Լրահոս
Օրվա լրահոսը

Խրիստոս Սոֆիանոպուլոսը Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-հունական գործակցության առավել զորացման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ

Փետրվար 16,2024 23:35

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի ամուր հիմքերի վրա։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին և կրած ծանր կորուստներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առկա մարտահրավերներին ու փորձություններին հնարավոր է դիմակայել միմյանց աջակից ու զորավիգ լինելով։

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Սփյուռքում հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած հիմնախնդիրներին։

Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-հունական գործակցության առավել զորացման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829