Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ամենակարող չի, որպեսզի կարողանա միջազգային ռեգիոնալ կոնտեքստին հակադրվել»․ Սուրեն Սուրենյանց

Ապրիլ 28,2026 19:49 Share

«Մենք ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից չենք հրաժարվելու։ Նման արկածախնդրություն Հայաստանի երրորդ պատմության ընթացքում իրեն թույլ է տվել միայն Նիկոլ Փաշինյանը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

ԲՀԿ-ն այսօր ներկայացնում էր «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ծրագիրը։

Միջազգային երաշխավորների եւ միջնորդների ներգրավումը, ըստ նրա, ուժեղացնելու է խաղաղության գործընթացը եւ ինստիտուցիոնալացնելու դրա հիմքերը, ոչ թե «ռեւիզիայի» կամ բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու․ «Դուք ասում եք՝ Ադրբեջանը չի համաձայնվի․ մենք գիտենք, որ շատ դեպքերում, Հայաստանի ձեռքով կամ Հայաստանին պարտադրանքի միջոցով է միջազգային միջնորդներից հրաժարվելու գործընթացը տեղի ունեցել։ Ադրբեջանը շատ բանի չի համաձայնվում։ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ կրթական ծրագրերին եթե նայենք, Ադրբեջանը չի հաշտվում նաեւ ՀՀ-ի գոյությանը, տարածքային այս պարամետրերով։ Բայց դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը բերելու է մեր պետականության ոչնչացմանը։ Ես հեռու եմ այն մտքից, որ մենք աշխարհի մասին պատկերացում պետք է ունենանք «Մենք ենք՝ մեր սարերը» ֆիլմի մոտիվներով՝ «կարևորը մենք ենք, ԱՄՆ-ն, Ավստրիան», բայց Ադրբեջանն ամենակարող չի, որպեսզի կարողանա միջազգային ռեգիոնալ  կոնտեքստին հակադրվել։ Բավարար է, որպեսզի Հայաստանում լինի իշխանություն, որը մի քիչ սկզբունքային քաղաքականություն վարի եւ կարմիր գծեր ունենա, որպեսզի մեր այս շատ իրատեսական թեզը դառնա իրականություն, մանավանդ Իրանի պատերազմից հետո, երբ տարածաշրջանում իրողություններ են փոխվել»։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Սուրենյանցը օպտիմալ ձեւաչափ էր համարում, այժմ էլ գտնում է, որ դրա անդամ երկրները կարող են դերակատարում ունենալ, որովհետեւ տարածաշրջանում բոլորն էլ ունեն շահեր։

ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանն էլ հորդորեց՝ աշխարհը չբաժանել սեւի ու սպիտակի եւ չտրվել մեզ պարտադրվող՝ «պատերազմ, թե՞ խաղաղություն» կեղծ թեզին։ Նա հավելեց՝ ԲՀԿ-ն եւ իր թիմը շահագրգիռ են հարեւանների հետ խաղաղ ապրել՝ համակեցության կանոններով։ Ընդդիմության հաղթանակի պարագայում, ըստ նրա առաջին քայլը պետք է լինի ներքին աուդիտը, որը կուսումնասիրի գործող իշխանության կողմից ստորագրած բոլոր փաստաթղթերը, ձեռք բերած պայմանավորվածությունները եւ եթե արդյունքում բացահայտվի, որ ՀՀ ինքնիշխանությունը,  տարածքային ամբողջականությունը, կողմերի իրավահավասարությունը երաշխավորված է, ապա խնդիր չկա նույն ուղով շարունակելու։ Հակառակ պարագան անխուսափելիորեն հանգեցնելու է լարվածության, ուստի, ըստ իրավիճակի փոփոխության, պետք է բացթողումները շտկվեն՝ տանելով դեպի իրական եւ կայուն խաղաղություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930