Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանից ավելի էժան առաջարկներ կան, և շուտվանից»․ Խաչատուր Սուքիասյանը՝ գազի թանկացման ակնարկների առիթով

Հունիս 01,2026 22:52 Share

«Կարծում եմ՝ փոխվարչապետը, որը գտնվում էր ԵԱՏՄ համաժողովին, շատ լավ քննարկումներ է ունեցել։ Այն քննարկումները, որոնք մամուլում չեն հայտնվել, շատ դրական են եղել»,- լրագրողների փաստմանը՝ ՌԴ-ն պարբերաբար սահմանափակումներ է մտցնում ՀՀ-ի նկատմամբ, և հարցին՝ խնդիրներն ինչպե՞ս եք կարողանալու հաղթահարել, այսպես պատասխանեց Հյուսիսային պողոտայում ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցող գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Ըստ նրա՝ խնդիրները կլուծվեն 10 օրվա ընթացքում․ «ՀՀ ղեկավարությունը նրանց ՌԴ գործընկերների հետ շփումներ կունենա, և խնդիրները շատ արագ կկարգավորվեն։ Ինձ դուր եկավ վերաբերմունքը ՌԴ բարձր ղեկավարության․ ավելի լավ ու ճիշտ պատկերացում էր ՀՀ-ի նկատմամբ»։

Նա որոշ թվային տվյալներ ներկայացրեց․ «ՀՀ-ՌԴ այս տարիների գործունեության ընթացքում մոտ 1,5 միլիարդի մաքսային ծառայությունները սպասարկելու արդյունքում գումար է կուտակվել, որից 800 միլիոնն է եղել ՀՀ-ի համար նախատեսված, մնացած 700 միլիոնը ՀՀ-ն՝ որպես կոմֆորտ երկիր, կարողացել է այնպիսի բիզնես հարթակ ստեղծել, որ և՛ ՌԴ տնտեսությունն է շահել, և՛ ՀՀ-ն՝ որպես գործընկեր, ապահովել է 700 միլիոն դոլար գումար»։

Լրագրողների փաստմանը՝ բայց այժմ տնտեսվարողները վնասներ են կրում, քանի որ նրանց ապրանքը մուտք չի գործում ՌԴ, Խաչատուր Սուքիասյանն այսպես արձագանքեց․ «Ցանկացած նոր հարթակ, նոր հնարավորություն պետք է դժվարության միջով անցնի։ Պետությունն այդ ամենը կարող է գնահատել, իր աջակցությունը կցուցաբերի և ցուցաբերում է։ Այս խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում։ Մենք նախկինում ավելի շատ պետք է մտածեինք դիվերսիֆիկացիայի մասին, եվրոպական հարթակներում ներկայացված լինեինք»։

Խաչատուր Սուքիասյանն ընդունեց, որ այս ամենը նաև քաղաքական բնույթ ունի․ «Ընտրություններից հետո՝ հունիսի 7-ից հետո, կփոխվի նաև հռետորաբանությունը։ ՌԴ-ն մեր բարեկամն ու գործընկերն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, իրար հետ մեծ առևտուր, պատմություն ունենք։ Այնպես որ, մենք ոչ մեկի հետ չենք կռվելու, բոլորի հետ աշխատելու ենք, ՀՀ տնտեսությունը զարգացնելու ենք»։

Դիտարկմանը՝ մինչև ԵՄ-ում ապրանքները վաճառելու մեխանիզմները վերջնականապես հաստատվեն՝ արդյոք ՀՀ տնտեսությունը լուրջ վնասներ չի՞ կրի, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․ «Իհարկե, կկրի վնասներ»։

Հարցին՝ իսկ եթե ռուսական էժան գազից զրկվե՞նք, գործարարն այսպես արձագանքեց․ «Այն գազը, որը վերջնական արդյունքում սպառողին է վաճառվում, դրանից ավելի էժան առաջարկներ կան, և շուտվանից կան։ Դրսից եմ լսել, մեր իշխանությունները չեն ասել։ Ադրբեջանը չէ։ Ինձ այլ երկրից ասել են, որ մենք ձեզ պատրաստ ենք գազ տալ։ Ինձ՝ որպես ընկեր են ասել։ Ես այդ հատվածի պետական պաշտոնյա չեմ, որ դրա ասելու իրավունքն ունենամ։ Ի դեպ, մեկ երկիր չէ»։

Փաստմանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Ուկրաինայի նախագահի այցն է պատճառը ՌԴ-ի՝ նման վերաբերմունքի, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց․ «Այդ համաժողովի տերը եղել է եվրոպական համայնքը։ ՀՀ-ն՝ որպես հարթակ է եղել։ ԵՄ-ն է որոշումները կայացրել՝ ում հրավիրի։ ՀՀ-ն հյուրընկալ կողմն է եղել, բերել, բարդել ՀՀ-ի վրա, սխալ է։ ՀՀ իշխանությունները ոչինչ անել չէին կարող, միջազգային նորմ է։ Կարծում եմ՝ Կրեմլում էլ են դա հասկանում։ Քանի որ նախընտրական ժամանակահատվածում ենք, ինչ-որ մի խումբ քաղաքական կառույցներ են սրել, բարդացրել։ Չեմ կարծում՝ ՀՀ և ՌԴ իշխանությունները նույն հռետորաբանությամբ են շփվում»։

Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարությունը, թե գազամուղ կկառուցվի, որոշ երկրների հետ գազով առևտուր կանենք, լրագրողները հարցրին՝ գազամուղը կառուցելու խնդիր չկա՞, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․ «Գազամուղն էլ կա, գազն էլ կա, գազը միջազգային գներ էլ ունի, տարածաշրջանային գներ էլ կան։ ՀՀ-ն այնպիսի դիրքում է, որ հարևաններ կան, որոնք պատրաստ են գազով ՀՀ-ի հետ առևտուր անել։ Պարոն Փաշինյանը ճիշտ է ասել, էդ կարգի մոտեցումներ էլ կան, հաշվարկներ էլ են լինում, եթե կառուցվի, ինչ աստիճանի ավելի միջոցները կտնտեսվեն։ Եթե Թուրքիայի ճանապարհը բացվի, մոտ 600 կմ ավելի կարճ է լինելու Եվրոպա հասնելը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930