Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը փոփոխական է, Պուտինը՝ պերճախոս, Էրդողանը՝ ժխտողական, իսկ Ալիեւը՝ հանդուգն

Ապրիլ 29,2026 12:00 Share

Ապրիլքսանչորսյան հակադրությունների ու անորոշությունների ցուցադրությունը՝ չորս մայրաքաղաքներից

«Ուժերը, որոնք… ի վերջո հասցնելու են պետականության ու հայրենիքի կորստի». Փաշինյանի փոփոխված դիրքորոշումը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցի օրը՝ արդեն երրորդ տարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլքսանչորսյան խոսքում Օսմանյան կայսրությանն ուղղված հասցեական քննադատություն ու պահանջ չհնչեցրեց։ Վերջին անգամ Փաշինյանը 2023-ին է ասել, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության կողմից։ Դրանից հետո նա ապրիլքսանչորսյան ուղերձներում պնդում է, թե Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերը «աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների» զոհ դարձան, կարեւորում է հարցը՝ «Ի՞նչ պիտի անենք եւ ի՞նչ պիտի չանենք, որ բացառենք ցեղասպանության վտանգը»։ «Աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան», նշել է նա։

Իր ուղերձում Փաշինյանը պնդեց, թե «այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, ի վերջո հասցնելու են պետականության ու հայրենիքի կորստի»։ Թեեւ Փաշինյանը հինգ տարի առաջ վստահ էր, որ միայն ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները, այժմ նա նշում է. «Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանությունը կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Փաշինյանը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը պնդել էր, թե՝ մենք դեռ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով ենք ընկալել տեղի ունեցածը, կամ ինչու այդ հարցը հայտնվեց Խորհրդային Հայաստանի օրակարգում. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել, եւ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։

Մինչդեռ 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թ. իր ուղերձում Փաշինյանը նշել էր. «Առաջին անգամ 1965-ին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երեւանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան։ Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլեւ այն փաստի հետ, որ 1946-49 թթ. շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան՝ դառնալով Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը»։ Ապա հավելել էր. «Անցել է մեկ դարից ավելի, սակայն առայսօր Թուրքիան կատարվածի համար ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք հիշում ենք եւ պահանջում»։

Անցյալ տարվանից պաշտոնական Երեւանը հայտարարում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Փաշինյանն այս մասին խոսեց 2025-ի մարտին՝ Երեւան եկած թուրք լրագրողների հետ զրույցում։

Մոսկվան այս տարի պերճախոս էր

Անմեղ մարդկանց դաժան կոտորածը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետեւանքները հստակ ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական ատելության, ազգայնականության եւ քսենոֆոբիայի հրահրումը։ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում այսպիսին էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականը։

Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ, եւ այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ՝ Պետդումայի 1995 թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ։

«Համոզված ենք, որ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային բնաջնջման եւ տեղահանման քաղաքականությունն արդարացում չունի եւ չի կարող ունենալ, եւ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի», – նշել է Պուտինը։

Նա համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս հայերը պահպանելու են ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգեւոր արժեքները։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարը մանրամասն անդրադարձ է կատարել 11 տարի առաջ, երբ Երեւանում անձամբ էր մասնակցում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին։ Ի դեպ, անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի օրը, ՌԴ-ից նման պերճախոս գնահատականներ չհնչեցին։ Միայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր «սեփական ցավի» ու «դժբախտության» մասին խոսել։ Այս տարի Պուտինի ուղերձից բացի, նաեւ Զախարովան էր անդրադարձել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 111-րդ տարելիցին՝ նշելով. «Հայ պատմաբանների տվյալներով՝ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 1.5 միլիոն մարդ, իսկ ավելի քան 600,000-ը վտարվել են իրենց տներից։ Սրբավայրեր եւ ճարտարապետական հուշարձաններ են ոչնչացվել։ Սկզբից մեր երկիրն այս սարսափելի ողբերգությունը ընկալել է որպես իր սեփական վիշտ։ Մեր քաղաքներում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ։ Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին եւ սգում ենք նրանց հետ։ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ եւ հետեւողական է՝ էթնիկ պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացվել։ Մեր երկիրը մի շարք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերի կողմ եւ նախաձեռնող է, այդ թվում՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի։

Վերջերս՝ ապրիլի 19-ին, առաջին անգամ… ըստ ռուսերեն լեզվի օրենքների, պետք է ասել «նշվեց», բայց ես դեռ կցանկանայի ասել «ապրել» այս սգավոր ամսաթիվը՝ Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը ամրագրված է մեր օրենսդրությամբ»։

