Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանությունները հարցականի տակ են դնում Սահմանադրության լեգիտիմությունը, ուրեմն ոչ լեգիտիմ է նաեւ իրենց իշխանությունը»․ Գոհար Մելոյան

Հունվար 26,2024 16:56

«Հայկական օրակարգի» հրավիրած քննարկման ժամանակ սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ–ն կարիք ունի նոր Սահմանադրության։

«Մեզ համար անակնկալ չէր, որ իշխող քաղաքական ուժը իշխանության գալուց ի վեր օրակարգային հարց ուներ՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու տեսքով։ Նորույթն այն էր, որ գործադիր իշխանության ղեկավարն օրակարգ մտցրեց նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարը, ինչը մեզ համար լուրջ ուղերձ է պարունակում։ Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Մասնագետի համար առաջին հայացքից պարզ է դառնում, որ եթե դու իրականացնում ես սահմանադրական փոփոխություն, կաշկանդվածություն ունես Սահմանադրության մի շարք հատվածներում փոփոխություն կատարելու։ Արդյոք դա՞ է պատճառը, որ դու անհրաժեշտություն ունես Սահմանադրության անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելու, այդ պատճառով գնում ես այդ ուղիով։ Իսկ այդպիսիք են հանդիսանում առաջին հերթին մեր Սահմանադրության նախաբանը, որը հենասյունային է եւ հղում է անում կատարում Հայաստանի Երրորդ Հանրապետության ակունքային իրավական փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին։ Արդյոք նպատակ կա՞ հրաժարվելու Սահմանադրության նախաբանից կամ փոփոխություն կատարելու առաջին, երկրորդ, երրորդ անփոփոխելի հոդվածներին»,- ասաց Մելոյանը։

Նրա խոսքով՝ արտաքին գործերի նախարարն իր ասուլիսում չհերքեց, որ մեր հակառակորդ ու թշնամի պետությունների հետ բանակցությունների օրակարգում կա ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը։ «Եվ, այո, մենք կարող ենք մեզ թույլ տալ եզրակացնելու, որ ադրբեջանական կողմը պահանջում է ՀՀ սահմանադրական փոփոխություններ։ Նոր Սահմանադրության ձեւաչափը մեզ թույլ է տալիս եզրահանգելու, որ, այո, կա նախաբան ձեւափոխման, ձեւախեղման, մեր Անկախության հռչակագրում ամրագրված հիմնադիր դրույթներից հրաժարման օրակարգային խնդիր։ Երկրորդ խնդրահարույց իրավիճակը՝ ինչո՞ւ նոր Սահմանադրություն, եթե գործադիր իշխանության ղեկավարն իրեն թույլ է տալիս ասելու, որ կառավարման ձեւն անփոփոխ է մնալու։ Այդ դեպքում ինչո՞ւ նոր Սահմանադրություն, եթե հիմնարար, կմախքային իրավահարաբերությունները, որոնք ներկայացված են մեր Սահմանադրությամբ, փոփոխության չեն ենթարկվում։ Եվ ամենակարեւոր ու վտանգավոր ուղերձը, որն ուղղվեց մեր հասարակությանը՝ թե գործադիր իշխանության ղեկավարը, թե իր քաղաքական ուժի բարձրաստիճան անձինք հարցականի տակ են դնում մեր Սահմանադրության լեգիտիմությունը։ Սա իրավական քաոսի ուղերձ է՝ ուղղված մեր հասարակությանը, որովհետեւ իրենք պետք է գիտակցեն, որ եթե գործ ունենք ոչ լեգիտիմ փաստաթղթի հետ, ուրեմն ոչ լեգիտիմ է նաեւ իրենց իշխանությունը»,- հավելեց նա։

Ըստ սահմանադրագետի՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի մեկնարկը գեղեցիկ փաթեթավորմամբ հերթական ականն է՝ հրամցված մեր հասարակությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031