«Ես ձեզ մաղթում եմ խաղաղություն»,- Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ավարտից հետո դուրս գալով Մարզահամերգային համալիրից՝ հայ լրագրողների հարցերին ի պատասխան կարճ մեկնաբանությամբ ասաց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Զելենսկին անպատասխան էր թողել այն հարցը, թե ինչու էր Կիևը 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային ռումբեր մատակարարում Բաքվին։
Նա նաև Մարզահամերգային համալիրից դուրս գալով ասաց, որ երախտապարտ է Հայաստանին և որ այստեղ մարդիկ շատ հյուրընկալ են։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն (EPC-European Political Community) անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ 2022-ից։ Նա առաջարկել է այսպիսի հարթակ ձևավորել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ կատարված ռազմական գործողություններից հետո։ Ըստ Էմանուել Մակրոնի՝ այս ձևաչափով հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության և նաև անվտանգային հարցերի քննարկմանը։ Գագաթնաժողովն անցկացվում է տարեկան երկու անգամ՝ մեկը՝ ԵՄ անդամ երկրում, մյուսը՝ ոչ ԵՄ անդամ երկրում։
Կարդացեք նաև
2022-2025-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներ անցկացվել են Չեխիայում, Մոլդովայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Հունգարիայում, Ալբանիայում և Դանիայում։ Արդեն պլանավորված է, որ առաջիկա գագաթնաժողովները կանցկացվեն 2026-ի աշնանը Իռլանդիայում, 2027-ի գարնանը Շվեյցարիայում, 2027-ի աշնանը Հունաստանում, 2028-ի գարնանը Ադրբեջանում և 2028-ի աշնանը Լատվիայում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































