Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան»․ Գյումրիում չեմպիոնուհու մասին ֆիլմ է նկարահանվում

Փետրվար 13,2024 22:00

Գյումրու այսօրվա ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնելն էր։

Պարզվեց, որ ֆիլմ է նկարահանվում գյումրեցի ծանրորդուհի, անկախ Հայաստանի ծանրամարտի  աշխարհի առաջին չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին։

Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը, ներկայացնելով օրակարգի հարցն, ասաց․ «Բոլորս հպարտ ենք, ուրախ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան։ Մեր սպորտսմենի մասին ֆիլմ է նկարահանվում։ Այն նկարահանվում է Գյումրիում, դիմել են համայնքապետին՝ օգնության։

Ֆիլմի նկարահանմանը մասնակցում են 40 հոգի, խնդրել են  ընթրիքի ծախսը և քնելավարձը կատարվի համայնքի կողմից։ Մենք կարողանանք գոնե այսպես օգնել մեր Նազիկի ֆիլմը լույս աշխարհ բերելուն»։

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ հավելեց, որ ֆիլմը բնութագրում է գյումրեցու անկոտրում կամքը, թեև Նազիկն է գլխավոր դերում, բայց նա խորհրդանշում է այն փաստը, որ Գյումրին չեմպիոնների քաղաքն է։

Վարդգես Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ 1 ժամ 55 րոպե է ֆիլմը,  նկարահանումները սկսված են։  Ըստ նրա, ֆիլմի բյուջեն շատ մեծ է, սակայն Գյումրու համայնքապետարանը փոքր մասով է աջակցելու՝ 2 միլիոն 200 հազար դրամով։

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ  ասաց, որ ֆիլմի բյուջեն 90 միլիոն դրամ է կազմում, 40 միլիոնը տրամադրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Նա հետաքրքրվեց, թե ինչու համայնքն ավելի շատ գումար չի նախատեսում ֆիլմի նկարահանմանն օժանդակելու, Գյումրու քաղաքապետը պատասխանեց՝ ինչ չափի օժանդակություն որ խնդրել են, այդ չափով էլ  փորձում են օգնել։

Գյումրու համայնքապետարանը կհոգա նկարահանող խմբի՝ 40 անձի  հյուրանոցային 9 օրվա ծախսերը, սնունդը, հյուրանոցատերը, ըստ Վարդգես Սամսոնյանի, գիտակցելով ֆիլմի կարևորությունը, զեղչեր է արել։

Ֆիլմը, ըստ ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի, լուրջ ուսուցողական, դաստիարակչական, գեղարվեստական ֆիլմ է։ Ֆիլմը հասցնելու են նկարահանել ու ցուցադրել «Գյումրու օր» տոնակատարությանը, պրեմիերան լինելու է Գյումրիում։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ նշեց, որ այն մարմնավորում է գյումրեցու ոգին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829