինքը: «Այդտեղ ինչ կարդալու եք, ոչ չափազանցրել ենք, ոչ էլ պակասացրել ենք…Ամեն մի տարեթիվ, ամսաթիվ, ամեն տող համապատասխանում է իրականությանը, ոչ մի բանի գեղարվեստական որակավորում չենք տվել»,-ասաց Ղուկասյանը: Հույս հայտնեց, որ գիրքը ձեռք բերած մարդիկ ավելի մոտիկից կճանաչեն իր իրական կերպարը, կհայտնվեն  ռեժիսոր եւ հովանավոր, որոնք կցանկանան ֆիլմ նկարել: Նա նաեւ ասաց, որ հնարավոր է գիրքը շարունակություն ունենա:

«Ամենափնտրված չհանցագործը» գրքի հեղինակ, արձակագիր Սարգիս Գոքորյանը ներկայացրեց, թե ինչպես է ծնվել նման գիրք գրելու միտքը: Նրա ձեւակերպմամբ, Վարդան Ղուկասյանը քննարկված անձ է, սակայն հայտնի չէ այն ամենով, ինչ գրված է այս գրքում, եւ հիմնականում նրան գիտեն  իր քաղաքական հայտարարություններով: «Ինձ մոտ հարց առաջացավ՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Վարդան Ղուկասյանից հանենք հայհոյանքը եւ ամբողջացնենք նրա կյանքը, եւ ի՞նչ կմնա Վարդան Ղուկասյանից: Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանից մնաց 200 էջ վավերագրություն, որը վստահ եմ՝ արժանի է ընթերցողի ուշադրությանը»,-նշեց Գոքորյանը:

Նրա ձեւակերպմամբ, գրքում հիմնովին անդրադարձ է կատարվում այն հանգամանքներին, որոնք Վարդան Ղուկասյանին ստիպել են զբաղվել քաղաքականությամբ. «Վարդան Ղուկասյանը պետք է բժիշկ դառնար, իսկ բանակը փոխեց ամեն ինչ»:

Շնորհանդեսից հետո մեկնարկեց «Հանրային ձայն» կուսակցության կուսակցության արտահերթ համագումարը:

Համագումարի մասին՝ ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031