Ծնողները պահանջում են օրենքին հետադարձ ուժ տալ, որպեսզի 2025 թվականին ամառային զորակոչի զինծառայողները նույնպես 1.5 տարի ծառայեն: Այդ պահանջով նրանք կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Բանն այն է, որ օրենսդրական փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա, ինչը ծնողների ընկալմամբ՝ արդար չէ:
«Ընդունված օրենքով 24 ամիսը փոխարինվել է 18-ով, խնդրում ենք, որ այն ազդի նաեւ 2025թ բոլոր զորակոչվածների վրա: Խտրականություն ենք համարում, քանի որ հասկանալի չեն փոփոխության պատճառները»,- լրագրողների հետ զրույցում ասաց մի ծնող:
Մեկ այլ ծնող հայտնեց, որ իրենց առաջարկել են առաջարկները եւ պահանջները գրավոր փոխանցել եւ սպասել գրավոր պատասխանի: «Բայց մենք հոգնել ենք նամակներ գրելուց: Մենք ցանկանում ենք, ենք, որ մի որեւէ պաշտոնյա մեզ ընդունի, սակայն որեւէ մեկը դա չի անում»,-ասաց նա:
Մի տիկին էլ ընդգծեց, որ ընդամենը զինվորների նկատմամբ արդարություն եւ հավասարություն են պահանջում, հատկապես, որ խոսքը վերաբերվում է նույն դասարանում սովորող զինակոչիկների ժամկետների տարբերությանը:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակից մայրերից մեկն էլ նշեց, որ ցանկանում են օրենքին տրվի հետադարձ ուժ. «Պահանջում ենք, որ 2025թ ամառվա զորակոչի զինծառայողների ժամկետը եւս փոխվի, ուզում ենք, որ մեզ հետ հանդիպեն, բանակցեն»:
Հավելենք, որ ապրիլի 3-ին էլ նույն պահանջով ծնողները հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ, սակայն առայժմ նրանց հարցը մնում է առկախ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































