Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Կարապետյանը Թաիլանդում ծանրամարտի երկրորդ օլիմպիական ուղեգիրը բերեց Հայաստանին

Ապրիլ 08,2024 19:50

Թաիլանդի Պհուշկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը  Փարիզի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցումն է, այսօր Հայաստանը եւս մեկ օլիմպիական ուղեգիր նվաճեց:

Մինչեւ 102 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացրին Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը:

Սամվելը պոկում վարժությունում ընդամենը մեկ հաջող մոտեցում կատարելով 172 կգ ծանրաձողին, որոշեց չշարունակել պայքարը հրում վարժությունում:

Իսկ ահա Գարիկը պոկումում բարձրացրեց 185 կգ, ինչը երրորդ արդյունքն էր, հրումում 216 կգ-ով բավարարվեց 5-րդ տեղով, սակայն երկամարտի 401 կիլոգրամով պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Դա բավարար վարկանիշային միավոր բերեց օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան օլիմպիական քաշային կարգերը կրճատել է՝ դրանց քանակը հասցնելով 5-ի. 51, 73, 89, 102 եւ +102 կիլոգրամ; Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Թաիլանդ տարել է օլիմպիական երեք քաշային կարգերի ներկայացուցիչները: Անդրանիկ Կարապետյանը արդեն ուղեգիր նվաճել է: Այսօր նրան միացավ Գարիկ Կարապետյանը: Մենք նաեւ կարող ենք երրորդ մասնակիցն ունենալ Փարիզում: Վերջին ուղեգրի համար մրցումների եզրափակիչ օրը պայքարելու են գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:

Ավաղ, օլիմպիական խաղերին տղամարդկանց եւ կանանց մրցավեճին միեւնույն երկրից մասնակցել կարող են ընդամենը երեքական  ծանրորդներ, յուրաքանչյուր քաշային կարգում՝ մեկ ներկայացուցիչ: Այնպես որ մեր երկու հսկաների միջեւ հետաքրքիր պայքար է սպասվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930