Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր Հայք չունենք, մենք ունենք Հայաստան եւ բնականաբար ուզում ենք, որ մեր երեխաները Հայաստանի պատմությունն ուսումնասիրեն». ԿԳՄՍ փոխնախարար

Հունվար 24,2024 19:30

Ինչպես հայտնի է, կառավարությունը ցանկանում է Հայոց պատմություն առարկան դարձնել Հայաստանի պատմություն: Նախագիծը արդեն տեղադրված է e-draft հարթակում եւ  արժանացել է հանրության քննադատությանը, հակազդեցությանը: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կրթական համակարգի այն «բարեփոխումները», որոնք իրականացնում են այս իշխանությունները, ուղղված են նրան, որպեսզի նոր սերունդը զուրկ լինի ազգային հպարտությունից ու ազգային նպատակներից. «Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը։ Նախևառաջ հայկական պետության պատմությունը հայ ժողովրդի պատմության մի փոքր մասն է…Այն ճանապարհը, որով մեզ ուզում են տանել այս իշխանությունները, ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի պետության անվան տակ լինի մի տարածք (եթե, իհարկե, լինի), որտեղ անգամ հայեր չեն ապրում»:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հարցին՝ հնարավո՞ր է նախարարությունը հետ կանգնի իր այդ քայլից՝ հաշվի առնելով դիմադրությունը՝ պատասխանեց. «Կարծում եմ, վաղ է խոսել այն մասին՝ անհրաժե՞շտ է հետքայլ անել, թե ոչ: Ցանկացած գործընթաց, որն իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, մշտապես լինում են մարդիկ, որոնք հակափաստարկներ են բերում: Բայց կարծում եմ, կարեւոր է կշռադատել, հիմնավորվածությունը ցանկացած նախագծի հասկանալ եւ ըստ այդմ շարժվել առաջ: Իհարկե, հանրային, մասնագիտական կարծիքը եւս հաշվի առնվելու է»:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի տեսակետին, փոխնախարարն ասաց. «Ոչ ոք չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրելու ենք հայ ժողովրդի պատմությունը՝ ինչ-որ միջակայքերով: Բնականաբար, եթե մենք խոսում ենք մեր երկրի, մեր մշակույթի, մեր կրոնի, մեր մնացած բոլոր պատմությանը վերաբերող բաղադրիչների մասին, ապա ուսումնասիրվելու է դպրոցում ողջ ժամանակագրությունը: Բնականաբար, այն բոլոր փուլերը, երբ պետականություն չի ունեցել մեր երկիրը, մենք չենք կարող բաց թողնել: Այդ ուսումնասիրությունը եւս շատ կարեւոր է նրա համար, որպեսզի երեխաները վերլուծեն այդ փաստերը, կարողանան գնահատել, հասկանալ, թե ժամանակագրական ինչպիսի իրավիճակ է եղել, որն առավել իրենց ներկայիս պետությունը կարեւորելու եւ արժեւորելու հնարավորություն կտա: Մենք ազգ ենք, որ պիտի ամեն ինչ անենք, որ մեր պետականությունը պահպանվի, զարգանա մեր պետությունը եւ որեւէ մեկը չի խոսում նրա մասին, որ պատմություն ուսումնասիրելու ընթացքում այս կամ այն դրվագը, իրավիճակը, կարեւոր պատմական իրադարձությունը կամ որեւէ ժամանակագրություն չի ուսումնասիրվելու: Դրա մասին որեւէ խոսք չկա, աբսուրդ է դրա մասին խոսել»:

Հարցին՝ հրատապությունը ո՞րն է այս փոփոխության՝ փոխնախարարը պատասխանեց. «Շատ կարեւորում ենք, որ դպրոցները իրենց աշխատանքներն իրականացնելիս երեխաների մեջ սերմանեն ակտիվ քաղաքացի դառնալը, իրենց երկրի զարգացման մեջ իրենց դերը կարեւորելը: Երեխան, որը լավ սովորում է ֆիզիկա կամ քիմիա, մաթեմատիկա, պիտի իմանա, որ ուսումնասիրելով այս կամ այն առարկան, ընտրելով այս կամ այն մասնագիտությունը՝ ինքը կարեւոր դերակատարում է ունենալու իր երկրի զարգացման հարցում»:

Դիտարկմանը, որ երբ առարկայի անունը փոխում եք Հայաստանի պատմություն, դա դեռ չի նշանակում, որ ունենալու եք պետությունը սիրող քաղաքացի՝ փոխնախարարը արձագանքեց. «Բնականաբար, մենք կարող են գրքերում շատ հանճարեղ ու արժեքավոր մտքեր գրել, բայց այդ մտքերը բավարար չեն, որ երեխաների մոտ ձեւավորվի այդ արժեքային վերաբերմունքը: Բնականաբար, արժեքները եւ վերաբերմունքը ձեւավորվում են ողջ գործընթացի ընթացքում ոչ թե մի թեմայով տեսական նյութ կարդալու ընթացքում»:

Սվաջյանը նշեց, որ երբ մենք ուսումնասիրում ենք, օրինակ, Հայաստանի աշխարհագրություն, դրա շրջանակում ուսումնասիրում ենք Հայկական լեռնաշխարհը, որը մեր այսօրվա պետության սահմաններից դուրս է: Նույնը պատմություն առարկային է վերաբերվում. «Իտալիայի դպրոցներում, երբ ուսումնասիրում են Իտալիայի պատմությունը, իրենք ուսումնասիրում են նաեւ հռոմեական կայսրության ժամանակաշրջանը: Բայց իրենց պատմության դասագիրքը կոչվում է Իտալիայի պատմություն, ոչ թե իտալացիների պատմություն»:

Նա նշեց, որ այլ երկրներում իրենց պետության հանդեպ այլ վերաբերմունք կա ու հիշեց, որ երբ առաջին անգամ ԱՄՆ գնաց, առաջին բանը, որն իր ուշադրությունը գրավեց, տների մոտ իրենց պետական դրոշն էր, որը խոսում է վերաբերմունքի մասին. «Հիմա կարող ենք ասել՝ դա արտաքին ատրիբուտ է: Բայց երբ փոքրուց երեխային սովորեցնում ես, որ այդ ատրիբուտները քո պետության կարեւոր  խորհրդանիշներն են, խնամքով պիտի վերաբերվես քո դրոշին, գերբը պիտի ճանաչես, դրա նշանակությունը պիտի հասկանաս, այդ ամեն ինչը ձեւավորում է բնականաբար վերաբերմունք ու շատ կարեւոր է, որ դպրոցից դա անես…Մենք այսօր Հայք չունենք, մենք ունենք Հայաստան եւ բնականաբար ուզում ենք, որ մեր երեխաները Հայաստանի պատմությունն ուսումնասիրեն»: Նա ընդգծեց, որ սա չի նշանակում, որ սկսելու են ուսումնասիրել զուտ 90-ականներից սկսած պատմությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031