Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ, չկան էդ աստղիկները, չեն գտնում այդ աստղիկները, բայց դրանից խոսակցության նյութը հո չի փոխվում»․ վեճ խորհրդարանում՝ «18 արդարների» գործով

Մայիս 06,2026 18:35 Share

«Արդեն մի քանի ամիս է դատը գնում է, առավոտից մինչև գիշեր փաստաբաններն ասում են՝ մի հատ աստղիկ ցույց տվեք։ Տիկին գլխավոր դատախազի ենթակա երեք դատախազները քար լռություն են պահում, որովհետև աստղիկ չկա, որովհետև մեկ տարի առաջ, Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության ժամանակ խաբել են ձեզ, ասել են՝ աստղիկներ կան, դատարանում պարզվել է՝ աստղիկներ չկան։

Այդպես են կարվում քրեական գործերը»,- խորհրդարանում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ գլխավոր դատախազը Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրանք ներկայացրեց ԱԺ ամբիոնից, ինչի հիման վրա անձեռմխելիությունից զրկվեց և կալանավորվեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Մեջբերեց մեղադրանքից, որը կարդացել էր Աննա Վարդապետյանը և որի հիման վրա կալանավորվեց Արթուր Սարգսյանը՝ «․․․փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ և այդ կերպ ավտովթարներ ստեղծելու, ճանապարհները փակելու, խցանումներ ստեղծելու նպատակով․․․» ու նկատեց՝ «խաբել են ձեզ»։

Գեղամ Մանուկյանի ելույթին արտահերթ կարգով արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Տարակուսեց «18 արդարներ» ձևակերպումից։ Վիճելի աստղիկների մասով էլ ասաց․ «Աստղեր կան-չկան՝ տանում, մտցնում եք քրեական գործի մանրամասների մեջ։ Պարտադիր չի այդ աստղերը լինեն։ Պլանավորած հանցագործությունը և քրեական օրենսգիրքը մանրամասն բացատրում են․ խումբ ստեղծել․․․ խումբ ստեղծելը ինչ-որ մի բան կատարելու համար արդեն ինքնին հանցագործություն է»։

Նա քննադատեց Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի 1»-ը հիշելով, մեղադրեց Գեղամ Մանուկյանին, որ այդ ժամանակ, երբ Երևանում մարդ էին գնդակահարում, իր «ձայնը չէր լսվում»։ Նաև ասաց՝ «ընդդիմությունը սատանի պես վախենում է» իրենցից, գործուղումների չեն գնում իրենց հետ։ Նաև հեգնեց՝ ասաց՝ իրենք կարող են ընդհանրապես լռել, մի բարձրախոս տալ ընդդիմությանը, և վերջիններս լավագույն ձևով ինքնաոչնչացման կգնան։ Անգամ «սպառնաց» իր ֆեյսբուքյան պատին դնել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները։ Հայտարարեց՝ «Հայաստան» դաշինքը այսօր արդեն ԱԺ անցնելու խնդիր ունի, որովհետև «փոզմիշ են արել» 2021-ին ստացած ձայները։ Տարակուսեց, որ կարող են այսօր մի հանրահավաք անել։ «Ուժեղ Հայաստանին» մեղադրեց գումարով, «սպարտիվկայով ու պեռաշկիով» հանրահավաք անելու մեջ։

Եզրակացրեց․ «Քաղաքական ուժի համար խղճուկ ավարտ է»։

Հետո ՔՊ-ի «ծանր հրետանին»՝ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ աստղիկների թեմային․ «Եթե էդ աստղիկները չկան, ավելի վատ ձեր համար, որովհետև դուք փուչիկ եք, որովհետև ձայնագրություն կա, մինչև հիմա ոչ ոք չի վիճարկել այդ ձայնագրությունը, որտեղ Արթուր Սարգսյանը մանրամասն ներկայացնում է այն աստղիկները, որոնք պետք է նետվեն «Գազելի» միջից՝ մեքենաների տակ։ Նաև նկարագրում է դրա տեխնիկական բնութագիրը, որ ինքը ոչ թե ակը ծակում է, այլ ճղում է։ Ես հստակ ասում եմ, եթե ակը ճղող բաներ են նետում փողոցներում, դա հանգեցնելու է վթարների։ Հիմա, եթե խոսակցությունն ունեցել են, պլանն ունեցել են, բուն աստղիկները լավ են թաքցրել, քննչական մարմինները չեն կարողանում գտնել, կներեք, ես էդտեղ ասելու բան չունեմ։ Շատ լավ, չկան էդ աստղիկները, չեն գտնում այդ աստղիկները, բայց դրանից խոսակցության նյութը հո չի փոխվում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031