Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Տավուշի գյուղերը հանձնելով՝ մնալու ենք առանց գազի, առանց կապի, առանց հոսանքի, ու կատարյալ անուղեղ պետք է լինել սա չտեսնելու համար»

Ապրիլ 10,2024 17:52

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում խոսելով Տավուշից տարածքներ եւ գյուղեր Ադրբեջանին հանձնելու պարագայում ընդհանրապես պետականության լինելիությանը սպասվող սպառնալիքների մասին՝ ասաց. «Հարց է ծագում չէ՞: Եթե դու տալիս ես ու ոչինչ չես ստանում, անգամ երաշխավորված խաղաղություն չես ստանում, ինչի՞ ես այդ բոլորն անում: Յուրաքանչյուր հայ՝ երեւանցի, գյումրեցի, վանաձորցի, պետք է հասկանա, որ այս ամենն արվում է ռուսներին այստեղից տշելու համար: Ադրբեջանը սա շատ լավ հասկանում է եւ այս ընթացքում ավելի կմերձենա Ռուսաստանի հետ:

Հայ ժողովուրդ, դուք հասկանո՞ւմ եք, որ այս տարածքում, որ կոչվում է Հայաստան, լոգիստիկա կա: Ինչքան էլ Ֆրանսիան գոռա, ինքը չի կարող մեզ մոտենալ: Որպեսզի մեզ օգնի, մենք պիտի հասանելի լինենք, չէ՞: Մենք այս տարածքում հասանելի ենք թուրքերին եւ ադրբեջանցիներին, Ռուսաստանին՝ Վրաստանի եւ Իրանի միջոցով: Ուրեմն այստեղ պիտի գտնենք մեր քաղաքականության լուծումը:

Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերը տալուն, նորից եմ ասում՝ տալու ոչինչ չկա»,-ասաց պարոն Բագրատյանը եւ քարտեզի վրա ցույց տալով՝ բացատրեց, թե ինչ արհավիրքներ են սպասվելու Հայաստանին:

«Ինչի՞ են սկսում հենց Տավուշից: Այդտեղից ադրբեջանցիները դուրս են գալիս գազատարի եւ երկաթգծի վրա: Հայաստան մի գազատար է մտնում եւ մի երկաթգիծ: Հիշենք Ստեփանակերտի պատմությունը: Թուրքիան եւ Ադրբեջանը որպեսզի մեզ հաղթեն, պետք է զրկեն գազատարից, երկաթգծից»,-ասաց Հրանտ Բագրատյանը ու նաեւ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի պահանջով թույլ է տալիս, որ Մեծամորի ատոմակայանը ամենաուշը մինչեւ 2027 թիվը փակվի:

«Մենք մնալու ենք առանց գազի, առանց կապի, առանց հոսանքի: Մի քիչ կոպիտ կհնչի, բայց կատարյալ անուղեղ է պետք լինել սա չտեսնելու համար: Կտրելով կապը Վրաստանից՝ Նիկոլ Փաշինյանն իրականում կտրում է կապը Ռուսաստանից»,-ասաց նախկին վարչապետը եւ արձանագրեց, որ Հայաստանն իրականում գլխացավանք է Թուրքիայի համար, որովհետեւ Թուրքիան գտնվում է հայկական եւ հունական հողերի վրա: Եվ այս առումով, Ռուսաստանի դեմ պայքարում Արեւմուտքին պետք է այս տարածաշրջանում թուրքական բաստիոն: Ու այս առումով Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերը համընկնում են Ռուսաստանի եւ Իրանի դեմ պայքարում: Կենսաշահերի տեսանկյունից Արեւմուտքը Հայաստանի բարեկամը չէ եւ չի կարող լինել:

Անդրադառնալով հանրության անտարբերությանը տեղի ունեցողի նկատմամբ՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ տարածքները Ադրբեջանին տալու եւ Ռուսաստանի դեմ աշխատելը շարունակելու դեպքում մենք կունենանք գործազրկություն 28-30 %, աղքատություն՝ 45-48 %: Եվ երբ խնդիրը ստամոքսի միջոցով կհասնի ուղեղին, այդ ժամանակ մեկ մարդու պես մարդիկ ոտքի կելնեն: «Բայց մենք ասում ենք. եկեք բանը դրան չհասցնենք, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ է լինելու»,-ասաց պարոն Բագրատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930