Զախարովան նաեւ հավելել է. «Ռուսական դիվանագիտությունը առաջատար դիրքերում էր հայ ժողովրդին 20-րդ դարի առաջին քառորդի ողբերգական իրադարձությունները որպես… ճանաչելու գործում։ Ժամանակակից Ռուսաստանը աշխարհում առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը Պետդումայի համապատասխան փաստաթղթերում։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի 1995 թ. հայտարարության համաձայն՝ այսօրվա ամսաթիվը մեր երկրում համարվում է այս ողբերգության անմեղ զոհերի հիշատակի օր։ Մենք երբեք չենք թաքցրել մեր դիրքորոշումը։ Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, ինչպես նաեւ պաշտոնական պատվիրակությունները, այցելում են Երեւանի հուշահամալիր, որը կառուցվել է խորհրդային տարիներին եւ նվիրված է ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ի տարբերություն որոշ արեւմտյան գործընկերների, որոնք այսօր իրենց ուշադրությունը սեւեռել են Հայաստանի վրա, մենք չենք հեռացնում աջակցության նման ժեստերի մասին գրառումները սոցիալական ցանցերից կամ լրատվական հարթակներից։ Մենք նաեւ չենք խուսափում «ցեղասպանություն» բառից։ Մենք գիտենք, որ այսօր՝ ապրիլի 24-ը, հսկայական հոգեւոր, բարոյական եւ քաղաքական նշանակություն ունի մեր բարեկամ հայ ժողովրդի եւ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։

Այս սգավոր օրը ոչ միայն հիշատակի ամսաթիվ է, այլեւ հայերի դիմադրողականության, միասնության, իրենց պատմական ավանդույթներին նվիրվածության եւ իրենց ինքնության պահպանման խորհրդանիշ»։

Այստեղ հարկ է նկատել, որ 2015 թվականին, երբ Հայաստանը Հայոց ցեղասպանության հիշատակը ըստ արժանվույն սգում էր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում իր 5 րոպեանոց ելույթում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չի արտաբերել եւ Օսմանյան կայսրությունը չի հիշատակել։

Թե ինչու հայաստանյան թեժ նախընտրական գործընթացների օրերին, Հայաստան-Արեւմուտք համագործակցության վերաբերյալ շարունակական զգուշացումներ շռայլող Մոսկվան այս տարի որոշեց այսպիսի տպավորիչ անդրադարձ կատարել ապրիլի 24-ին, թերեւս այնքան էլ բարդ չէ կռահելը։

Էրդողանն այս տարի եւս չհիշատակեց ցեղասպանություն եզրույթը

Պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել եւ չի ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ինչպես նախորդ հինգ տարիներին, այս տարի էլ ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումները Ստամբուլում արգելվել են։ Այս տարվա ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ, ի թիվս այլ ժողովուրդների, նաեւ հայերն են խորը ցավեր կրել։

Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում։ «Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը», գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ «Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների եւ բարեկամների հետ միասնաբար գործել եւ պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունները», նշել է նա։

Իսկ ահա պաշտոնական Բաքուն այս տարի ցուցաբերեց բացառիկ հանդգնություն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտեց» ապրիլի 23-ին Երեւանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ «Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ եւ անհապաղ կանխեր նման արշավը, որը «խորը արմատացած էթնիկ ատելության դրսեւորում է»։

Նկատենք, որ Փաշինյանը սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Երեւանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ Նա դատապարտել է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես «անպատասխանատու եւ անթույլատրելի»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արգելափակված է

Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արդեն չորրորդ տարին շարունակվող բանակցություններին՝ մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների առջեւ սահմանը բացելու վերաբերյալ։

Արդեն չորս տարի է, ինչ Երեւանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, սակայն կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է։ Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաեւ Ալիջանի անցակետը։ Բայց կրկին որեւէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ։

