«Միջոցառումները սիրուն են, բայց Հայաստանի շահը ո՞րն էր, կոնկրետ ի՞նչ արդյունքներ ունեցաք։ Խոսվե՞ց գերիների մասին, մեր օկուպացված տարածքների մասին խոսվե՞ց։ Լավ, այդ հարցերի մասին չեն ուզում խոսել, Եվրամիության ներդրումները, որ խոստացել էին, որտե՞ղ ենք հասել, ի՞նչ կոնկրետ ուղղություններով են ֆինանսավորվում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանից հնչել են աշխարհի բոլոր գերտերություններին թիրախավորող հայտարարություններ՝ ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան։ «Սա մեզ պե՞տք էր այս պահին, թե՞ պետք չէր։ Այս ամենը մեր տարածքի՞ց պետք է հնչեր, դա մեզ օգո՞ւտ էր, թե՞ օգուտ չէր։ Սրանք են հարցերը, այո, շոուն լավն էր, բայց ամեն մեկն այդտեղ ուներ իր շահը։ Եվ ես չեմ մեղադրում որեւէ պետության իր շահն ունենալու համար, ես հարցնում եմ՝ որտե՞ղ է այդտեղ Հայաստանի շահը։ Եթե մենք այդ գագաթնաժողովում ունենայինք Հայաստանի շահը ներկայացնող, Ալիեւի ելույթից հետո մենք կունենայինք պատասխան»,- ասաց նա։
Քրիստինե Վարդանյանը նաեւ հարցադրում ուղղեց ՀՀ իշխանություններին․ «Աշխարհում որտե՞ղ այդպիսի խաղաղություն կա, որտեղ քո հետքը վերացնում են, քանդում են քո պատմամշակութային տարածքները։ Քո տարածքներն օկուպացված են պահում, քաղաքացիներին գերի են պահում, դեռ ասում են, որ դա արդարություն է, քեզ էլ «սեպարատիստներ» են անվանում։ Եթե Ալեն Սիմոնյանը կամ որեւէ այլ մեկը աշխարհում այդպիսի խաղաղության օրինակ գիտի, թող բերի»։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք են իրականացնում, Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բերելու ուղղությամբ ամեն ինչ անո՞ւմ են, գերի համարո՞ւմ են, պահանջո՞ւմ են իրենց վերադարձը։ Ռուբեն Վարդանյանին պահանջո՞ւմ են, մյուսներին պահանջո՞ւմ են, բոլորին պահանջո՞ւմ են, թե՞ տարբերակում են՝ ով է հայ, ով հայ չէ»։ Նա նշեց, որ այս հարցն ամբողջական փաթեթով պետք է առաջ տանել։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործակցության հռչակագրի ստորագրմանը՝ Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Այնքան բան են հայտարարել՝ հռչակագրեր, միլիարդների աննախադեպ ներդրումներ, ոչ մեկի հետքը չենք տեսել։ Ես իրավունք ունե՞մ սկեպտիկ վերաբերվել բոլոր հայտարարություններին, որոնց դրական արդյունքը այդպես էլ չենք տեսնում։ Գալիս են, ինչ-որ հայտարարություններ են անում, որոնց արդյունքը չենք տեսել։ Բայց կոնկրետ ի՞նչ ունենք, կարծում եմ՝ Փաշինյանի համար նախընտրական լավ միջոցառում էր, որը պետական բյուջեով լավ կազմակերպել էին»։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, թե 8 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի արբանյակ էր, պատգամավորն ասաց՝ դա վիրավորանք է հայ ժողովրդի նկատմամբ։ «Դա մտածողություն է, որը մեր ժողովուրդը չի ունեցել։ Ես ցավում եմ, որ Ֆրանսիայի նախագահն այդպիսի հայտարարություն է անում»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































