«Աննա՛, ես չէի մտածում, որ այդքան դաժան ես: Մենք միացել ենք կոնվենցիայի ու չենք կարող խոշտանգման ենթարկել Նիկոլ Փաշինյանին»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ այսպես «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանին, երբ վերջինս ասաց՝ Փաշինյանին պատժելու լավ տարբերակ կլինի, եթե նա հայտնվի անազատության մեջ ու իր առջևի պատերին փակցվեն Արարատ լեռը, ՀՀ-ն Արցախի հետ միասնական քարտեզը….:
Քոչարյանն ասաց, որ մի շարք կարևոր հարցեր կան, օրինակ՝ մենք հիշո՞ւմ ենք՝ ինչ կատարվեց մի քանի տարի առաջ. «2020 թվականի պատերազմից հետո արդյո՞ք հիշում ենք՝ կորցրել ենք Արցախը, որ տվել ենք 5000-ից ավելի զոհ, 12.000 վիրավոր: Ես վստահ եմ, որ 2021-ի հունիսին հաստատ հիշում էինք, որովհետև այդ ամենից հետո ընդամենը վեց-յոթ ամիս էր անցել, բայց մարդիկ հիշելով՝ գնացին ու քվեարկեցին Փաշինյանի համար ու ոգևորեցին նրան՝ Արցախը հանձնելու համար ու հաջորդ քայլերի համար:
Կարդացեք նաև
Ես մինչ այսօր դրա բացատրությունը չունեմ: Ըստ էության՝ ընտրողը հնարավորություն է տվել Փաշինյանին մեր գլխին բերել նոր ողբերգություն: Քվեարկելով ասել է՝ ապրե՛ս, մենք պատրաստ ենք զրկանքների, շարունակիր: Իշխանությունը ընտրությունների ճանապարհով մանդատ է ստանում մեկ նպատակով՝ տալիս է խոստումներ ու մանդատը այդ խոստումները կյանքի կոչելու համար է:
Այսօրվա իշխանությունն այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք, չի կապում մանդատը տված խոստումների հետ: Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումները կատարելու համար, ուրիշ բացատրություն սա չունի: Մի արտահայտություն կա, որ այստեղ գալուց հիշեցի՝ կզացած մարդը ատում է ոչ թե իրեն կզացնողին, այլ ատում է նրանց, ովքեր չեն կզացել: Դրա համար է այդ մարդն ատում պայքարող կերպարներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































