«Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում-գալիս, եթե փախնելու հարց կա, պիտի Պուտինի՞ն դիմեմ։ Ի՞նչ ասեմ։ Սովորաբար համարում եմ, որ մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները վարակիչ չեն, բայց տվյալ դեպքում ոնց որ վիրուսային բան կա, իրար հետ շփվում են, իրար փոխանցում են»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրությանը։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում և պնդեց, որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, ձայնագրությունը արհեստական բանականությամբ ստեղծված է։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ձայնով մեկը խոսում՝ դիմելով ՌԴ նախագահին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օգնության խնդրանքով․ այն է՝ փախչել։
Կարդացեք նաև
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Փաշինյանը մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ՝ տարբեր հայտարարություններ անելով, հիբրիդային պատերազմ անելու մեջ են մեղադրում, հետո հաջորդ երկու օրը կրկին ասում են, որ ՌԴ-ի հետ ամեն ինչ լավ է։ Հետո էլի ինչ-որ «ռուբիլնիկ» է միանում, ու ևս 2-3 օր ամբողջ թիմով գոռում են Ռուսաստանի վրա։ Ոնց որ անընդհատ «բզեն»։
ԵԱՏՄ-ի հետ կապված ամեն ինչ անում է, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի։ Մեկ ասում է՝ անհամատեղելի է, հետո ասում է՝ անհամատեղելի է, բայց դուք կողքից «զապաս եք»։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը ԱՄՆ-ի հասցեին նման բան ասի՝ թե հետը շփվում են այնքան, ինչքան պետք է, հետո քեզ «քցելու ենք»։ Հիմա պետք է հասկանալ՝ ՌԴ-ն էլ հսկայական երկիր է, պետք է հասկանալ՝ ինչպես ես խոսում նրանց հետ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































