Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կես միլիոնի չափով փող ունեցար` տանիք կգտնես»

Մարտ 18,2024 12:31

Ասում է լրագրող, ԱԺԲ կուսակցության մեդիա-համակարգող Հերմինե Մկրտչյանը

– Հերմինե, վերջերս նկատելի էր ձեր մոտ որոշակի ընդվզում, մասնավորապես, այն կապված է երեւանյան խնդիրների, սոցիալական իրավունքներն իրացնելու, տուն վարձելու հետ: Որո՞նք են այդ խնդիրները:

– Նշեմ, որ մինչ օրս բնակարանային փնտրտուքի մեջ եմ, հուսամ՝ առաջիկայում երկար տանջանքներից հետո կկարողանամ լուծել այս խնդիրը, քանզի այսօր Երեւանում բնակարան վարձակալելը, տուն գտնելը մի մեծ գլխացավանք է դարձել: Պատճառները շատ են: Վերջին 2-3 ամսվա իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս ոլորտում վերահսկողություն ընդհանրապես չկա, ով ինչ ուզում` անում է: Դժգոհությունները համատարած են: Եվ խնդիրը նոր չէ, արդեն 2-3 տարի այս անկառավարելի վիճակը պահպանվում է, մենք` վարձակալներս, տուժել եւ տուժում ենք: Այս տարիների ընթացքում դիտավորությամբ ոչ մի գործուն մեխանիզմ չներդրվեց, որպեսզի դաշտը փոքր-ինչ կարգավորվի: Շատերիս էր հայտնի, որ վարձակալության տրված տան համար բնակարանատիրոջ կողմից վճարվող եկամտահարկը ոչ մի կայունություն չի բերելու այս ոլորտին: Եվ այդպես էլ եղավ. ոչինչ չի փոխվել, տները հանձնում են աստղաբաշխական գներով: Կես միլիոնի չափով փող ունեցար` տանիք կգտնես (տան պայմանների մասին դեռ չեմ խոսում), եթե ոչ, կմնաս դրսում: Բայց պետք է նշեմ, որ ընդհանուր բոլոր ոլորտներում էլ նույն իրավիճակն է: Հարկավոր է համակարգային փոփոխություն, իսկ դա կլինի այս իշխանություններին հեռացնելուց հետո միայն:

– Ասացիք՝ որոշ երեւույթներ եք նկատել, ինչպիսի՞ն են դրանք:

– Ինչպես նշեցի, խնդիրները շատ են: Նախ վարձավճարներն ուռճացված են, մի փոքր սենյակ վարձակալելու համար ստիպված պետք է վճարես աշխատավարձիդ մեծ մասը կամ ամբողջը… Բայց ինչպիսի՞ն են առաջարկվող պայմանները: Տպավորություն է, թե շատերը բիզնեսով են զբաղված, ով չորս պատ ունի՝ որպես բնակարան, աստղաբաշխական գներով վարձով է տալիս: Կամ հայտարարություն են տալիս, նայում ես՝ նկարներով նորմալ տուն է երեւում, գնում ես տեսնելու, վարձակալելու նպատակով, մի ահավոր իրավիճակ: Լավ, 200 հազար դրամ վճարես, ու քիչ թե շատ նորմալ պայմաններում էլ չապրե՞ս, տանը աթոռ էլ չլինի՞ կամ՝ ջեռուցում: Սա ի՞նչ է, եթե ոչ թալան: Կամ տունը պայմանագրով վարձակալում ես, մի քանի ամիս անցնում է, տանտերը գալիս ինչ-որ մտացածին պատճառաբանությամբ ուզում է դուրս հանել վարձակալին, հետո ավելի թանկ գնով տունը վարձով տալիս: Այս հարցերն արդեն իսկական գլխացավանք են դարձել վարձակալներիս համար: Ինչքա՞ն կարելի է գին բարձրացնել, եթե չկա աշխատավարձի բարձրացում, կամ ինչո՞ւ են վիրավորում տուն չունեցող եւ վարձով ապրող մարդուն՝ առաջարկելով սարսափելի վատ պայմաններ նման գներով: Արդեն պարզ է, որ դիտավորությամբ կարգի չի բերվում այս ոլորտը, այդ պատճառով էլ շատերը առիթից օգտվելով՝ նման անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում իրենց իսկ հայրենակիցների նկատմամբ: Շատերը ցանկանում են ուղղակի ուրիշների հաշվին փող աշխատել, բայց կարծում եմ՝ մի օր այս վիճակը պայթելու է…

