Լրահոս
Օրվա լրահոսը

Գինոսյանը մեր ազգային ազատամարտի իրական նվիրյալ էր. Չալաբյան

Փետրվար 07,2024 10:56

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ երեկոյան, ընդամենը 58 տարեկանում հանկարծամահ եղավ ականավոր հանրային գործիչ, ազատամարտիկ, Արցախյան երկու պատերազմների նվիրյալ մարտիկ Գագիկ Գինոսյանը:

Գագիկ Գինոսյանի կյանքը և գործունեությունը հնարավոր չէ պարփակել մի քանի տողի մեջ: Շատերս նրան ճանաչում ենք նրա ստեղծած «Կարին» ազգային պարի համույթի և նրա կողմից կազմակերպած ազգային պարի տպավորիչ բեմադրությունների և փառատոնների միջոցով, շատերս էլ ոգևորված շուրջպար ենք բռնել նրա հետ Կասկադում:

Պակաս հայտնի, բայց ոչ պակաս կարևոր էր նրա կողմից իրականացված վիթխարի գիտա-մշակույթային աշխատանքը՝ հավաքագրելու, վերծանելու և վերամշակելու հայ ազգային պարի բազմաթիվ ցրված նմուշները, դրանց հանրայնացնելը, հանրահռչակելը և ազգային ինքնության կենդանի մաս դարձնելը: Այդ նպատակով Գագիկ Գինոսյանը «Այբ» հիմնադրամի հետ համատեղ ստեղծեց նաև «Ազգային երգ ու պարի» ակադեմիան, և համագործակցելով նրա հետ այս ծրագրի շրջանակներում, մեր ընտանիքին բախտ վիճակվեց մոտիկից ծանոթանալու Գագիկ Գինոսյանին, և օժանդակելու նրա նորարական նախաձեռնություններին:

Եվ վերջապես, Գագիկը Գինոսյանը մեր ազգային ազատամարտի իրական նվիրյալ էր: Դեռ առաջին Արցախյան պատերազմում նա մարտնչել էր երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո, անձամբ մասնակցել բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը բանակում որպես սպա, ուսանել ռազմական ակադեմիայում, իսկ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է որպես կամավոր ՈՄԱ գումարտակի կազմում, թշնամուց պաշտպանել Թաղավարդը:

Գագիկ Գինոսյանի կյանքի և վաստակի մասին կարելի է անվերջ շարունակել, բայց դա չի մեղմի նրա անժամանակ կորստյան ցավը: Հանգչի՛ր խաղաղությամբ, նվիրյալ հայորդի, Աստված քո հզոր ուժը փոխանցի ապրողներին, և լուսավորի քո երկնային ճանապարհը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829