«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է։
– Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Նախընտրական այս փուլում ՔՊ առաջնորդն իր նախընտրական քարոզարշավները վերածել է ատելության խոսք ու սպառնալիքներ տարածելու հարթակի։ Վարչապետի պաշտոնին երրորդ անգամ հավակնող Փաշինյանն այս անգամ այնպիսի ջղաձգումների մեջ է հայտնվել, որ նույնիսկ նախորդ շաբաթ իր ձեռքերին ազատություն տվեց՝ քաշքշելով ընդդիմադիր հայացքներ կրող մի կնոջ։ Նա սպառնում է սատկացնել, կզացնել, բոմժ դարձնել ընդդիմադիր գործիչներին, իսկ ժողովրդին սպառնում է, որ եթե ինքը չվերընտրվի, Հայաստանում խաղաղություն չի լինի։
– Սրանք պրիմիտիվ ջղաձգումներ են, որոնք նույնիսկ ծայրահեղ, արմատական ընդդիմադիր ուժերին վայել չեն։ Այն լեքսիկոնը, որ կիրառում է երկրի վարչապետը, պարզապես մեծագույն խայտառակություն է։ Քաղաքական պայքարի նշաձողն այս մարդը իջեցրել է անհավանական ցածր մակարդակի։ Նման լեքսիկոնով երբ խոսի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը, էլի մի տեղ գուցե կարողանաս հասկանալ, որ տվյալ գործիչն ունի PR-ի կարիք եւ էպատաժ է ստեղծում, որպեսզի ուշադրություն գրավի, բայց երբ նման բառապաշարով խոսում է իշխանության առաջին դեմքը, որն ութ տարի է՝ ունի բացարձակ իշխանություն, եւ դրա արդյունքում որեւէ դրական արդյունք չկա մեր երկրում, ապա հասկանալի չէ, թե ինչու է երկրի վարչապետը որոշել նման լեքսիկոնով խոսել։ Աշխարհում նման բաներ անում են միայն ծայրահեղ լիբերալիստական ուժերը։ Այս մարդն իր ողջ էությամբ պսեւդոհեղափոխական է եւ չի գիտակցում, որ արդեն ութ տարի է՝ վարչապետ է։ Չեմ ուզում ավելի տգեղ բառեր օգտագործել, բայց սա արդեն զավեշտ էլ չէ, խայտառակություն է եւ մեծագույն ամոթ։ Բայց այս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ Նիկոլ Փաշինյանը, հավասարվելով հողին, իր հետեւից տանում է նաեւ նորմալ մարդկանց։ Նա վիրավորում է ընդդիմադիր գործիչներին, եւ ընդդիմադիրները, ստիպված, ինչ-որ կերպ պատասխանում են նրան։ Մենք՝ Կովկասում ապրող ժողովուրդներս, չենք սիրում վիրավորանքը թողել անպատասխան։ Դրա համար շատերը ստիպված իջնում են այս մարդու մակարդակին եւ պատասխանում են նրան՝ իր լեզվով։ Բայց այդ երեւույթը բնորոշ չէ գրագետ քաղաքական ուժերին, տվյալ պարագայում՝ Հայաստանի այսօրվա ընդդիմությանը։ Ընդդիմադիր խոշոր երեք ուժերի ներկայացուցիչներն իրենց ապրած կյանքով, տարիքով եւ արձանագրած հաջողություններով այնպիսի անհատականություններ են, որ, հաստատապես, Նիկոլի բառապաշարով վերջին անգամ դպրոցական տարիներին են խոսել։ Այսօր այս մարդիկ եւս ստիպված են Նիկոլի հետ իր լեզվով խոսել, ինչը նսեմացնում է ողջ ընտրարշավը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































