Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոստանում է պատժել Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված արշավի նախաձեռնողներին և կատարողներին։ Խոստումն այսօր հնչեցրեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ Մայր աթոռում պատարագի մասնակցելուց հետո․ «Մենք կկանգնեցնենք եկեղեցու դեմ այս արշավը, ներողություն կխնդրենք և կպատժենք նրանց, ովքեր կազմակերպել են ՀԱԵ-ի դեմ այս անմարդկային, հակապետական և հակազգային արշավը»։
«Լուսավոր Հայաստանի» թիմն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Վաղարշապատում (Էջմիածին)։
Էդմոն Մարուքյանը տարակուսեց՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հանկարծակի դադարել են կրոնասեր լինել և այլևս չեն հաճախում կիրակնօրյա պատարագների։ Ինքը սրա պատասխանն ունի՝ նրանք հասկացել են, որ եկեղեցու դեմ իրենց արշավը ձախողվել է։ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հունիսի 7-ից հետո պետությունը պետք է ներողություն խնդրի ՀԱԵ-ից, քանի որ խախտվել է եկեղեցու գործերին չմիջամտելու պետության պարտավորությունը։ Միջամտելով ՀԱԵ-ի գործերին, ըստ Էդմոն Մարուքյանի, ՔՊ-ական իշխանությունները խախտել են ոչ միայն դավանանքի ազատության իրավունքը, այլև Սահմանադրության դրույթը, քանի որ ՀԱԵ կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված։
Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանն էլ, պատմական ակնարկ կատարելով, նկատեց, որ ՀԱԵ-ն այն հիմքերից մեկն է, որի վրա հենվում է Արևելյան Հայաստանը, և ՀԱԵ դեմ իր սկսած տեռորով ՔՊ-ական իշխանությունը ոչնչացնում է պետությունը։ Իր բնութագրմամբ՝ ՔՊ-ն տեռոր է իրականացնում բոլշևիկների օրինակով, սակայն այն ավելի վտանգավոր է, քանի որ բոլշևիկները պարզապես ոչնչացնում էին, իսկ սրանք արժեզրկում են եկեղեցին։ Դա չի նշանակում, որ նրանք արյան չեն հասնի․ «ՔՊ-ի ծրագիրը ենթադրում է Կաթողիկոսի հեռացում և հազարամյա ինստիտուտը իշխանությունների կամակատարի վերածում»։
Կարդացեք նաև
Բանախոսն, ի դեպ, սխալ է համարում տեսակետը, որ եկեղեցին չի կարող մասնակցել քաղաքականությանը․ «ՀԱԵ-ն պետության բաժնետերերից մեկն է և շարքային կրոնական կազմակերպություն չէ․ նրան է պատկանում խոսքը երկրի պատմության և զարգացման գործում, հետևաբար այն կարող է կարծիք հայտնել երկիրն ու հասարակությանը հուզող խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































