Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»

Մայիս 24,2026 22:00 Share

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ բարձր տարիքային խմբերն ավելի հակված են քվեարկելու, քան երիտասարդները։ 56 տարեկան և ավելի հարցվածների մոտ 98 տոկոսը պատրաստ է քվեարկել, մինչդեռ 18-35 տարեկանների 88 տոկոսն է պատրաստ քվեարկել։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ, Ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ Մասիս Շիրոյանը հարցին, թե ինչու են երիտասարդներն այսպես իներտ՝ պատասխանեց. «Նախ ասենք, ինչու են տարեցներն ավելի ակտիվ։ Դա հենց 25%՝ հիմնականում Փաշինյանի էլեկտորատն է, ովքեր ավելի ակտիվ են։ Մենք մեկ-մեկ կատակով ասում ենք՝ տատիկ-պապիկների անձնագրերը ընտրության օրը պահենք, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի»։ Հաղորդման մյուս հյուրը՝ սոցիոլոգ, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը կեսկատակ արձագանքեց, թե նման արտահայտությունը կարող է որակվել «հանցագործության» մտադրություն։

«Երիտասարդներն իրենց մասով վերջին տարիներին հնարավորինս շատ մասնակցություն են ունեցել ու իրենց գործն արել են, բայց ամեն անգամ այդ երիտասարդները, կարելի է ասել, քցվել են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ Տեսեք, պատերազմի ժամանակ այդ երիտասարդները կանգնել են պետության կողքին, գնացել, կռվել են։ Վերջում այդ երիտասարդներին քցել է մեր պետությունը,- ասաց Մասիս Շիրոյանը, որն ինքն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է։- Երկրորդ անգամ են նրանք քցվել, երբ ընդդիմությունն է փողոց հանել ու հետո տներով ուղարկել։ Այդ երիտասարդությունը փողոց դուրս եկավ, երկու դեպքում էլ երիտասարդությունն է շարժիչ ուժը, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, բայց այդ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ հիասթափեցրել են, ու դրա համար երիտասարդներն ավելի անմասն են, ասում են՝ դե, մեկ է, այս պահին մեզանից կախված բան չկա»։

Արմեն Խաչիկյանը չառարկեց. «Ապատիա կա, համաձայն եմ, ու ոչ միայն ես եմ համաձայն, այլ նաև հետազոտություններն են դա ցույց տալիս։ Այդուհանդերձ ինձ թվում է, որ հիասթափությունը երբեք լավ լուծում չի։ Հիասթափությունը նույնիսկ մեղք է՝ աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխան։ Ուստի ինձ թվում է, պետք է ոչ թե հիասթափվել, այլ փորձել ավելի խելամիտ լինել։ Եվ ամեն անգամ սխալվելուց հետո՝ հաջորդում սխալի շանսը, ինձ թվում է, ավելի փոքրանում է։ Ուստի ինձ թվում է, հենց երիտասարդները պիտի ավելի շատ գնան ընտրությունների ու իրենց հիասթափությունը փորձեն գոնե այս ընտրություններով վերացնել. չստացվի՝ նորից։ Չմոռանանք, որ երիտասարդը պիտի ամենահամառը լինի»։

Նաեւ հավելեց. «Հիմա ասել, որ «ոչ մեկը լավ չեն»… Մարդը պիտի հասկանա, որ քաղաքականության մեջ լավագույն տարբերակներ չեն լինում. քաղաքականության մեջ ընտրում ես երբեմն նույնիսկ վատի ու վատագույնի մեջ, երբեմն՝ միջինի և միջինից վատի միջև։ Ուստի այս համատեքստում ինձ թվում է, որ ամեն դեպքում ոչ մեկին չաջակցողը հավանաբար շատ բարձր քաղաքական ակնկալիքներ ու քաղաքական ճաշակ ունի, որը ոչ մի երկրում այդպես չի»։

Դիտարկմանը, թե կան նվազագույնը տասնյակից ավելի ուժեր, որոնք չունեն ԱԺ անցնելու ակնհայտ հնարավորություն, արդյոք իրենց օգտին քվեարկելը չի՞ նշանակում նպաստել ձայների փոշիացմանը, և, հետևաբար, մասնակցությունն ինքնին չի՞ դառնում ապարդյուն. ինչպես 2021 թվականին փոշիացվեց ընտրողների ձայների 19.5%-ը՝ սոցիոլոգն արձագանքեց. «Այդուհանդերձ, ընտրության մասնակցելը, անկախ ամեն ինչից, շատ կարևոր է՝ նույնիսկ եթե փոշիանում է։ Ցանկալի է ընտրել ավելի անցողիկ հնարավորություն ունեցողներին, որովհետև հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ 19-ից առնվազն 14-ը շանսեր գրեթե չունեն անցնելու։ Բայց այդուհանդերձ, ավելի լավ է մարդը գնա և իր քվեն տա իր գաղափարին և արձանագրվի, որ, օրինակ, այս գաղափարն առաջարկողը ունի 2% ձայն, և դա ևս լավ արձանագրում է։ Ի հակադրություն՝ եթե պիտի ընտրի թույլ, այսպես ասած, փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ հաստատ ընտրելը ավելի ճիշտ է։ Եվ երկրորդ համատեքստում արդեն բնականաբար ավելի նախընտրելի է անցողիկ պոտենցիալ ունեցող ուժերին ընտրելը»։

Մասիս Շիրոյանը հարցրեց զրուցակցին. «Իսկ եթե այդ մարդու սրտի առաջարկը չի արվում՝ ինչո՞ւ եք ստիպում, որ գնա եւ ընտրություն կատարի մի բանի շուրջ, որին ինքը չի համակրում»։ Արմեն Խաչիկյանը պատասխանեց. «Մենք չենք ստիպում, բայց առհասարակ ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն. դա քաղաքացիական պարտք է։ Մենք ակնկալում ենք, չէ՞, որ մեր անվտանգությունն ապահովվի, խցանումներ չլինեն, մեր փողոցներում ասֆալտ լինի, առողջապահությունը նորմալ լինի։ Նույն կերպ քաղաքացին էլ ունի պատասխանատվություն ու պարտականություն։ Քաղաքացու պարտականությունն է, որ ինքը պետք է առնվազն հարկերը վճարի, Հայաստանի Հանրապետության օրենքները պահի, չպահելու դեպքում տուգանվի կամ պատասխանատվության ենթարկվի։ Նույն կերպ ընտրությունն է պարտականություն»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031