Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնի Մելիքյան․ «ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացը կարող է նախատիպային լինել հայ-ադրբեջանական սահմանազատման համար»

Ապրիլ 11,2024 12:09

«Սահմանազատման գործընթացը կարեւոր է, քանի որ բոլոր պետությունները պետք է ունենան միջպետական պայմանագրով ֆիքսված սահման։ Այս տարիներին ունենալով ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ, Վրաստանն այդ գործընթացը չավարտեց, եւ այսօր նույն մակարդակի հարաբերություններ ունենալով՝ մենք նույնիսկ կարող ենք նոր թափ հաղորդելով, այս գործընթացը սկսելով՝ ինչ-որ իմաստով օրինակ ցույց տալ մեր հակառակորդին»,-այսօր Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանն՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանազատման աշխատանքների հնարավորությանը։

Նա ասաց, որ Վրաստանի համար էլ կարեւոր է, որ եւս մեկ երկրի հետ ունենա միջպետական պայմանագրով ֆիքսված սահման։

ՀՀ-Վրաստան սահմանի հիմնական մասը հստակեցված է եղել, եւ ինչպես Մելիքյանն ասաց, մոտ 40%-ն է մնացել․ «Կան որոշ խնդրահարույց հատվածներ, այստեղ հստակ է, որ փոխադարձ փոխզիջման, բարիդրացիական, ռազմավարական հարաբերություններ ունեցող պետությունները պետք է միասին այս հարցը լուծեն։ Սա արագ չի լինելու, տարիների աշխատանք է, բայց կարեւոր է, որ այդ աշխատանքն ակտիվացվի։ Նաեւ դա կարող է նախատիպային լինել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի համար, եթե նույն մեխանիզմներով, մոտեցմամբ հայ-վրացական սահմանազատումը սկսվի, ապա այստեղ, իմ կարծիքով, Բաքուն ստիպված կլինի այս ամենը նկատի ունենալ եւ նաեւ ինչ-որ չափով որոշ ազդեցություն կլինի Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում ու այդ գործընթացում, քանի որ այնտեղ ավելի խնդրահարույց հարցեր կան»։

Փորձագետը հիշեցրեց՝ եթե անգամ կողմերը՝ հայ-վրացական, որոշ հատվածներում չգան մեկ ընդհանուր հայտարարի, ապա կա միջազգային արբիտրաժի մեխանիզմը, որին կարող ենք դիմել․ «Բայց իմ կարծիքով՝ նկատի ունենալով հայ-վրացական հարաբերություններն՝ այսօր ավելի իրական է, որ միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքով կհասնենք այդ հանգրվանին»։

Սահմանազատման գործընթացում, ըստ Մելիքյանի, երկու կողմերն էլ կարող են տարածքներ փոխանակեն, այստեղ կան միջազգային մեխանիզմներ՝ ԵԱՀԿ փաստաթուղթը, որով սահմանվում է, որ սահմանամերձ գյուղերը պետք է ունենան արոտավայրեր ու բնականոն կյանքն ապահովվի․ «Ուստի, միակողմանի որեւէ բան չի լինում։ Այս պարագայում ես չեմ ակնկալում, որ միակողմանի ինչ-որ բան լինի։ Այս դեպքում Լոռվա մարզն է, այնտեղ արդեն տարբեր հատվածներում այդ գործընթացը տեղի կունենա»։

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, եւ ինչպես կողմերն են ասում՝ այդ հարաբերությունների նոր որակին, փորձագետն ասաց՝ նոր որակի հարաբերություններ ունենալու ցանկություն Երեւանում եղել է վերջին տասնամյակներում, իրավիճակը ինչ-որ չափով փոխվել է 2012-ին, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, բայց որոշ հարցերում իրենք նախաձեռնողական չէին. «2018-ից հետո որոշ գործընթացներ տեղի ունեցան, երբ վրացական էլիտան, ըստ ինձ, ավելի սերտ հարաբերություններ ունեցավ հայկական նոր էլիտաների հետ եւ արդեն Հայաստանից գնացող ուղերձներն այնտեղ լսելի դարձան։ Բայց այսքանն էլ բավարար չէր, իմ կարծիքով՝ ամենալուրջ գործոնը եղավ 2020-ի պատերազմը եւ դրանից հետո ստեղծված աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական բալանսը մեր տարածաշրջանում, ուժեղացող Ադրբեջանը, միլիտարիստական Ադրբեջանը նաեւ սպառնալիք կարող է լինել Վրաստանի համար։ Նաեւ Թբիլիսին այս տարիներին նախաձեռնել էր միջնորդություն, եւ շատ կարեւոր էր նաեւ միջնորդական առաքելությունում հարեւաններ հետ, ում առաջարկում ես քո ծառայությունները, ունենաս հավասար հարաբերություններ։ 2011 թվականից իրենք Ադրբեջանի հետ արդեն ունեին ռազմավարական հարաբերություններ, ուստի կարիք կար հետպատերազմական իրողություններում իրենց դիվանագիտական քայլերն ավելի ակտիվացնելու։ Ղարիբաշվիլիի կառավարությունը արձագանքեց, եւ մենք ունեցանք հռչակագրի ստորագրում։ Այսօր անցնում ենք հաջորդ փուլին, երբ պետք է համաձայնեցնենք մեր օրակարգերը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930