Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Հայ փաստաբանները պատրաստ էին գնալ Բաքու, սակայն պետական մարմինների կողմից եղան լուրջ խոչընդոտներ»

Մարտ 12,2024 22:03

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ մոտ ժամանակներս հեռարձակելու են Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի հերոս, գեներալ Լեւոն Մնացականյանի հետ հարցազրույցները: Դատելով հրապարակված լուսանկարներից՝ բոլորը արձանագրում են, որ դրանք խոշտանգված մարդկանց նկարներ են: Իսկ մասնագետները նշում են, որ այսպիսի իրավիճակներում չի կարելի նրանցից հարցազրույց վերցնել, քանի որ ակնհայտ է, որ դա եղել է կամ կլինի ճնշումների ներքո, ինչը  միջազգային կոնվենցիաների խախտում է:

Հայ ռազմագերիների իրավունքների, այդ թվում՝ դատավարական պաշտպանություն իրականացնելու միջազգայնորեն ընդունված իրավունքների մասին «Հայելի» ակումբում խոսեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ Բաքվի այն հայտարարությանը, թե հայ ռազմագերիները ըստ ադրբեջանական օրենսդրության, կարող են ունենալ միայն Ադրբեջանի քաղաքացի պաշտպաններ:

«Ադրբեջանը տարածեց տեղեկություն, որ այլ երկրից փաստաբաններ չեն կարող մուտք գործել ռազմագերիների մոտ: Բաքու գնալու  խնդիրը դեռեւս 2021թ. հունվարից բարձրաձայնվել էր մեր փաստաբանների կողմից, որպեսզի Հայաստանից փաստաբաններ գնան տեսակցելու այնտեղ գտնվող մեր ռազմագերիներին: Ադրբեջանի փաստաբանների պալատի նախագահը անմիջապես հայտարարություն տարածեց, որ Հայաստանի փաստաբանները իրենց օրենքի համաձայն չեն կարող Ադրբեջանի տարածքում պաշտպանություն իրականացնել անկախ նրանից, թե ով է մեղադրյալը:

Վատն այն չէ, որ Ադրբեջանի փաստաբանների պալատի նախագահն այդպիսի բան ասաց: Վատն այն է, որ մեր երկրում այն անձինք, ումից դա կախված էր, լիարժեքորեն կիսեցին այդ տեսակետը այն դեպքում, երբ դա ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեսակետ է:

Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս, որպեսզի պաշտպանություն իրականացնի այլ փաստաբան, քան Ադրբեջանի փաստաբան կառույցների անդամ փաստաբանները: Բայց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ անձը, ով ուզում է դիմել եվրոպական դատարան, իրավունք ունի ինքը ընտրել, թե որ փաստաբանի միջոցով դա կանի: Եվ դա կարող է անել Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկրում փաստաբանական գործունեության իրավունք ունեցող անձի միջոցով»,-ասաց փաստաբանը եւ բերեց նախադեպային օրինակներ:

«Բանաձեւը հիմա էլ շատ հասարակ է: Մենք՝ Հայաստանի փաստաբանները, չենք ասել եւ այդքան էլ միամիտ, անհեռատես չենք մեր մասնագիտության մեջ, որ ենթադրեինք, թե կարողանալու էինք գնալ եւ ադրբեջանական դատարաններում պաշտպանել մեր ռազմագերիներին: Մի հարց է, որ ներպետական դատարաններում պաշտպանություն իրականացվի: Տվյալ ոլորտը կարգավորում է տվյալ պետությունը: Մի ուրիշ հարց է, եթե անձը ցանկանում է ասենք, որպեսզի ես իր համար դիմեմ եվրոպական դատարան: Անկախ նրանից, թե այդ անձը ԵԽ անդամ որ երկրի բանտում է գտնվում, տվյալ երկիրը պարտավոր է բոլոր հնարավորությունները ստեղծել, որպեսզի ես մուտք գործեմ բանտ եւ այդ մարդուն տեսնեմ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին բոլորը գիտեն, նաեւ Հայաստանում: Եթե կարծիք կա, որ մեր ռազմագերիների նկատմամբ խախտվել է եվրոպական կոնվենցիան, իսկ դա կարող է լինել այն դեպքում, երբ առկա են խոշտանգումներ, անօրինական կալանավորում, առկա է արդար դատաքննության իրավունքի խախտում, անձնական կյանքին անօրինական միջամտություն եւ այլն, եւ եթե այսօրինակ խնդիրներ են առաջացել կամ ենթադրություն կա, որ այս խախտումները տեղի են ունեցել, ապա եթե գերիների հարազատները ցանկանում են, որպեսզի պայմանական դատապաշտպանը գնա, Բաքվի բանտում հանդիպի իրենց հարազատին ու նրա հետ միասին քննարկի  եվրադատարան այս հարցերից մեկով դիմելու հարցը, ոչ ոք չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

Բացառված չի, որ այս ամենը արվեր, բայց Ադրբեջանն ասեր, որ չի երաշխավորում անվտանգությունը, դրա համար պետք չէ գնալ, կամ իրենց  համար եվրոպական կոնվենցիան հիմք չէ եւ թույլ չեն տալիս: Բայց եթե Ադրբեջանն այդպիսի բան աներ, կստացվեր, որ այն, ինչ մենք հիմա ենթադրում ենք եւ խոշտանգումների մասին ենթադրությունների դաշտում ենք խոսում, դա հետագայում եվրոպական դատարանի համար կարող է դառնալ շատ ավելի հավաստի:

Ամփոփելով՝ մենք ունենք փաստ, որ փաստաբանների պալատը Բաքու մեկնելու  կոչին միանգամից արձագանքեց: Սպասվածից շատ փաստաբաններ պատրաստակամություն հայտնեցին գնալ, ինչի հետ կապված միայն գոհունակություն  կարող ենք հայտնել: Իսկ նրանք, ում համար պետք է շահագրգռվածություն լիներ, անհրաժեշտ քայլեր չարեցին: Հակառակը, պետական մարմինների կողմից եղան լուրջ խոչընդոտներ»,-ասաց բանախոսը:

Հայկ Ալումյանը չակերտներ առայժմ չբացեց՝  նշելով, որ այդ ամեն ինչը արձանագրված է: Եվ խոստացավ, որ կգա ժամանակը եւ այդ ամենը օրով, ժամով, ամեն մեկի ասածով ու չասածով կհրապարակվի:

Վերջում նա մեկ անգամ եւս ասաց. «Հայ փաստաբանները պատրաստ էին գնալ Բաքու: Անհրաժեշտ գործիքակազմը ստիպել Ադրբեջանի իշխանություններին՝ թույլ տալ մեր փաստաբաններին՝ տեսակցել մեր գերիների հետ կար: Եվ եթե Ադրբեջանը դա չաներ, Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր դատավարությունները հայտնվելու էին կասկածի տակ»,-ասաց Հայկ Ալումյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031