Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ վիզաների ազատականացումն անում են, որ մարդիկ ՀՀ-ից արտագաղթեն, նորմալ է նախընտրական շրջան է»․ Բաբկեն Թունյան

Ապրիլ 30,2026 12:08 Share

«Մինչև ճգնաժամն իրեն չբացահայտի, հայտարարել, որ շատ վատ է լինելու, Նոստրադամուսի նման բան է։ Օրինակ՝ նման է, որ ինչ-որ մեկի աչքերին խորը նայես, ասես, որ ես գիտեմ՝ ինչ-որ պահի դու մահանալու ես։ Ինչ-որ մի պահի կարող է շատ վատ լինել, դա կլինի ճգնաժամի՞ արդյունքում, թե՞ ոչ, բարդ է ասելը։ Մենք հետևում ենք, եթե կտեսնենք, որ ճգնաժամ է բացահայտվում, հընթացս կարձագանքենք»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկման, թե ընդդիմադիր գործընկերները հայտարարում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո մեր ոսկերչությունն աղետալի վիճակում կարող է հայտնվել և հարցին կա՞ նման մտավախություն, այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Սերգեյ Բագրատյան

Նա նշեց՝ կարգավորումն ուղղված է նրան, որ ոսկերչական ոլորտի ԱԱՀ հարկումը լինի ավելի արդյունավետ, բարելավվեն տնտեսվարողների պայմանները, նաև տնտեսություն-պետություն հարաբերությունները․ «Մասնավորապես առաջարկվում է ճշգրտել ԱԱՀ բազայի հաշվարկը․ արտադրողների համար հաշվելու ենք՝ իրական արժեքից հանելու ենք ձեռքբերման արժեքը, և դա է հաշվարկման բազան, բայց ոչ պակաս, քան իրական արժեքի ութսուն տոկոսի տասը տոկոսը արտադրողների համար, վերավաճառողների համար այս լրացուցիչ սահմանափակումը չկա»։

Ավագ Ավանեսյան

Անդրադառնալով մտահոգություններին՝ Ավագ Ավանեսյանը հիշեց՝ երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը նոր էր սկսվում, որոշ գործընկերներ ասում էին՝ հեսա ոսկերչությունը վատ վիճակում կհայտնվի, քանի որ մեր հիմնական սպառման շուկաներից մեկը կոչնչանա․ «Հիմա հակառակն են ասում՝ հակամարտությունը, երբ վերջանա, վատ է լինելու։ Եկեք ավելի խորքային նայենք, եթե խոսքը հենց ոսկերչության մասին է, որի զարգացման նպատակն ունի այս նախագիծը, այո, հնարավոր է՝ ինչ-որ բաներ կփոխվեն, թե ինչ կփոխվի, բարդ է ասել։ Եթե վերաարտահանման մասին ենք խոսում, ապա չեմ հասկանում՝ ինչո՞ւմ է աղետը։ Այս նախագծով մենք փորձում ենք զարգացնել արդյունաբերությունը, երկարաժամկետ բարեխիղճ գործարարների կյանքը հեշտացնենք։ Կարող է հենց ճգնաժամն ավարտվի, շատ մեծանա պահանջարկը»։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ, իր ձևակերպմամբ, չարագուշակությունների մասին խոսելով՝ նշեց․ «Ասում են՝ վիզաների ազատականացումն անում են, որ մարդիկ ՀՀ-ից արտագաղթեն։ Ասինքն՝ ամեն լավ բանի տակ մի բան գտնելու են, բայց դե, նորմալ է»։

Ավագ Ավանեսյանն էլ նշեց՝ Թայվանի օրինակը ցույց է տալիս, որ մարդիկ գնում են, դրսում կապեր ստեղծում, արտադրություն հիմնում, հետո տեղափոխում իրենց երկիր․ «Որոշ մարդիկ, այո, գնալու են, բայց եթե մենք այստեղ պայմաններ ստեղծենք, և այս նախագիծը հենց այդ նախագծերից մեկն է, որ միտված է տնտեսական զարգացման, ու եթե մենք շարունակենք այս ուղղությամբ, մարդիկ գիտելիք, կապեր ձեռք կբերեն դրսում և այդ կապերով այստեղ հիմնեն արդյունաբերություն»։

Բաբկեն Թունյանն էլ ասաց՝ խնայում են փոխնախարարին, չեն ուզում ներքաշել քաղաքական խնդիրների մեջ․ «Արտագաղթի մասին մեղադրանքները հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, որոնց ժամանակ ՀՀ-ից մի քանի հարյուր հազար մարդ է արտագաղթել։ Նախընտրական շրջան է, պետք է համբերությամբ զինվենք, սպասենք մինչև հունիսի 8-ը, հետո կտեսնենք՝ ինչ է լինում»։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930