Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը գործում է նոր տարածքում

Ապրիլ 04,2025 18:35 Share

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն արդեն գործում է Վարդանանց 30 հասցեում. տարածքը կենտրոնին տրամադրվել է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ ծանոթանալու շենքային պայմաններին, կառույցի վերանորոգման և հիմնանորոգման  աշխատանքներին, ստեղծագործական գործընթացներին և առաջիկա անելիքներին:

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի մարտի 1-ից կենտրոնի վարչական և կազմակերպչական բաժինները, ինչպես նաև անսամբլներից` Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը, իրենց գործունեությունն են իրականացնում տարածքի բարեկարգված հատվածում: Նախարարի տեղակալը շրջել է տարածքում, ծանոթացել վարչական կազմի հետ, հետաքրքրվել, թե որքանով են նոր  պայմանները հարմար աշխատանքային գործունեության կազմակերպման համար:

Այնուհետև նախարարի տեղակալը ներկա է եղել Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի փորձին, որից հետո տնօրենի և ստեղծագործական  կազմի հետ քննարկվել են համույթի առաջիկա ծրագրերը, երկացանկի հարստացման, զարգացման, տարածման և հանրահռչակմանն ուղղված քայլերը:

Դանիել Դանիելյանի ընդգծմամբ՝ նախարարության քաղաքականության առանցքային ոլորտներից է հայկական ժողովրդական արվեստը՝ երաժշտությունը, երգն ու պարը. «Նախարարությունը կարևորում է հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի զարգացումը, և այն մեր ուշադրության կենտրոնում է: Անհրաժեշտ է շեշտը դնել կրթական գործընթացների և ոլորտն առավել գրավիչ դարձնելու քայլերի վրա: Միասին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի այս կենտրոնն իր որակական և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ դառնա ռեսուրս կենտրոն պետական և մասնավոր մյուս  խմբերի և համույթների համար»:

Անդրադառնալով երիտասարդ արվեստագետների կրթական և մասնագիտական  ներուժին՝ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի  ուսանողների և լավագույն շրջանավարտների ներգրավումը կենտրոնի ստեղծագործական աշխատանքներում:

Նշենք, որ  «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործունեություն են ծավալում Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը,  Հայաստանի պարի պետական անսամբլը,  Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930