Նկատենք, որ վերջերս Հայաստանի խորհրդարանի խոսնակը Թուրքիայում հրապարակավ փաստեց, որ Անկարան այս հարցում Ադրբեջանի շահերով է առաջնորդվում։ Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին ու ազդեցությունը, խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ստամբուլում տեղի հայկական լրատվամիջոցների հետ ասուլիսում նշեց Ալեն Սիմոնյանը. «Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին»։ «Ակոս» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան. «Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլ չի ձեռնարկում»։ Այդ դեպքում ինչի՞ է սպասում Անկարան, միգուցե հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Ալեն Սիմոնյանն ասել է. «Սկզբից ասում էին, որ սահմանը չի բացվի, մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծվի։ Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Դրանից հետո մեջտեղ բերեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Մենք բանակցեցինք, համաձայնության եկանք 17 կետերի շուրջ, նախաստորագրեցինք այն, ձեռք սեղմեցինք, բայց դրանից հետո էլ ոչինչ տեղի չունեցավ»։

Հետեւաբար, պաշտոնական Երեւանը ի՞նչ եզրակացությունների է հանգել՝ վերոնշյալ փաստերը համադրելով։

Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը բազմիցս են հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցնում են Բաքվի հետ։ «Ադրբեջանի հետ համակարգմամբ մենք փուլ առ փուլ առաջ ենք տանում հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», – վերջերս էլ նշել էր Թուրքիայի նախագահը։

Նկատենք նաեւ, որ անցած չորս տարում առաջին անգամ Հայաստանն այս տարի որոշեց Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին մասնակցել ոչ թե արտգործնախարարի, այլ՝ փոխարտգործնախարարի մակարդակով։ Այս տարի Թուրքիա չմեկնեց նաեւ հայ-թուրքական հաշտեցման հարցով գլխավոր բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես նկատում ենք՝ փոփոխություններ չկան նաեւ հայտարարությունների մակարդակով, առնվազն՝ ապրիլքսանչորսյան ուղերձների։ Ինչպես եւ նախորդ տարիներին, այսօր էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը։

Ի՞նչ գործելաոճ են որդեգրել Թուրքիայի իշխանությունները…

Ժամանակ առ ժամանակ Անկարայից հիշեցնում են, որ ակնկալում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Օրեր առաջ նման հերթական հույսն էր հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով անցկացված ճեպազրույցում։ «Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ», – նշել էր նա։ Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն ունի տնտեսական առավելություններ. «Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման հարցում չափազանց կարեւոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարեւոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։ «Զանգեզուրի միջանցքը» շատ կարեւոր ուղի է Թուրքիայի համար։ Այս հարցի շուրջ մենք նաեւ աշխատում ենք Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան»։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր ենք գործադրել՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչեւ որակյալ դիվանագիտություն՝ հաշվի առնելով տարածաշրջանային երկրների եւ համաշխարհային տերությունների շահերը, որպեսզի հակամարտությունը չտարածվի Թուրքիայի վրա», հավելել էր Հաքան Ֆիդանը։ Նա նշել էր, որ տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու՝ Անկարայի ակտիվ քայլերը դրսեւորվում են նաեւ դիվանագիտական ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձեւավորելու նպատակով. «Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն եւ անկայունություն այս կամ այն կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է պետական տեսլական ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»։

Այս իրավիճակում էլ Փաշինյանը, կարծես, հույսը չի կորցնում։ Անցյալ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական բլոկը ներկայացնելիս, անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե թրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, նա հակադարձել էր. «Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցովգ մեր ասելիքներն ու օրակարգերը 90 եւ ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերգ երբ երրորդ անձի միջոցով ես շփվում որեւէ մեկի հետ, երբեք չես կարող համոզված լինել, որ քո ուղերձները հասցեատիրոջը ճիշտ են փոխանցում, եւ նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ են գործում։ Սա է եղել պատճառը, որ տասնամյակներ խաղաղություն չի հաստատվել։ Մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, ասել ենք՝ եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, ինչո՞ւ մենք չպետք է խոսենք։ Մեր այդ գործելակերպի փոփոխությունն իրենք օգտագործում են ինձ կամ մեզ մեղադրելու թրքամետության կամ ադրբեջանամետության մեջ։ Երբ ուզել են Թուրքիային բան ասել, մտածել են՝ իսկ ո՞ր մայրաքաղաք զանգենք, որ դա հասցնեն Թուրքիային կամ Ադրբեջանին։ Մենք նախընտրում ենք ուղիղ հաղորդակցությունը, բայց օրակարգեր կան, որտեղ երրորդ երկրների ներգրավվածությունն անհրաժեշտ ու պարտադիր է»։

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում ի՞նչ են փոխել այս ուղիղ շփումները՝ գործնականում։ Բացի Հայաստան ադրբեջանական բենզինի մատակարարումներից՝ ի՞նչ այլ «ձեռքբերում» կա։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930