Հուլիսի 2-ին Նյու Յորքում այցելեցի Ադամյան- Հովսեփյան «Կուրատորական պրակտիկայի ցուցասրահ» -ի կուրատորական պրակտիկայի արդյունքում ձևավորված չորս հայ արվեստագետների անհատական ցուցահանդեսները՝ չորս տարբեր ցուցասրահներում: Մասնակիցներն են՝ Թենի Վարդանյան, Արմենակ Գրիգորյան/ամօ, Մաշա Քերյան և Կարեն Օհանյան:
Թենի Վարդանյանը ներկայացված է «Մարմնից դուրս» ցուցադրությամբ: Կտավի ու թղթի վրա արված ստեղծագործություններում հեղինակը կարծես ներկայացնում է կյանքի տևողությունը՝ հիվանդություններ, տառապանք, արտաքսում ու դրանց արդյունքում դեպի մարմին փնտրելու որոնումները:
Արմենակ Գրիգորյան/ամօ-ի «Ներսում լինելը/դիմադրություն» (2018) ցուցահանդեսում նկարիչն իր իսկ պատրաստած սև արկղում տեսաշարժվող հոլովակով պատկերում է դիմադրության, պայքարի ու անհանդուրժողականության մի տեսարան, որը, համադրվելով սև արկղի այս կոնտրաստի հետ, ընդգծում է իրավիճակի ծայրահեղությունն ու փոփոխության անհրաժեշտության հրատապությունը:
Մաշա Քերյանը բոստոնաբնակ արվեստագետ է, որը ներկայացել է «Լուծարումից վեր» ցուցադրությամբ: Ներկայացված են փոքրիկ կտավներ, որտեղ պատկերված մարդկային ոտքերը կարծես լինեն արվեստագետի փոքր հույսը՝ տրավմաների հաղթահարման, արտաքին աշխարհի հետ երկխոսության համար: Դրանք նաև նախնիների հետ կապի ու հավասարակշռության սիմվոլներ են….
Կարդացեք նաև
Կարեն Օհանյանի «Ապագայի սրբապատկերներ» ցուցադրությունում ներկայացված է 20՝ կլոր փայտե շրջանակի վրա, յուղաներկով մագաղաթին (յուրաքանչյուրը 39 սմ տրամագծով) արված աշխատանքներ, որոնք նմանեցվում են ջրի կաթիլների, քարտեզի հատվածների, ակնթարթների կամ հայացքի առջև հայտնվող ու անընդհատ փոփոխվող տեսիլքների: Դրանք գունային գալարումներով ու էվոլյուցիայով զարգանում, բոցավառվում ու մարում են… Այս կրկնվող ֆորմաներն այցելուներին առանձնակի ձգողականությամբ որոշակի ժամանակ շրջանառում են ցուցասրահի տարածքում՝ ժամանակի ընթացքի, տարածության ու ակնթարթների միջով հերթական անգամ նոր ընկալմամբ անցնելու համար:
Ցուցադրությունը համադրված է Թամար Հովսեփյանի կողմից ու կգործի ս. թ. հուլիսի 2-ից օգոստոսի 3-ը: Նյույորքյան այցելուները դեռ հնարավորություն ունեն տեսնելու ու վայելելու ցուցադրությունը:
Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ՀԱՄԱԴՐՈՂ




















































