Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Սարսափելին այն է, որ այդ ձայնը մնում է անարձագանք մեր գիտական հաստատությունների ներսում»

Ապրիլ 30,2026 21:35 Share

2026 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի այցը Գիտությունների ազգային ակադեմիա ևս մեկ անգամ ջրի երես հանեց այն ողբերգական անդունդը, որն առկա է այսօրվա իշխանական նկրտումների և հայ մտավորականի կեցվածքի միջև։

 

Մի դահլիճում, որտեղ տասնամյակներ շարունակ կռվել է հայագիտական միտքը, պահպանվել են մեր պատմության ու ինքնության հիմնասյուները, այսօր տիրում է մի թշվառ ստրկամտություն։

Երբ երկրի ղեկավարը, որին քաղաքական կուրսը բազմիցս թիրախավորել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մտնում է գիտության տաճար, մենք ակնկալում էինք տեսնել գիտական սթափություն և արժանապատիվ հակադարձում։ Սակայն ականատես եղանք մեղսավոր անտարբերության։

Ինչպե՞ս կարող է հայ գիտնականը լուռ լսել թաքնված թեզեր, որոնք փորձում են խմբագրել մեր պատմությունը և նսեմացնել Եկեղեցու դերը պետականակերտման գործում։ Սա պարզապես լռություն չէ․ սա հրաժարում է այն առաքելությունից, որը կրում է մտավորականը։ Եթե Եկեղեցին այսօր միայնակ է դիմագրավում ապազգային ու հակաեկեղեցական արշավին, ապա Ակադեմիայի այդ լռությունը դառնում է այդ արշավի լուռ համախոհը։ Ինչպես Սուրբ Ներսես Շնորհալին է ասում․ «Չարիքի դեմ չխոսելը նույնն է, ինչ չարիքին գործակից լինելը»։

Վարչապետի այցի ողջ թշվառությունը հենց դրանում էր՝ տեսնել, թե ինչպես է գիտական էլիտան հանուն օրվա հարմարավետության զիջում իր բարոյական դիրքերը։ Այսօր, երբ թշնամի երկրի հոգևոր առաջնորդն իրեն թույլ է տալիս հանդես գալ քաղաքական ամբիցիաներով, կասկածի տակ դնել հայկական սրբավայրերի պատկանելիությունը և փորձ է անում արդարացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը հնչում է որպես ծնողի ցասում՝ իր զավակին պաշտպանության պահին։

Սակայն սարսափելին այն է, որ այդ ձայնը մնում է անարձագանք մեր գիտական հաստատություններում։ Ակադեմիական այն լռությունը, որին ականատես եղանք վարչապետի այցի ժամանակ, սնուցում է թշնամու հանդգնությունը։ Եթե մեր սեփական գիտնականը չի պաշտպանում իր Եկեղեցու իրավունքն ու պատմական դերը, ապա ի՞նչ պահանջենք օտարից։ Գիտնականի անտարբերությունը մեղք է ոչ միայն ներկայի, այլև գալիք սերունդների առաջ։ Պատմությունը չի ներելու նրանց, ովքեր «ակադեմիական չեզոքության» քողի տակ թաքնվելով՝ թույլ տվեցին, որ հարված հասցվի ազգային ինքնության հիմնասյանը։

 

Ինչպես Ներսես Լամբրոնացին էր հորդորում լինել «իմաստուն և արթուն», այնպես էլ այսօրվա մտավորականին է վայել ազգային աղետի շեմին լինել իմաստուն և արթուն։ Վարչապետի այցի թշվառությունն այն չէր, թե ինչպիսի վտանգավոր ու թաքնված ապազգային ուղերձներ էր նա հնչեցնում (նա դա հաճախ անում է ավելի բացահայտ), այլ այն, թե ինչպես էր դա ընդունվում՝ առանց հարցերի, առանց առարկությունների, առանց արժանապատվության։ Մինչ Եկեղեցին փորձում է պահել մեր հոգևոր սահմանները, Ակադեմիայի դահլիճներում գծվում են հարմարվողականության նոր «ուղեցույցներ»։

Բայց մեզ՝ հայերիս, պատշաճ է հիշել, որ առանց հոգևոր և գիտական միասնության, պետականությունը վերածվում է սոսկ վարչական տարածքի։ Հունիսի 7-ին մենք ընտրություն ենք կատարելու նաև այս անտարբերության և արժանապատիվ կեցվածքի միջև։ Մեր ազգն արժանի է ունենալ ոչ թե լուռ «գիտնականներ», այլ ճշմարտության մարտիկներ, ովքեր գիտեն, որ համագործակցության բոլոր հնարավոր ուղղություններով իրար շաղկապված Ազգային Եկեղեցին ու Ազգային Պետությունը մեր տեսակի հարատևման միակ երաշխիքն են։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930