Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հեղափոխություն եմ ուզել, որ օրենքը գերիշխի, ես հակառակ պատկերն եմ ստացել. դժգոհող քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ Փաշինյանին

Մայիս 31,2026 14:16 Share

«Օրենքի երկիր է, ինչպես անեմ, իմ հարցը ինչպես լուծեմ»,- այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իր դժգոհությունն այսպես բարձրաձայնելով` դեպի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր շտապում մի քաղաքացի: Սակայն Փաշինյանի կողմնակիցները խոչընդոտում էին նրա ճանապարհը, հորդորում դիմել վարչապետի օգնականին:

«Վարչապետը լիազորված չէ դատական նիստերի մասին խոսել»,- քաղաքացուն վստահեցնում էր վարչապետի օգնականը:

«Այսինքն  դա լուծվող հարց չէ՞, չեմ հասկանում՝ ինչ է  կատարվում: Ես հեղափոխություն եմ ուզել, իմ աշխատանքային իրավունքը խախտվել է, դատարանով վերականգնվել եմ, Վճռաբեկի որոշմամբ՝ ինձ թույլ չեն տալիս աշխատել: 5 տարի դատարանների դռներն եմ, ապօրինի հեռացրել են աշխատանքից: Սա օրենքի երկիր է»,- շարունակեց քաղաքացին:

Ավելի ուշ ՔՊ-ական Արման Եղոյանը դժգոհող տիկնոջը ուղեկցեց ընդդիմադիր լրատվամիջոցներին հարցազրույց տալու ու կշտամբեց տիկնոջը, թե ինչու է լրատվամիջոցների առաջ հանգիստ պատմում, իսկ իրենց հանգիստ չէր կարողանում պատմել:

«1990 թվականից որպես բուժքույր աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ես եղել եմ ակտիվ հեղափոխական, ընտրել եմ թավշյա հեղափոխությունը, բայց 2021 թվականին ՝ հեղափոխության օրոք բժշկական կենտրոնի տնօրեն ընտրված «բեսպրեդել» Նարեկ Մանուկյանը կամայական կադրային ջարդ իրականացրեց, հեռացրեց բազմաթիվ աշխատակիցների: Երեկ հանդիպել եմ առողջապահության նախարարի հետ, հայտնել եմ խնդրիս մասին, բայց նա անբավարար պատասխան է տվել, որը վայել չէ նախարարին: Նախարարն ինձ ասում է՝  2018 թվականին նախկիններն ուզում էին այդ հիվանդանոցը կոպեկներով վաճառել: Ես հեղափոխություն եմ ուզել, որ օրենքը գերիշխի, ես հակառակ պատկերն եմ ստացել»:

Քաղաքացին պատմեց, որ սոցիալական խնդիրներ ունի ու հեգնեց Փաշինյանի որակումը. «Փաշինյանն ասում է՝  հպարտ քաղաքացի: Ես ամենեւին հպարտ չեմ: Ավելի քան 30 տարի եղել եմ նվիրված աշխատող, իսկ այսօր բեռ եմ դարձել պետության համար: Վարչապետը  միայն մեզ հետ հանդիպում է միայն ձայների համար: 5 տարի պայքարել եմ՝ հանդիպեմ նախարարին, բայց չի հաջողվել։ Իսկ երեկ էլ  հեգնանքով ասում է՝  թե գործատուն ազատ է իր որոշումների մեջ։ Այսինքն հասկացա՝ պետական հաստատությունը, որը գործատու է նշանակել իր կողմից, կարող է  կամայական օրենքներով առաջնորդվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031