«Խորհրդային իշխանության ամենածանր շրջանից ի վեր Հայ առաքելական եկեղեցին երբեք չի բախվել պետության կողմից հովանավորվող այսպիսի խոր և ինտենսիվ հետապնդման»,-ամրագրված է Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) զեկույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններին։
Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) կազմակերպությունն իր պատրաստած զեկույցում հրապարակել է Հայաստանում քաղբանտարկյալների ցուցակը։ Զեկույցի հեղինակն է միջազգային իրավաբան և պատմաբան Փիթեր Ֆլյուն, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում և Կովկասում կրոնական ազատությունների հարցերում։ Այն հիմնված է նրա վերջին փաստահավաք առաքելության վրա Հայաստանում։
Զեկույցում նշված քաղբանտարկյալների թվում են հոգևորականներ, նրանց հարազատներ, փոդքասթերներ, եկեղեցու աշխատակիցներ և այլ անձինք, որոնք ձերբակալվել են ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակում։ Քաղբանտարկյալների ցուցակը կազմվել է CSI-ի կողմից՝ համագործակցելով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ։
Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի առիթով Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) շահերի պաշտպանության գծով տնօրեն Ժուել Վելդկամպը նշել է․ «Երևանի կենտրոնում կազմակերպված քաղաքական միջոցառումներին մասնակցող եվրոպացի առաջնորդները պետք է իմանան, որ քայլելու հեռավորության վրա գտնվում է այն բանտը, որտեղ կալանավորված է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ շինծու մեղադրանքներով»։
Կարդացեք նաև
Փաստաթղթում ամրագրված է․ «Չնայած արևմտյան պետական գործիչների այն հայտարարություններին, թե Կովկասում խաղաղություն է հաստատվել, քրիստոնյա Հայաստանը շարունակում է բախվել պատերազմի վերսկսման վտանգի հետ։ Այս վտանգը գալիս է նրա ավելի հզոր մահմեդական թյուրքական հարևաններից՝ Թուրքիայից և Ադրբեջանից, որոնց դաշինքը գործում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո»։
Զեկույցում նաև ներառված են միջազգային իրավաբան և պատմաբան Փիթեր Ֆլյուի դիտարկումները․ «Հայաստանի կառավարությունը համակարգված կերպով խախտում է կրոնի կամ հավատքի ազատությունը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ շարունակվող արշավի շրջանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի չեզոքացնել այս հնագույն եկեղեցին։ Վարչապետի գործողությունները Հայաստանում առաջացնում են լայնածավալ ցնցում և վրդովմունք»։
Զեկույցում ամրագրված են նաև CSI-ի առաջարկությունները՝ ուղղված ԱՄՆ-ին, ԵՄ-ին և ԵՄ անդամ պետությունների․ «Հրապարակայնորեն հաստատել Հայ առաքելական եկեղեցու իրավունքը՝ առանց կառավարության մարմինների միջամտության կամ ճնշման ընտրելու իր ղեկավարությանը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հորդորել դադարեցնել նրա արշավը եկեղեցու դեմ։
Հրապարակայնորեն կոչ անել ազատ արձակել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալներին՝ հատկապես արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին՝ ընտրություններին ընդառաջ։ Ուղարկել դիտորդներ Հայաստանում դատական նիստերին, որոնք վերաբերում են անձանց, որոնք կարող էին կալանավորվել քաղաքական դրդապատճառներով։
Համագործակցել Հայաստանում գործող անկախ իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ օրենքի գերակայության պաշտպանությունը խթանելու համար։
Աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի 24.4259 բանաձևի իրականացմանը, որը կոչ է անում կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ նրանց անվտանգ վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