Բայց այս ամիսների ընթացքում տուն փնտրելիս մեկ այլ կարեւոր եւ մտահոգիչ խնդրի բախվեցի: Երբ զանգահարում եմ բնակարանատերերին կամ գործակալներին, շատ դեպքերում առաջին հարցը, որ տալիս են, հետեւյալն է՝ արցախցի՞ եք: Հարցնում եմ՝ ինչո՞ւ եւ ստանում հետեւյալ պատասխանը՝ տանտերն արցախցիներին բնակարան չի տրամադրում: Ապշած եմ: Իմ բնակության հարցը արդեն հետին պլան թողած՝ սկսել եմ այս մտահոգիչ հարցով զբաղվել: Խոսում, բացատրում, ներկայացնում եմ, որ այդ մոտեցումը սխալ է: Նրանք եւս մեր հայրենակիցներն են, ինչպե՞ս կարելի է նման խտրական մոտեցում ցուցաբերել: Չէ՞ որ նրանց տուն ու տեղից զրկել են, չէ՞ որ նրանք այդքան տառապանք եւ ցավ տեսան, հայրենիք կորցրեցին, մի՞թե կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել, իսկ ո՞ւր մնաց մարդկային մոտեցումը:

– Բայց նույն սոցիալական ցանցերում այլ հայտարարություններ ենք տեսնում, արցախցիներին զեղչով տրամադրելու…մասին:

– Ես սոցիալական ցանցերում հետեւում եմ նաեւ մի քանի խմբերի, որոնցում տանտերերն ու գործակալական ընկերությունները վարձով տներ են առաջարկում: Աննկարագրելի է, թե ի՞նչ է կատարվում այդ խմբերում եւ ի՞նչ դժգոհություններ են ներկայացնում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները:

Պատկերացնո՞ւմ եք, եթե անգամ տուն են տալիս Արցախից եկած մեր հայրենակիցներին, ապա այդ տանը անգամ կենցաղային տարրական պայմաններ չկան, իսկ գինը շատ բարձր է եւ մի քանի ամսվա վարձը պահանջում են ի սկզբանե: Ի՞նչ է սա: Ի՞նչ անուն տալ այս երեւույթին, չգիտեմ… մի՞թե չեն կարող կարեկից լինել գոնե այն մարդկանց, ովքեր տուն-տեղ, հայրենիք կորցնելուց բացի, իրենց ամուսիններին կամ զավակներին են զոհել, որ մենք այսօր հայրենիք ունենանք, մի՞թե այսօր առաջնայինը փողն է դարձել, մի՞թե այդքան անսիրտ ենք մեկմեկու նկատմամբ… ո՞վ, ինչո՞ւ հասցրեց մեզ այս խելագար վիճակին… գիտենք… բայց եկեք ուժ գտնենք մեր մեջ եւ հաղթահարենք այս վիճակը, քանի որ այն հաղթահարելի է, քանի որ մենք կարող ենք:

– Ասում են, որ օտար վարձակալների զանգվածային ժամանումը Հայաստան ավելի է բարդացնում այդ գործընթացը, ինչո՞ւ է ձեր կարծիքով այդպես:

– Այո, բնակարանների վարձավճարները բարձրացան 2022 թվականի մարտից սկսած, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիների զանգվածային հոսք սկսեց դեպի ՀՀ եւ վարձով տների գները կտրուկ բարձրացան ՀՀ ամբողջ տարածքում եւ ոչ միայն Երեւանում: Բայց գիտենք, որ ՌԴ քաղաքացիներից շատերն արդեն մեկնել են ՀՀ-ից, եւ սպասելի էր, որ արհեստականորեն բարձրացված գների կայունացում կնկատվի: Ցավոք, այդպես չէ: Ցավոք, հիմա էլ շատ բնակարանատերեր շարունակում են այն նույն գները առաջարկել ՀՀ քաղաքացիներին, որքան որ առաջարկել են ՌԴ-ից եկած եւ վճարունակ վարձակալներին: Միայն թե ՌԴ քաղաքացիներին բարվոք պայմաններ էին առաջարկում, իսկ ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, նույն բարձր գներով խայտառակ պայմաններ են տալիս:

Հարցազրույցը վարեց

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031