Լրահոս
Օրվա լրահոսը

«Covid-19» գործով վերացվել է քրեական հետապնդումը

Ապրիլ 01,2024 13:00

Տեղեկացանք, որ վերացվել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ, «Covid-19» հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների խմբերի պատասխանատու Լուսինե Եղիազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:

Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության համաձայն. «Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն (Բաբկեն Շահումյան-Ռ.Մ). կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը եւ իրացնելը, ինչպես նաեւ նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար… Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանն անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»:

Հիշեցնեմ, որ 2023-ին ձերբակալվեցին «Մեդլայն Կլինիկի» տնօրենի գործով ԱՆ Թոքաբանության կենտրոնի 11 աշխատակից, այդ թվում՝ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը, ապա՝ կալանավորվեցին, իսկ 2023-ի մարտի 13-ին «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որով պնդում էր, որ համավարակի օրերին բուժկենտրոնն իր միջոցներից է անգամ ծախսել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930